Քրդերի դեմ Թուրքիայի գործողությունը առաջացնում է մարդասիրական աղետ

- in Միջազգային
Turkia

Թուրքիայի հարավ-արևելքում իշխանությունների կողմից իրականացվող ոստիկանական գործողությունը տարածաշրջանում առաջացնում է մարդասիրական աղետ՝ հայտարարել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային տնօրենի տեղակալ Դենիս Կրիվոշեևը։ 

Թուրքական իշխանությունները դեկտեմբերին մի շարք քրդաբնակ շրջաններում պարետային ժամ հայտարարեցին։ Սուրում շարունակվում են ուժայինների և PKK-ի զինյալների միջև փողոցային բախումները։ Թուրքիայի Գլխավոր շտաբի տվյալներով՝ դեկտեմբերի կեսերից հակաահաբեկչական գործողության շրջաններում ոչնչացվել է մոտ 1000 քուրդ գրոհային։ Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հաստատում են, որ գործողության ընթացքում զոհվել են մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ։

«Մենք անհանգստությամբ հայտնում ենք այն մասին, որ Թուրքիայի հարավ-արևելքում ոստիկանական գործողությունը ըստ էության ռազմական է, անցկացվում է շուրջօրյա պարետային ժամի պայմաններում, երբ շաբաթներով մարդիկ չեն կարողանում դուրս գալ տանից՝ այդպիսով զրկվելով բժշկական ծառայությունների, սննդի հասանելիությունից. դա մարդասիրական աղետ է առաջացնում»,- հայտարարել է նա։

Ինչպես նշվում է զեկույցում՝ Թուրքիայում նաև հաճախակիացել են ձերբակալվածների հետ դաժան վերաբերմունքի և այլ անմարդկային և արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի ձևերի մասին հաղորդագրությունները PKK-ի դեմ ոստիկանական և զինվորական գործողությունների ընթացքում։

Ընդ որում, մարդու իրավունքների ոլորտում թուրքական իշխանությունների ներկայացուցիչների կողմից իրականացվող խախտումները մնացել են անպատիժ։ Նշվում է նաև, որ թուրքական ոստիկանությունը հալածել է և ծեծել լրագրողներին, ովքեր լուսաբանել են երկրի հարավ-արևելքում իրադարձությունները։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20