Ռուսաստանը զարմացած է Թուրքիային Գերմանիայի անխոս աջակցությունից

Angela Merkel

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Մոսկովսկի Կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվային զարմացրել է սիրիական ողջ պատմությունում Անկարային Գերմանիայի անխոս աջակցությունը։

Լավրովն ընդգծել է, որ իրենց էլ ավելի է զարմացրել այն, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիա կատարած այցի ժամանակ Ռուսաստանն անվանել է Սիրիայում տեղի ունեցածի գլխավոր մեղավոր, որ ռուսական ավիացիայի հարվածների պատճառով մեծանում է փախստականների ալիքը։

Լավրովը հայտարարել է, որ չնայած ակնհայտ փաստերին՝ հրապարակավ որևէ խոսք չի ասվել այն մասին, որ Սիրիայում գործող ահաբեկիչները սնվում են թուրքական սահմանով իրականացվող երկկողմանի մաքսանենգությունից (նավթ և զինյալներ)։

Կրեմլում սխալ և անհեթեթ են համարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այն հայտարարությունը, որում նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է զավթիչ։

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ ռուսական օդատիեզերական ուժերը Սիրիայի տարածքում գտնվում են հանրապետության լեգիտիմ ղեկավարության հրավերով. «Հետևաբար խոսք չի կարող լինել որևէ օկուպացման մասին, թե՛ դե-յուրե, թե՛ դե-ֆակտո։ Թուրքիան ագրեսիվ դավաճանական գործողություններ է կատարել և ներողություն չի խնդրել։ Այդ պատճառով էլ հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվում»։

Փետրվարի 7-ին թուրքական Hurriyet թերթին տված հարցազրույցի ժամանակ Էրդողանը դիմել էր Պուտինին՝ ասելով. «Դուք ի՞նչ գործ ունեք Սիրիայում։ Դուք, ըստ էության, զավթիչ եք»։

Ռուսաստանի ու Թուրքիայի միջև լարվածությունը հղի է էսկալացիայով։ Այդ մասին ԱՄՆ Կոնգրեսում հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը. «Ռուսաստանի ու Թուրքիայի միջև լարվածությունը, որն աճեց այն բանից հետո, ինչ Թուրքիան 2015 թվականի նոյեմբերին խոցեց ռուսական ինքնաթիռը, հղի է սխալ հաշվարկների ու էսկալացիայի լայն շրջանակով»։

Սրանից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուս-թուրքական հարաբերությունները գտնվում են վերջին տասնամյակների համար ամենավատ իրավիճակում։

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.