Ռուսները հիշել են քրիստոնեության մասին

Russia

Քրիստոնեությունը ժամանակակից Ռուսաստանում ունի բավական էկլեկտիկ ու գրեթե հեթանոսական նշանակություն, մոտ է սնահավատությանը, եւ չնայած կրոնը վերակենդանացնելու փորձերին, կղերականության մերկանտիլ-բյուրոկրատական բնույթը քրիստոնեությունը դատապարտել է պետական ապարատի պահուստային սեկտորի դերին:

Ռուս ուղղափառ եկեղեցին ղեկավարում է խիստ քաղաքականացված եւ պրո-էտատիկ էլիտայի տիպիկ ներկայացուցիչը, որի քաղաքականությունը ներկայիս ռեժիմի քաղաքական ոճի պատճենն է: Պետությունը փորձում է Ռուս ուղղափառ եկեղեցին օգտագործել ոչ միայն ռուս ժողովրդի, այլեւ տարբեր երկրներում այլ դավանանքների ուղղափառների վրա ազդելու ունիվերսալ ցանցի դերում:

Երկար տարիներ Ռուսաստանը ոչ միայն անտեսել, այլեւ խտրականության է ենթարկել Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքներին, էթնիկ համայնքներն անվանելով «աջ-քրիստոնյաներ», ընդ որում ոչ ոք այդպես էլ չի հասկացել, թե դա ինչ է նշանակում: Ներկայում Ռուսաստանը փորձում է տարածաշրջանի քրիստոնյա համայնքներն օգտագործել իր քաղաքականության համար:

Ես բազմիցս շփվել եմ Մերձավոր Արեւելքի տարբեր համայնքների ու կղերականության հետ եւ կարող եմ պատկերացնել, թե ինչ աստիճանի անվստահությամբ ու նույնիսկ թշնամանքով են նրանք վերաբերվում Ռուսաստանին: Ընդ որում, ուղղափառ հոգեւորականներն ավելի քննադատաբար են վերաբերվում Ռուսաստանին, քան կաթոլիկները:

Ներկայում, երբ Մերձավոր Արեւելքի քրիստոնեական դավանանքները խորագույն ճգնաժամի, ավելի ճիշտ՝ անկման մեջ են, եւ նրանց ապագան անորոշ է, Ռուսաստանը հասկացել է, որ իր եկեղեցին կարող է սպեկուլյատիվ դեր խաղալ եւ որպես այլընտրանք հայտարարել աշխարհում Ռուսաստանի դերի մասին:

Ռուս ուղղափառ եկեղեցին եկեղեցական կազմակերպություն չէ բառի ողջ իմաստով: Այն սովորական շովինիստական կորպորացիա է, որը կատարում է իշխող վերնախավի պատվերները: Պետք է լավ ճանաչել ռուս ժամանակակից հասարակությունը, հասկանալու համար, թե ինչ խնդիրների է բախվել Ռուս ուղղափառ եկեղեցին:

Ռուսաստանում հազարավոր դժգոհ հոգեւորականներ կան, որոնք կասկածի տակ են դնում եկեղեցու ղեկավարի ու նրա շրջապատի կառավարման ոճն ու իմաստը: Միլիոնավոր ռուսներ ու այլ ուղղափառներ ընդունել են զուգահեռ ուղղափառ դավանանք, նրանց մեծ մասը դարձել են «պառակտյալներ»:

Ողջ աշխարհի աչքի առաջ Ռուս ուղղափառ եկեղեցին ագրեսիվ քաղաքականություն է վարում ուկրաինացի ժողովրդի դեմ, ընդ որում՝ ոչ միայն ունիական եկեղեցու, այլեւ Կիեւի պատրիարքության դեմ, այն որակելով անօրինական ու մարգինալ:

Ուկրաինայի ազատագրական շարժումը սկսել ու շարունակվում է ոչ թե Մայդանում, այլ ունիական եկեղեցու ընդերքում, եւ 1946 թ. ՆԿՎԴ-ի կողմից սպանված կարդինալ Շեպտիցկին դարձել է ազգային հերոս:

Ռուս ուղղափառ եկեղեցին կորցրել է իր դիրքերը, քանի որ դիրքեր է կորցնում Ռուսաստանը: Ուղղափառությունը ոչ միայն ռուս ժողովրդի հոգին է, դա Ռուսաստանի ու ռուսների նույնացման ու գոյության իմաստն է, եւ եկեղեցին սպառնալիքի տակ դնելը հանցագործություն է: Եվ ահա այդպիսի եկեղեցին փորձում են օգտագործել արտաքին քաղաքականության մեջ:

Հասել են նաեւ Հռոմի պապին, բարի, ոչ մերկանտիլ մարդուն, ում փորձում են ստորագրել տալ ինչ որ կասկածելի բան, որպեսզի հաստատեն ոչ թե Ռուսական եկեղեցու, այլ Պուտինի հեղինակությունը: Պարզվում է, հանդիպելու համար պետք է հասնել աշխարհի ծայրը՝ Կուբա, որտեղ գրեթե ուղղափառներ չկան:

Ռուս պատրիարքը չի արտահայտվել Ադրբեջանին զենքի վաճառքի կապակցությամբ, ինչը դարձել է պատերազմի գործոն: Իհարկե, նա լավ հասկանում է, որ Ռուսաստանին փող է պետք, դա «Աստվածահաճո» է: Երբ պետությունը հոգեվարքի մեջ է, գործի մեջ է մտցվում կրոնը:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; www.lragir.am

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.