Սեդրակ Երկանյան. «Ձեռքիս վստահում էին …»

- in Մշակույթ
Sedrak Erkanyan

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆԻ ՀԵՏ. ՄԱՍ IX

– Մեր նախորդ զրույցներում կանգ առանք Ձեր կյանքի այն դրվագի վրա, երբ հրաժարվեցիք «ճերմակ ռոյալից», ասել է, թե օտար աշխարհում ապահովված ապագա կառուցելու հարմար առաջարկից, և վերադարձաք հայրենիք, ուր սպասվում էին երկրի ու ժողովրդի համար շրջադարձային փոփոխություններ: Պատմեք այդ տարիների Ձեր կյանքի մասին:

Ս. Երկանյան. – Եթե պիտի հետևեմ պատմություններիս ժամանակագրությանը, այդ «սպիտակ ռոյալից» հետո մեզ մոտ շատ չանցած սկսվեցին «շարժումի» ալեբախումները: Մինչ այդ արդեն փորձում էինք օդից, թերթերից, հեռուստատեսությունից զգալ, որսալ, ապրել գորբաչովյան «վերակառուցման» շունչը, թե ինչ պիտի բերի մեզ, կարո՞ղ է՝ իսկապես կյանքը փոխվի, լավանա, ավելի ազատ դառնա… 1987-ին, երբ գնացել էինք Ամերիկա, մեզ հետ եկող հատուկ ծառայությունների աշխատակիցները (ի դեպ, արտասահման գնալիս մինչ այդ միշտ կցում էին մի քանի աշխատակցի, որպեսզի հետևեն՝ ո՛վ ինչ է անում և այլն) այս անգամ քիչ ավելի «անկողմանկալ էին»: Առաջին օրը տեսան՝ ով ում հետ է շփվում, զգուշացրին, որ խումբ – խումբ շրջենք, անգամ եթե մեզ հյուրընկալում էին… Դա արդեն իմ պարագային չէր գործում, իմ բարեկամներն անշառ մարդիկ էին: Արդեն այնտեղ զգացինք, որ «վերակառուցման» շունչը մտել է նաև այստեղ. խիստ հետևել այլևս չկար: Ձևի համար ասում էին՝ ուշ ժամի մի՛ վերադարձեք, կամ՝ ինչու՞ եք ուշ գալիս և նման բաներ, բայց նախկին խստությունը չկար: Նախորդ համերգային շրջագայություններում կարծես իրենք էին տերն ու տիրակալը, ասես չես գնացել համերգ տալու, այլ գնացել ես՝ իրենց բացատրությունները, ցուցումները լսելու: Ամերիկա այցից հետո այս փոփոխությունն ավելի ու ավելի էր զգալի դառնում: Քաղաքական դաշտը փոխվում էր, հույսերը՝ շատանում, թե կարող է մի օր արշալույսը քո բնակարանում էլ բացվի, և դու ավելի ազատ կարողանաս շրջագայել, համերգային գործունեություն ունենալ: Կարող է գործը հասնել նրան, որ անձնական իմպրեսարիո ունենաս, ի վերջո: Եվ մի ամբողջ տարի-տարիուկես՝ մինչև բուն ղարաբաղյան շարժումն ապրում էինք այդ ալիքի վրա, ա՛յս միֆով էինք ապրում: Բնականաբար, համերգներ էլի կայանում էին, հետաքրքրությունները լայնանում էին: Հովհ. Չեքիջյանի հետ գնում էինք այստեղ-այնտեղ, մինչև սկսվեց բուն ալեկոծությունը: Այդ տարիներին հատկապես ազգային մտածելակերպը սկսել էր զարգանալ և դրսևորվել՝ իր ամենալավ իմաստով, առողջ կողմերով, և դա շատ անգամ հրապարակային էր: Ու ինչու՞ չէ, նաև երբեմն այս կամ այն հրապարակումը կամ համերգային փոքրիկ դրվագը՝ ազգայինի հետ կապված, գալիս ու տակնուվրա էր անում հոգիդ, արդեն նոր մարդ դարձնում քեզ… Այդ տարիներին իմ մեջ վերականգնվեց այն ձգտումը, որ ուսանող ժամանակ չէի հասցրել իրականացնել՝ մի շարք հանգամանքներով պայմանավորված: Դա է՝ առնչությունը դիրիժորական արվեստին: Ուսանող ժամանակ մտածում էի, որ զուգահեռ դաշնամուրին կհետևեմ դիրիժորական դասարանին, դիրիժորությանը, այն, ինչը որ Լենինականում՝ երաժշտական դպրոցում ուսանելիս ինձ հաղորդել էին, սերմանել էին մեջս, բայց չգիտեմ՝ ու՜ր էր միգուցե պահ մտել…

Չկարողացա իրականացնել, քանի որ, Միքայել Մալունցյանի մահով պայմանավորված, կոնսերվատորիայում դիրիժորական դասարանը փակվեց. դասավանդող չկար: Ու չգիտես՝ ու՛ր էի ուղարկել իմ մեջ այդ ձգտումը, ցանկությունը: Ես ընդամենը բավարարվում էի նրանով, որ աշխատում էի Չեքիջյանի մոտ ու իբր մասնակից էի դիրիժորական գործընթացին: Ճիշտ է, ամեն օրը, ամեն փորձը տարբեր երաժիշտների, նվագախմբերի հետ ինձ համար հենց դիրիժորության դասեր էին, որովհետև ես նստած լսում էի: Հետո երբ դուրս էինք գալիս համերգների, հո միայն համերգներով կամ փորձերով չէ՞ի սահմանափակվում: Ազատ երեկոներին հատկապես Մոսկվայում և Լենինգրադում, եթե առիթ էր լինում, միշտ գնում էի համերգների, լսում այլ դիրիժորների, այցելում թատրոններ, իսկ ցերեկները՝ պատկերասրահներում էի, Էրմիտաժում, այլուր… Այդ փորձերն ինձ համար մի տեսակ սփոփանք էին, գոնե վիրտուալ դասեր էին: Ես քիչ-քիչ սերտում էի, թե որտե՛ղ, ինչպե՛ս, այս գործիքին երբ մուտք տալ, ձեռքս ինչքա՛ն բարձրացնել, ինչքան պիտի շնչի երգիչը, որ օդը ժամանակին արտաբերի, ձայն դուրս գա… Այսքանով բավարարվում էի, ու չգիտեի՝ դրա հերթը ե՛րբ է գալու:

– Բայց ամենը հարկավոր էր տեսական հենքի վրա դնել:

Ս. Երկանյան. – Դա այլևս ինձ ասող չկար, դասատու չկար, ումի՞ց պիտի սովորեի: Անհեռանկար ինքնաբավարարվածություն էր: Մինչև երբ այս ազգային հողի վրա սկսեցին ձևավորվել խմբեր, համույթներ… Ու մեջս արթնացավ հին ձգտում: Ես էլ ընդունվեցի երկրորդ անգամ կոնսերվատորիայի դիրիժորական բաժին՝ Չեքիջյանի դասարան: Իմ մեջ վերջնականապես հաղթեց այն ցանկությունը, թե վե՛րջ, պետք է ունենամ իմ կոլեկտիվը: Խմբավարական դասարանում դու կանգնում ես պատի առջև, դաշնակահարը նվագում է, պատի առաջ երևակայում ես, թե խումբ է կանգնած քո առջև, ու սկսում ես չափ տալ: Եվ այդպես անցնում է դիրիժորական դասը: Դա է ձևը, դիրիժորական դասարանում ուսուցման ողջ մեխանիզմն այդպիսին է: Հո չե՞ն կարող ուսանողի համար մի ամբողջ կոլեկտիվ դնել առջևը, որ չափ տա: Բայց ես տեսա, որ այս ամենը վաղուց անցել եմ: Այնքան էր հասունացել մեջս, մանավանդ որ Չեքիջյանի մոտ տասը տարուց ավելի աշխատել էի, որ ինձ համար արդեն նորություն չէր: Ինձ պետք էր կոլեկտիվ, որ չափ տալիս , օրինակ, ոչ միայն սոպրանոյին ցույց տամ, այլև իմանամ, թե սոպրանոն ի՛նչ երանգով պիտի երգի, ինչքան պիտի crescendo անի: Եվ ի՞նչ արեցի ես: Արեցի այն ժամանակ ինձ համար շատ կարևոր բան: Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (ՄՄԳՀԻ-ն, հանրության ընկալմամբ, նույն Մերգելյանի անվան ինստիտուտն է) տեղի ուժերով, իրենց աջակցությամբ, ներքին աշխատանքներ անցկացնելով՝ իմ գաղափարին կյանք տրվեց: Տեղում հենց ստեղծվեց երգչախումբ, երգիչներն ինստիտուտում աշխատող ինժեներներն ու տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ էին, որոնցից մի քանիսը, երաժշտական դպրոց հաճախելով, որոշակի գիտելիքներ ունեին: Նրանք բոլորը խենթանում էին երգելու համար: Շատերն էին ուզում միանալ մեզ: Մի 100 – 200 մարդուց ընտրեցի 30-ին: Դա արդեն 1989 – 90 թվականներն էին: Այն ժամանակ Մերգելյանի անվան ինստիտուտն ամբողջ «շարժման» բներից մեկն էր:

– Ի՞նչ երգացանկով էիք հանդես գալիս: Չէ՞ որ սիրողական ուժերով կազմված երգչախումբ էր, հե՞շտ էր նրանց հետ աշխատելը:

Ս. Երկանյան. – Պետք էր սկսել «ա» ու «բ»-ից, պարզագույնից՝ ակորդներ էին լսում, իրար էին լսում, մինչև մանր – մունր երգերից սկսեցինք իրար հասկանալ, ուրախանում էին, հիանում էին … Ի՞նչն էր ոգևորում. օրեցօր մարդիկ ավելի էին կապվում, տարվում … Աշխատում էին փակ, խիստ ռեժիմի հիմնարկում: Սպասում էին, թե երբ պիտի ժամը հինգն անց տասնհինգ լինի, որ պոկվեն, գան փորձի: Փորձի ավարտին էլ չէին ցրվում, սիրում էին, տարված էին երգով:

Կատարում էինք Կոմիտաս, Եկմալյան, պարզ խմբերգերից ենք սկսել, դրանց կողքին հանդգնել ենք կատարել բարդագույն ստեղծագործություններ, օրինակ, Տիգրան Մանսուրյանից, Դավիթ Հալաջյանից: Երբ տեղում համերգներ էինք տալիս, ամբողջ ինստիտուտն էր մեր հանդիսականը, նաև ելույթ ենք ունեցել Հայաստանի տարբեր բնակավայրերում՝ Դիլիջանում, Սևանում, այլուր:

– Ոմանց ճակատագրի վրա դա ազդեցություն ունեցա՞վ:

Ս. Երկանյան. – Ոմանք շարունակեցին. հիմա նրանցից մի քանիսը շարունակում են տարբեր խմբերում իրենց դրսևորել, երգի կարոտ ունեն, չեն կարող առանց դրա: Մենք անգամ ռադիոյում ձայնագրություն ենք արել և «ոսկե ֆոնդում» ձայնագրություն ունենք՝ պատկերացնու՞մ եք:

– Դա արդեն երգեցողության բարձր որակի մասին է վկայում: Ռադիոյում աշխատելու տարիներին բազմիցս եմ առիթ ունեցել տարբեր ռադիոհաղորդումների համար ժամանակավոր ձայնագրություններ կատարելու հայտեր ներկայացնել: Հազվագյուտ գործեր էին տեղ գտնում «ոսկե ֆոնդում»:

Ս. Երկանյան. – Երգչախումբը դարձավ իմ ամենակարևոր զբաղմունքը: Էլի նվագում էի, բայց ինձ համար սա արդեն նոր ապրումների աղբյուր էր:

– Այսինքն՝ բնավորության մեջ կա շարունակ նորը ձեռնարկելու …

Ս. Երկանյան. – Այստեղ գոնե ես փորձում էի տեսնել դիրիժորական՝ նախկինում չկայացած երազի իրագործման հնարավորությունը: Այս չափով գոնե կարողանում էի երազս իրագործել, ինքս ինձ դրսևորել: Ու սկսեցի քննությունները երգչախմբով հանձնել. համերգ էի տալիս, հանձնաժողովը համերգների արդյունքով էր ինձ գնահատում: Պետական քննությունն էլ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացրած համերգով եմ հանձնել, երբ էքստեռն կարգով ավարտեցի կոնսերվատորիան: Այդ համերգային ծրագիրն ահռելի էր՝ երկու մեծ բաժնով: Երգում էին Բարսեղ Կանաչյանի «Նանորը» (15 րոպե տևողությամբ մեծ կտավի գործ է), Հարություն Դելլալյանի «Ռեքվիեմը», Դավիթ Հալաջյանի ստեղծագործություններից, Բրամս, Մոցարտ ու էլի անուններ: Բայց քանի որ կյանքը գնալով դժվարանում էր, լույս ու էներգիա չկար, շատ բան չկար, այդ երգչախումբն այլևս դադարեց գործելուց: Բայց մինչ այդ ի՜նչ հրաշալի օրեր ենք ունեցել… Խմբում անդամներ ունեինք, որ Աբովյան քաղաքից էին գալիս. այդ ցրտին, մթանը չէին զլանում,ներկայանում էին, որ երգեն: Ինստիտուտի աշխատակիցներից բացի արդեն այլոք՝ ճարտարապետներ, լրագրողներ էլ էին ընդգրկվել երգչախմբում: Լսել էին, ճանաչում էին, վստահում էին իմ ձեռքին: Տուն-տեղ ունեին, հոգսեր, ցրտերին ցախ պիտի հայթայթեին տան համար, այլ անհրաժեշտ բաներ, բայց մարդիկ գալիս էին փորձերի: Եվ խելագարի պես չէին գնում փորձից հետո:

Այդ տարիների իմ ապրելը՝ որպես երաժիշտ, անբաղդատելի է: Ես այստեղ՝ «Տաղարանում» էլ եմ, չէ՞, աշխատում, ուրիշ տեղերում էլ եմ երգչախմբերի հետ համագործակցել, բայց այդ տարիների նվիրումը, նրա՛նց նվիրումն այնքա՜ն էր ինձ պարտավորեցնում…

ԱՊԱՀԱՐԶԱՆ ԿԱՊԵԼԼԱՅԻՆ

– Պետական ակադեմիական երգչախմբում անցկացրած Ձեր տարիներն, անշուշտ, հիշատակելի շատ դրվագներ են պարունակում: Եվ Հովհ. Չեքիջյանը, ենթադրում եմ, կարող էր դիրիժորական արվեստի իր փորձը հաղորդել նրանց, ովքեր Ձեզ նման «այրվում էին»՝ այդ արվեստի մեջ խորանալու համար:

Ս. Երկանյան. – Չեքիջյանի հետ կապված այնքա՜ն լավ ու վատ բաներ կան: Իրեն ճանաչել եմ իր լավագույն և վատագույն կողմերով: Իմ 22 երիտասարդական տարիները ծառայեցրել եմ իրեն: Չեմ ափսոսում, որովհետև ահագին բան եմ տեսել, օգտվել եմ, սովորել եմ, ի վերջո, այդ աշխատանքի շնորհիվ, աշխարհ եմ ման եկել:

– Այդ ընթացքում նա կարող էր իր վարպետությունը հաղորդել նաև ուրիշներին: Արդյոք կա՞ն ուժեր, որ կարող կլինեն փոխարինել իրեն իր տեղում: Իր դպրոցը շարունակողներ կա՞ն:

Ս. Երկանյան. – Ինքն այն մարդկանցից է, որ մտածում է՝ ինձնից հետո՝ ջրհեղեղ: Այո՛, ինքը կարող էր ունենալ արժանի հետնորդներ, մանավանդ կոնսերվատորիայում միշտ էլ եղել են շնորհալի, տաղանդավոր խմբավարներ: Ինքը դասավանդել է, բայց չկա մեկը, որի մասին ասի՝ սա իմ ուսանողն է: Ինքը չի պատկերացնում իրենից դուրս ինչ-որ խմբավարի, խմբավարական արվեստ. չի կարողանում տանել այդ ամենը: Այդ պատճառով բավարարվում է միջակություններով՝ «սևագործ», ոչ մի բանով աչքի չընկնող խմբավարներով, որոնց արածն այդ սևագործությունից այն կողմ չի անցնում: Ոչ ոք այնտեղ սեփական համերգային ծրագրով հանդես չի գալիս: Մինչ իմ՝ այդ երգչախմբում աշխատանքի անցնելը Մեյխանաջյանն է ծրագիր պատրաստել, համերգներ տվել: Հետո Արթուր Վերանյանին էր վստահում իր կարևոր փորձերը, բայց հազարից մեկ էր թույլ տալիս, որ Վերանյանը համերգներին չափ տա:

Թեև 1994-ից «Տաղարանի» գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը լինելով՝ շարունակում էի համագործակցել ակադեմիական երգչախմբի հետ: Հետո 2000-ից սկսեցին ներսում շուրջս դավեր հյուսել: Խմբավարները համբերությունս կոկորդիս հասցրին իրենց փորձ անցկացնելու գործելակերպով, վարվեցողությամբ՝ մարդկանց վիրավորելով, ստորացնելով… 2000-ին նախորդող վերջին երկու տարին հազիվ եմ դիմացել այնտեղ:

– Տարօրինակ բաներ եմ իմանում: Մեր ժամանակներում՝ արվեստագետի, երգչի հանդեպ՝ կոպիտ վերաբերմու՞նք: Այն էլ՝ այս ծանր ժամանակներում, երբ մեզանում չնչին վճարով բարձր արվեստ են ներկայացնում:

Ս. Երկանյան. – Դա ձևավորվել էր տարիների ընթացքում, հատկապես 90-ականներից սկսած, երբ շատ փոփոխություններ եղան կյանքում: Չեքիջյանի վարկը կտրուկ ընկավ Հանրապետության իշխանության առջև, քանի որ 88-ի շարժումների ժամանակ Գերագույն Խորհրդի արտահերթ նիստին մասնակցելու՝ ՀՀՇ-ի տղերքի ջանքերին՝ խնդրանքին ու սպառնալիքին չէր արձագանքել, իսկ ինքը հանրապետության օրենսդիր մարմնի անդամ էր այն ժամանակ: Այդպիսի ժամանակներ ենք ապրել. դա 88-ի գարնանն էր: Դեպուտատ լինելով՝ հրաժարվել էր, չէր ենթարկվել: Երբ այդ տղերքը եկան իշխանության, իրեն արդեն ուշադրություն չէին դարձնում: Այդ ժամանակվանից նրա ձեռքերը, այսպես ասած, «կոտրվեցին». սուտի – մուտի 1-2 համերգ՝ հանրապետությունում, երկրից դուրս էլ համերգներ չկային, տալիս էր խմբավարներին փորձերն անցկացնելու, ժամավաճառություն էր: Ու այսպես սկսվեց ներքին բարոյազրկումը: Ութ ամիս կարող էր խմբավարը տանջվել և արդյունք չստանալ: Քայքայում էր ընթանում…

Հիմա Չեքիջյանը բարձունքում է, հին կուռքերից մեկն է: Կան բաներ, որ պետք է իրենից սովորել, և դրանք հատկապես ոչ թե երաժշտական խնդիրներ են, այլ զուտ ղեկավարելու, խմբավարական ինչ-ինչ ներքին ունակությունների հետ կապված հարցեր: Դու նայում ես իրեն, ինքն իր հայացքով կարողանում է իր ուզածին հասնել: Կարող է՝ ձեռքն այլ բան է ասում, բայց իր ներքին՝ դիվային թե աստվածային ունակությամբ իր ուզածին հասնում է: Դա իր մեծ առավելությունն է, և ինքը դա գիտակցում է: Իր բնատուր շնորհն է: Ա՛յ, այստեղ կարելի էր իրենից լավ սերտել, թե ոնց է պետք գործել: Չէ՛, ինքը ոչ մի բան չի սովորեցնում:

– Եվ մի օր ձեր ճանապարհները բաժանվեցին… Ի՞նչը ստիպեց Ձեզ թողնելու ակադեմիական երգչախմբում աշխատանքը, ո՞նց եղավ ձեր բաժանումը:

Ս. Երկանյան. – Պատճառը խմբավարներն էին: Ես արդեն զզվել էի նրանց վարած փորձերին ներկա լինելուց: Իմ հետևից էժանագին բաներ էին տարածում, իբր փորձի ժամանակ ծամոն եմ ծամում և այլն: Չեքիջյանը կանչեց, թե՝ այս ինչե՜ր եմ լսում: «Մաեստրո՛,-ասացի,- ձանձրալի են այդ փորձերը, անօգուտ ժամավաճառություն է»: Ասացի՝ խունկ էր բերանումս և, երկրորդ, խնդրում եմ, ինձ ազատեք փորձերից: Ո՞նց թե՝ ասում է, դա աշխատանք է: Ասացի՝ ես էլի աշխատանքի կգամ, ասեք՝ ուրիշ բան անեմ: Ասացի, որ հաջորդ օրվանից չեմ գալու գործի, թող ինքը որոշի իր անելիքը: 2000 թվականի մայիսն էր: Աշխատանքից չէր հանել, քարտուղարի միջոցով հարցում էր արել, թե ինչու՛ գործի չեմ գալիս: Դարձյալ հաստատեցի, որ փորձերին չեմ գա: Սեպտեմբերին ինքն անձամբ զանգահարեց, թե՝ արի՛, տեսնենք՝ ի՛նչ ունես ասելու: Մինչ այդ էլ ասելիքս շարադրել էի գեղարվեստական խորհրդի առաջ, բայց ոչ ոքի պետքը չէր: Ասացի՝ ես ցավում եմ, ես չեմ կարող այսպես փորձ անցկացնել: Հիմնավորումներով հանդերձ շարադրեցի ասելիքս, խմբավարն էլ նստած էր այնտեղ:

Չեքիջյանը հարցնում է. «Հիմա, ի՞նչ ես ասում, կաշխատե՞ս»: Ասացի. «Մաեստրո՛, ես մի պայմանով կաշխատեմ. այն դեպքում, եթե համաձայնեք, որ միայն Ձեր փորձերին ներկա լինեմ: Ասեք, որ մյուս պիանիստն էլ աշխատի: Եվ մի պայման էլ ունեմ. ձեզնից ո՛չ դահլիճի, ո՛չ էլ նոտաներ վարձակալելու կամ հայթայթելու վարձ եմ ուզում, Դուք ընդամենը մի ամիս ժամանակ տվեք, ես այս ծրագիրը պատրաստեմ և կապելլայի հետ ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճում համերգ տամ»: Ուզում էի ցույց տալ, որ կարող եմ կապելլայի հետ աշխատել:

– Չհամաձայնե՞ց:

Ս. Երկանյան. – Իհա՛րկե, չարեց: Եվ ես հրաժարվեցի այլևս այնտեղ աշխատել:

«ԻՄ ՀԱՅՐԵՆԻ ԵՐԿՐԻ ՊԱՏՎԻ ՀԱՐՑՆ ԷՐ …»

– Լսել եմ՝ համերգներ եք «փրկել»: Պատմեք այդ դրվագները:

Ս. Երկանյան. – 1979 թվականն էր: Իմ առաջին համերգային շրջագայությունն էր արտասահմանում կապելլայի հետ: Չեխոսլովակիայի Օստրավա քաղաքում էր: Բեմում կապելլան է, ես եմ, երգչուհի Էլլադա Չախոյանը և դիրիժորը: Որպես սիմֆոնիկ նվագախմբին փոխարինող՝ դաշնամուրի վրա կատարում եմ Շուբերտի «Կանտատան»: Սովորաբար, կոնցերտմայստերը նոտաներով է նվագում: Մի քանի ակորդից՝ նախաբանից հետո լույսերը մարեցին դահլիճում: Համերգն ընթանում էր, բայց ես կարող էի ընդհատել, չէի տեսնում նոտաները: Սակայն շարունակեցի նվագել: Երգչախումբն անգիր գիտեր, Էլլադան էլ: Ամբողջ «Կանտատան» մթան մեջ ես նվագել եմ, որովհետև վայրկենաբար, հենց լույսը մարեց, իմ մտքով անցավ, որ եթե ես հիմա ընդհատեմ նվագը, ինձ ոչ ոք չի կարող մեղադրել: Բայց ինչու՞ մարեցին լույսերը: Սա միգուցե քաղաքական դիվերսիա՞ էր, քանի որ չեխերը չէին սիրում Սովետ Միությունը, տանել չէին կարող: Եթե ես ընդհատեի, նախևառաջ տեղի ողջ մամուլը պիտի հեղեղվի, հետո՝ Աստվա՜ծ գիտե, միջպետական ինչ արձագանքներ կունենա, թե Սովետից եկած կոլեկտիվն ընդհատեց համերգը, ի՜նչ անենք, որ լույսը մարել էր: Նվագում էի ու սա էի մտածում: Բայց այստեղ, ամենակարևորը, իմ հայրենի երկրի պատվի հարցն էր, կապելլայի անունն էր շոշափվելու, ո՞նց կարելի է: Համերգն ընթացավ, բիս էլ եղավ… Եթե դու քո առջև խնդիր ես դնում անգիր անելու, դա այլ բան է: Բայց այդպիսի խնդիր չկա առհասարակ համաշխարհային պատմության մեջ, որ կոնցերտմայստերն անգիր նվագի (նոտաները դնում, նվագում են): Մթան մեջ ես շարունակում էի նվագել: Չեքիջյանին ոչ ոք չէր տեսնում, պարզապես մի գրիչ ուներ, որի ծայրը փայլ էր արձակում: Գրպանից հանել ու չափ էր տալիս մթության մեջ, լուսատտիկի պես մի բան գնում – գալիս էր: Համերգն ավարտվեց, ծափե՜ր, ինքը ոգևորվել էր, biss է ուզում, Գունոյի վալսն էլ նվագեցի (դա արդեն անգիր գիտեի), համերգն ավարտվեց, ծափերի հետ լույսերը տվեցին: Զգում եմ՝ ձեռքերս ահավոր նյարդայնությունից ջղաձգվել են: Անցնում է մի քանի օր, բավական ուշ պարոնը խոստովանում է՝ գիտե՞ս ինչ էին ասում (իսկ համերգին ներկա էին եղել տեղի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պաշտոնյաներ). ասում էին՝ մթանը նվագել՝ հասկացանք, բայց մի հատ սխալ նոտա չխփի՞, ամբողջ համերգի ժամանակ մի հատ սխալ նոտա չլինի՞: Չէ՞ որ ոչինչ չէր երևում: Ահա թե ինչ համերգ եմ փրկել:

Տարիներ հետո նա այդ համերգի ողջ հաջողությունն իր «լուսատտիկով» էր բացատրում, թե իբր դա հանելով ու չափ տալով համերգ եղավ: Որտեղ ես էի, հիշում էր Սեդրակին, որտեղ ես չեմ եղել, համերգի հաջողությունը վերագրել է սեփական անձին:

– Դա նման միա՞կ դեպքն էր: Խոսքս լույսերը մարելու մասին է:

Ս. Երկանյան. – Մթան մեջ էլի համերգ եղել է Բեյրութում: Էլի փրկեցի, ճիշտ է՝ այնքան էլ երկար չտևեց մթությունը: Հայերը ոտքի ելան, 5-10 րոպեի ընթացքում արագ կարգավորեցին:

Լեհաստանում ևս համերգ եմ փրկել: Խելագար ջերմում էի, պառկած էի, հնարավոր չէր ոտքի ելնել, իսկ ինքն ուներ երկրորդ դաշնակահար, ինչու՞ էր, ի վերջո, աշխատավարձ ստանում: Փորձել էր, չէր ստացվել, հյուրանոց ուղարկեց վարորդի, որ բռնեն, ինձ «բերման ենթարկեն»՝ բերեն համերգի: Բարձր ջերմությամբ գնացել, համերգը փրկել եմ:

«ԱԶԱՏ ՆԱՎԱՐԿՈՒՄ ԷԻ…»

– Պատահել է, որ փորձել են շրջանցել Ձեզ: Ու ո՞նց է դա ավարտվել:

Ս. Երկանյան. – Ամերիկա համերգներով գնալուց առաջ այնտեղից եկել էր մի դաշնակահար և այդ տարիների՝ ՀԲՄԸ-ի երաժշտական գծով պատասխանատու Շահան Արծրունին, որ պիտի PR աներ: Եկավ, լսեց, թե ոնց եմ նվագում՝ սպիրիչուելները (spirituels), ջազային գործեր՝ տարբեր ոճի, ազատ նավարկում էի: Ժպտերես էր, բայց հետո զգում էի՝ ինչ-որ բան այն չէ Չեքիջյանի և իմ միջև մինչև Ամերիկա գնալը: Անընդհատ խուսափողաբար էր վերաբերվում ինձ: Չէի հասկանում Չեքիջյանի դիրքորոշումը: Կարծես թե՝ փորձերն անում ենք, վստահում է ինձ, արդեն 10 տարվա փորձառություն կա և այլն, կարևոր համերգները միշտ ես եմ նվագում: Հասել ենք Լոս Անջելես, առաջին համերգն է, մեկ էլ ասում է, որ մի աղջիկ պիտի համերգը նվագի, որ կյանքում բեմ չի բարձրացել: Գնացի, հսկայական դահլիճի վերջում նստել, քնել եմ: Մեկ են փորձում՝ չի ստացվում, երկրորդ անգամ են փորձում՝ չի ստացվում, երրորդ անգամ են փորձում՝ չի ստացվում: Բախ են փորձում, Հենդելի «Ալլելուիան» են փորձում, չի ստացվում: Չեքիջյանն իրենից դուրս եկավ ու թե՝ գնացե՛ք, Սեդրակին բերեք: Մինչ այդ վերում հիշատակված հրավիրող կողմն իրեն համոզել էր, թե այնքան էլ լավ պիանիստ չէ. իրեն պետք չէր, որ հանկարծ Ամերիկայում երևամ՝ որպես պիանիստ, քանի որ կարող էի այնպիսի անուն հանել, որ այնտեղ մթագներ իր կյանքն էլ, կարիերան էլ: Այս էլ՝ ևս մի նվեր:

Վերջ IX արարի

Զրուցեց` Հասմիկ Սարգսյանը

Շարունակությունը՝ հաջորդիվ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20