Ռուս-ամերիկյան համաձայնությունը կիրառելի է նաեւ Անկարայի համար

- in Հրապարակ
Erdoghan Putin

Սիրիայի տարածքում հրադադար հայտարարելու ռուս-ամերիկյան համաձայնությունը հարցականներ է ստեղծել հասկանալիորեն կիրառելիության իրատեսության շուրջ: Մանավանդ, որ հրադադարի համաձայնությունը չի ներառում ահաբեկչական կազմակերպությունները եւ ընդհանրապես վերաբերում է կառավարական եւ հակակառավարական ուժերին` պատերազմի սկզբնավորության գոյացած դասական հասկացողությամբ:

Ռուս-ամերիկյան վերահսկելիությունը երկկողմանիորեն այս տեսքով է ներկայանում շատ պարզեցված կարգով. կառավարական ուժերը ենթարկվում են ռուսական ցուցմունքին, հակակառավարականները` ամերիկյան: Իհարկե, շատ բարդ է այսօրվա խճանկարը եւ այնպես չէ, որ երկու բեւեռների միջեւ գոյացած համաձայնությունը ուղղակիորեն տեղափոխվի կիրառման դաշտ:

Սկզբնական շրջանում Արեւմուտքի կողմից ներշնչված, շահարկված եւ գործիքավորված ծայրահեղ իսլամական ահաբեկչությունը դուրս եկավ վերահսկողությունից եւ սկսեց գործել ինքնուրույն` հաճախ հատելով Արեւմուտքի կողմից ճշտված սահմանագծերը:

Ռուսական ռազմանավերը մինչ օդուժի աշխուժ ներգրավումը առավելաբար վերահսկում էին ծովափ-Դամասկոս տարածագիծը: Ռուսական ծովային ուժին առընթեր նաեւ օդուժի աշխույժ ներգրավումը առաջին օրից նախանշեց ռուս-ամերիկյան համաձայնությունը: Այլ խոսքով` ռուսական օդուժի հարվածները ապահովել էին ամերիկյան կանաչ լույսը:

Հակառակ ռուսական օդուժի հասցրած հատու հարվածներին, որոշ ժամանակ ցամաքում ուժերի հարաբերակցությունը հիմնական փոփոխություն չարձանագրեց, միջազգային մամուլը դեռեվս մի ամիս առաջ ընդգծում էր, որ «կողմերը այնքան հզոր չեն հաղթելու, եւ այնքան թույլ չեն պարտվելու» բանաձեւը: Խոսքը շեշտակիորեն վերաբերում էր ցամաքում ռազմական առումով գոյավիճակի պահպանման իրողության:

Զինվորական իրադարձությունների միտումը վերջին ամսվա ընթացքում սկսեց տեղաշարժ ապահովել: Արդեն պարզ էր, որ կառավարական ուժերը սկսել էին տիրապետել ռազմավարական հենակետերին: Զուգահեռ զարգացավ քրդական գործոնի աշխուժացումը, որի դիմաց նաեւ Անկարան, որ  մի քանի առիթով բեմադրել էր ներխուժում-նահանջ հանկարծակի գործողություններ, առաջին անգամ լինելով հրթիռակոծեց սիրիական տարածքները` քրդական հենակետերը:

Իրանական երեւույթը, չի դադարում իր ներգործուն մասնակցությունը բերելուց ռուս-կառավարական-քրդական ըստ էության համակարգվող ճակատին: Եւ եթե մտաբերենք, որ Արեւմուտքի հետ իր հարաբերությունները բնականացնող Թեհրանը  շարունակում է կիրառել իր ռազմաքաղաքական այս վարքագիծը նույն թափով, ապա կվերադառնանք զինադադաի տեսքով ռուս-ամերիկյան համաձայնության էությանը:

Այս ճակատի մաս չի կազմում Անկարան: Ոչ միայն մաս չի կազմում, այլ նաեւ անհանգիստ վիճակում ժնեւյան բանակցություններ խափանելով, Մյունխենյան զինադադար խախտելով, ահաբեկչական հասկացությունը անվերջ միայն քրդական երեւույթի վրա կենտրոնացման փորձ կատարելով, գիտակցում է, որ իր կողմից ֆինանսավորված ահաբեկչական խմբավորումների առաքելության ավարտի մասին նախադրյալներ  են առարկայանում. իր համար մղձավանջի վերածված քրդական ջոկատների դեմ միջազգային համաձայնություն չի ապահովվում անվտանգության գոտի ստեղծելու. եւ տակավին, իր կողմից ահաբեկիչ նկատվածներ նույն որակումը չեն ստանում ռազմավարական գործընկերների կողմից: Անկարա – Ռիադ ճակատը դժվար թե նկատելի համալրումներ ունենա. նույնիսկ Բաքվի ղեկավարը այս օրերին մեկնում է Թեհրան եւ խուսանավում նման առաջարկի ընթացք տալու ուղղությունից խույս տալով:

Ռուս-ամերիկյան համաձայնությունը կիրառելի է նաեւ Անկարայի համար: Արգելվում է հրթիռակոծել քրդական հենակետերը:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20