Ռուսաստանը պետք է հարգի Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու շահերը

- in Կարծիք
Margvelashvili

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խորհրդարանում ունեցած տարեկան ելույթի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը ձգտում է Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալուն։

Ընդգծվում է, որ խորհրդարանում Վրաստանի նախագահի ելույթին ներկա է գտնվել նաև վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, մինչդեռ նրանից առաջ Վրաստանի կառավարությունն անտեսել է նախագահի այդ ելույթները։

Մարգվելաշվիլին հայտարարել է. «Ինչպես մյուս բոլոր երկրների պարագայում, այնպես էլ Ռուսաստանի պարագում Վրաստանը ձգտում է հավասարության վրա հենված հարաբերություններին։ Միասնական, կայուն, զարգացած ու ժողովրդավարական Վրաստանը Կովկասում կայունության ու բարեկամության հարաբերությունների երաշխիքն է»։

Մարգվելաշվին հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հարգի Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու շահերը. «Որպես պետության ղեկավար՝ ես ևս մեկ անգամ հաստատում եմ Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններին Վրաստանի ձգտմանը, որոնք հենված կլինեն փոխադարձ շահերի, տարածքային ամբողջականության ու հավասարության հարգանքի վրա»։

Վրաստանը Եվրոպայի լիարժեք անդամն է, այլ ոչ թե հյուր եվրոպական ընտանիքում։ Այդ մասին Վրաստանի խորհրդարանում տարեկան ելույթի ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին. «Մեր պատմական ընտրության հիման վրա ես 2016 թվականը հայտարարել եմ եվրոպական պետության տարի, որը հանդիսանում է նախորդ սերունդերի պայքարի շարունակությունը։ Հենց այդ նպատակն էր իր առջև դրել (նախկին վարչապետ) Զուրաբ Ժվանիան, երբ ասել էր. «Ես վրացի եմ, նշանակում է ես եվրոպացի եմ»։ Ես Վրաստանը եվրոպական ընտանիքում տեսնում եմ ոչ թե որպես հյուր, այլ որպես այդ միավորման լիիրավ անդամ»։

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ 2015 թվականը ծանր տարի է եղել ինչպես քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական պլանում։

Նա երկրում իրավիճակը բարդացնող գործոնների թվում նշել է տնտեսական աճի գլոբալ դադարեցումը, դոլարի ամրապնդումը, նավթի գնանկումը, Ուկրաինայի արևելքի հակամարտության ֆոնին տնտեսական ռեցեսիան ու Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարդացման հետևանքով ծագած տնտեսական դժվարությունները.
«Տնտեսական ծանր պայմանների պատճառով բնակչության 1/5-ն արտագաղթել է։ Բարձր են աղքատության ու անհավասարության ցուցանիշները։ Տագնապահարույց են մնում երեխաների ու մայրերի շրջանում մահացության ցուցանիշները։
Փոքր ու միջին բիզնեսի մասնաբաժինը չի գերազանցում տնտեսության 20 տոկոսը, ծանր են մնում գործազրկության ցուցանիշները»։

Մարգվելաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը նշում է իր անկախության 25-ամյակը, սակայն ազատության համար պայքարը դեռ շարունակվում է։

Մարգվելաշվիլին իր ելույթը սկսել է մեկ րոպե լռությամբ՝ որպես հարգանքի տուրք 2005 թվականի փետրվարի 3-ին մահացած Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի հանդեպ։

Spread the love