Վահան Բաբայանը հիմա էլ ԲՀԿ-ի՞ց դուրս կգա

Բարգավաճ Հայաստանն առաջիկայում կներկայացնի կուսակցության նոր մամուլի խոսնակին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նա, սակայն, հրաժարվեց նշել, թե որն է Վահան Բաբայանի հրաժարականի պատճառը: «Դա մեր ներկուսակցական խնդիրներն են, որոնք ես չեմ ցանկանում մամուլի քննարկման առարկա դարձնել: Առաջիկայում մենք կքննարկենք և կներկայացնենք կուսակցության նոր խոսնակին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զոհրաբյանը:

Նա վստահեցրեց, որ Վահան Բաբայանի հետ այլ տարաձայնություններ չկան, պարզապես նա հրաժարվել է կուսակցության մամուլի խոսնակի պարտականություններից: «Որևէ խնդիր չեմ տեսնում այստեղ: Վահան Բաբայանը մեր գործընկերն է, մենք նրա հետ այլ տարաձայնություններ չունենք»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է Վահան Բաբայանը լքի ԲՀԿ-ն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա մի քանի անգամ կուսակցություն է փոխել, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես այդպիսի տրամադրություն չեմ տեսել: Ճիշտ կլինի՝ այդ հարցն ուղղեք Վահան Բաբայանին, սակայն կարող եմ ասել, որ ԲՀԿ-ում նման հարց չի քննարկվել: Խոսքն ընդամենը վերաբերում է որոշակի խնդիրներին՝ կապված կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունների հետ»:

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ անձնական պատճառներով հրաժարվում է ԲՀԿ խոսնակի պարտականություններից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20