«Ծերունին» անտանելի է դառնում` իշխանությունները հեղինակազրկված են

- in Վերլուծական
HYD Serzh

ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում արդեն իսկ պարծենում էր, թե իշխանությունների հետ «իսկապես համագործակցություն» է ստացվում, վկան` ՀՀԿ-ի հետ վարվող բանակցությունները:

ՄԻՏՔ.am-ի հարցին, թե ՀՅԴ-ն առաջին անգամ չէ ՀՀԿ-ի հետ կոալիցիայում, սակայն «ապահարզանից» հետո պատճառաբանում է, թե մի քանի պորտֆելների է տիրապետել, որոնք բավարար չէին համակարգային փոփոխության, կոռուպցիայի կանխման համար, ինչին ի պատասխան Արմեն Ռուստամյանն արդարացավ, թե նախորդ անգամները խորհրդային կառավարման համակարգ չի եղել, հիմա իրենց նախընտրած ուղղությունն է, որի պայմաններում կստացվի. «Կոալիցիայի մասին չէ խոսք գնում, կա համագործակցություն, որը կարող է տարբեր ձևերով արտահայտվել: Համագործակցության պայմանները և դրա անհրաժեշտությունն ինքնին առաջացել էր այն բանից հետո, երբ որ մենք ունեցանք հանրաքվեի դրական արդյունքներ»:

Ըստ Արմեն Ռուստամյանի էլ` ՀՀ իշխանություններն այսօր հեղինակազրկված են: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են հեղինակազրկված իշխանությունների հետ համագործակցության գնում, նա պատասխանեց, որ ժողովուրդը գնալու է ձայն տա այդ հեղինակազրկված իշխանություններին. «Եթե մենք չփոխենք այս համակարգը, նույնն է լինելու: Մենք ուզում ենք համակարգը փոխել»:

Հեղինակազրկված իշխանության հե՞տ են ուզում փոխել, նա պատասխանեց. «Այո, ուրիշ ճանապարհ չկա, ինչ կապ ունի դա: Եթե այդտեղ կարող ես գործ անել, ուրիշ դաշտ չի մնացել Հայաստանում՝ իրական գործ անելու: Մենք մտնում ենք, որ իշխանության որակը փոխվի»:

Դիտարկմանը, որ ավելի լավ չէ՞ր միանալ ընդդիմությանը, գնալ իշխանափոխության, նա պատասխանեց. «Ընդդիմությանը միացանք, քառյակին միացանք, քառյակը մեր ասածները չարեց, տրոհվեց: Քառյակը թող մնար մեր գծի վրա, հիմա շատ ավելի հուժկու ձայներով մենք մեր բոլոր խնդիրները կլուծեինք: Եթե իշխանությունները հեղինակազրկված են, դա բոլորիս պրոբլեմն է»:

Ըստ Արմեն Ռուստամյանի, իրենք համարում են՝ ճիշտ չի լինի, եթե այդ գործընթացներից մի կողմ քաշվեն ու մասնակից չլինեն: Երբեք իրենք ինքնանպատակ կոալիցիա չեն մտել ու դուրս չեն եկել, իսկապես փոփոխությունների անհրաժեշտություն են տեսնում:

Լրագրողների դիտարկմանը, որ ՀՅԴ-ն մի քանի պորտֆելներ է պահանջում իշխանություններից, նա պատասխանեց. «Պորտֆելների մասին խոսակցությունը վաղ է, որովհետև դրա հարցում համաձայնություն գոյություն չունի»: Նա ասաց, որ համաձայնությունն այս հարցում երկկողմանի պետք է լինի, երբ կլինի համաձայնություն, կհրապարակեն:

Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ. ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հակադարձում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին, հայտարարելով, որ Իշխանությունները համաձայն չեն ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքին, թե իշխող ուժը վարկաբեկված է:

«Վարկանիշը սոցիալ-հոգեբանական երևույթ է, տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ կարող են ունենալ: Բնականաբար, ես համաձայն չեմ, որ իշխանությունները հեղինակազրկված են: Այն կարծիքին չեմ, որ բոլորի ուշքը գնում է իշխանության համար, բայց ընդդիմության համար էլ մարդկանց ուշքը չի գնում: Հանրապետականը ամենակայացած, կայուն, ամենակուռ, ազդեցիկ քաղաքական ուժն է: Մենք կուսակցամոլ չենք, մենակ մեզ չենք տեսնում, ջայլամի նման գլուխներս չենք մտցրել ավազի մեջ, հասկանում ենք, տեսնում ենք թերությունները»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե՝ «իշխանությունները վարկաբեկված են, իրենք էլ հեղինակազրկվում են իշխող ուժի հետ համագործակցելով»,  ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա հորդորեց զգացմունքային գնահատականներ չանեն, որոնց համար հետագայում զղջան. «Ես իմ բոլոր գործընկերներին, այդ թվում սիրելի, հարգելի դաշնակցական բարեկամ Արմեն Ռուստամյանին կհորդորեմ երբեք զգացմունքային եզրույթներ չօգտագործել: Յուրաքանչյուրն ունի իր կարծիքը: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն ամենահեղինակավոր քաղաքական ուժն է: Ասելով չէ: 2017թ.-ին կտեսնենք՝ ում վարկանիշն ինչքան է»:

Ըստ խորհրդարանի փոխխոսնակի՝ կուսակցությունների արդյունավետությունը երևում է ընտրությունների ընթացքում, ուստի, իրենք նախաձեռնել են Ընտրական օրենսգրքի ֆունդամենտալ փոփոխություններ՝ զրոյի հասցնելով ընտրակեղծիքները: «2017թ.-ի պառլամենտական ընտրություններում հանրությունը որևէ կասկած չի ունենա ընտրական պրոցեսի արդարության վերաբերյալ»,- եզրափակեց նա:

Spread the love