Վրաստանի ուսումնական կենտրոնների դռները բաց են հայ զինծառայողների համար

- in Կրթություն
Nato

Երեւանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին իր հայ գործընկեր Սեյրան Օհանյանի հետ ստորագրել է պաշտպանության ոլորտում համագործակցության ծրագիրը: Խիդաշելին հայ զինվորականներին հրավիրել է Վրաստանում ուսանելու. «Վրաստանի ուսումնական կենտրոնների դռները բաց են հայ զինծառայողների համար»:

Անցյալ տարվա օգոստոսի վերջին Վրաստանում՝ Թբիլիսիից ոչ հեռու, բացվել է ՆԱՏՕ-ի ռազմաուսումնական կենտրոնը: Ռուսաստանը կտրուկ է արձագանքել դրան՝ դա գնահատելով որպես ռազմական բազայի ստեղծում տարածաշրջանում: Կենտրոնը, չնայած նման արձագանքին, բացվել է, եւ ՆԱՏՕ-ն ըստ երեւույթին ցանկանում է ներգրավել նաեւ հայ զինծառայողներին:

Razm.info կայքի տեղեկությունում չգիտես ինչու նշված է, որ Թինաթին Խիդաշելին նկատի ուներ դեռ 2007 թվականին բացված Սաչխերիի լեռնային պատրաստության դպրոցը, որտեղ հայ զինվորականները վերաորակավորում են անցնում: Թեեւ վրաց նախարարը խոսել է բոլոր ուսումնական կենտրոնների մասին:

Դատելով պաշտոնական տեղեկատվությունից՝ Սեյրան Օհանյանը հստակ պատասխան չի տվել իր վրացի գործընկերոջը եւ չի ասել, թե արդյոք հայ զինծառայողները կսովորեն ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնում: Սակայն նա հիշեցրել է, որ չնայած Հայաստանը ՀԱՊԿ կազմում է, իսկ Վրաստանը ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին, երկու երկրների նպատակները նույնն են՝ անվտանգություն ու կայունություն տարածաշրջանում:

Տարածաշրջանում անվտանգության համակարգը տրանսֆորմացնելու բոլոր հնարավորություններն ունի, եթե հաշվի առնենք, որ Վրաստանը պատրաստվում է Ֆրանսիայից ժամանակակից ՀՕՊ համակարգեր գնել: Խորհրդարանն արդեն վավերացրել է վարկային համաձայնագրերը, եւ չի բացառվում, որ վրաց նախարարը հայ գործընկերոջ հետ քննարկել է նաեւ այդ հարցը:

Փաստացի, տարածաշրջանում կարող են ՆԱՏՕ-ի ժամանակակից ՀՕՊ համակարգեր հայտնվել: Մինչդեռ, մեկ ամիս առաջ Օհանյանը Մոսկվայում համաձայնագիր է ստորագրել Հայաստանը ԱՊՀ ՀՕՊ համակարգին միացնելու մասին (չնայած ԱՊՀ անդամ է նաեւ Ադրբեջանը): Դատելով ոգեշնչված հայտարարությունների բացակայությունից՝ Հայաստանը դժկամորեն է ստորագրել այդ համաձայնագիրը: Կարելի է նկատել, որ Հայաստանը չի ցանկանում իր անվտանգությունն ապահովել միայն Ռուսաստանի հետ համագործակցությամբ եւ որոշակի քայլեր կձեռնարկի դիվերսիֆիկացիայի համար:

Օրերս Հայաստանում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով հանդիպել է երկրի նախագահի ու ոստիկանապետի, սակայն ոչ պաշտպանության նախարարի հետ: Սեյրան Օհանյանի հետ հանդիպել է ՀԱՊԿ միացյալ գլխավոր շտաբերի ղեկավարը: Դա կասկածներ է հարուցել, որ Բորդյուժան կամ «ներհայկական» նպատակներ է հետապնդել՝ հանդիպելով Վովա Գասպարյանին, կամ էլ նա Սեյրան Օհանյանի հետ լարված հարաբերություններ ունի:

Անվտանգության համակարգը դիվերսիֆիկացնելու Հայաստանի փորձերը, անկասկած, մերժում են ստանում Ռուսաստանի կողմից: Տնտեսությունում դիվերսիֆիկացիայի բացակայությունն արդեն ցույց է տվել նման մոտեցման կործանարար ամբողջ ազդեցությունը, իսկ անվտանգության ոլորտում դա մահացու կլինի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20