Երևանում տղամարդը առևանգել ու բռնաբարել է նշանածին

brnabarutyun

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է մերժված նշանածի կողմից աղջկա առևանգման ու բռնաբարության գործով վերաքննիչ բողոքների քննությունը:

Ալիկ Դ.-ի, Լեռնիկ Ա.-ի և Ղևոնդ Ա.-ի (անունները փոխված են) գործը քննվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

32-ամյա Ալիկը, 19-ամյա Լեռնիկը և 35-ամյա Ղևոնդը առաքիչներ են եղել, Ղևոնդը ամուսնացած է, խնամքին երկու անչափահաս երեխա ունի:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկն իմացել է, որ իր նշանած աղջիկը՝ Կարինեն (անունը փոխված է) մտադրություն ունի վերադարձնելու նշանադրության մատանին և դադարեցնելու իրենց հարաբերությունները:

Ալիկը վերջնական խոսելու պատրվակով 2014 թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը 18-ն անց 30-ին աղջկան հրավիրել է Ամիրյան փողոցում գտնվող «Սեգաֆրեդո» սրճարան: Այնուհետև նրանք քայլելով գնացել են Հանրապետության հրապարակ, որտեղ, իբր պատահաբար, հանդիպել են Ալիկի գործընկերներ Ղևոնդին ու Լեռնիկին:

Նախնական պայմանավորվածության համաձայն, Կարինեին տուն ուղեկցելու պատրվակով նստել են Լեռնիկի կողմից վարած, Ա. Բ.-ին պատկանող  «Մերսեդես» մեքենան և աղջկա կամքին հակառակ, նրան առևանգելով՝ տեղափոխել են Գավառ, այնտեղից նորից բերել են Երևան՝ Ալիկի բնակարան, որտեղ սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Ալիկը բռնաբարել է Կարինեին:

Ալիկ Դ.-ին մեղադրանք է առաջադրվել աղջկան առևանգելու և բռնաբարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 138 հոդվածի 1-ին մասով:

Լեռնիկ Ա.-ին և Ղևոնդ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում նախնական համաձայնությամբ առևանգում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված էր գնահատել, որ Ալիկը, որպես առաքիչ աշխատելով մի ընկերությունում, իր գործընկերոջ տանը տեսել ու ծանոթացել է վերջինիս քրոջ՝ Կարինեի հետ: Նրանք մտերմացել են, մեկ տարի ընկերություն են արել և որոշել են ամուսնանալ:

Ալիկը նշանադրության արարողության ժամանակ՝ 2014 թվականի սեպտեմբերի 21-ին, մատանի է նվիրել Կարինեին:

Մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 27-ին, Ալիկի ծնողները Կարինեի ծնողներին հրավիրել են իրենց տուն՝ խնամականչի:

Ընտանեկան խնջույքի ժամանակ Ալիկի հոր ինքնազգացողությունը խմածության պատճառով վատացել է,  տհաճ մթնոլորտ է առաջացել:

Խնամիները նեղվել ու հեռացել են նրանց տանից:

Կարինեն հիասթափվել է, իր ընտանիքի անդամներին, ապա հեռախոսով՝ Ալիկին հայտնել է, թե ցանկանում է նշանի մատանին վերադարձնել, չեղյալ համարել նշանադրությունը և խզել իրենց հարաբերությունները: Ինքը նրանց ընտանիքում հարս լինել, ապրել չի ցանկանում:

Հաջորդ օրը Կարինեն գնացել է աշխատանքի: Նա «Ֆեյսբուքի» միջոցով հաղորդագրություններ է ստացել Ալիկից: Վերջինս առաջարկել է մատանին ու նվերները վերադարձնելու, վերջնական խոսելու համար հանդիպել:

Աղջիկը մերժել է, ասել է, թե մատանին ու նվերները կարող են վերցնել իրենց բնակարանից:

Բայց Ալիկն առաջարկել է «քաղաքակիրթ ձևով» բաժանվել, ու Կարինեն, ի վերջո, վստահել ու համաձայնել է հանդիպել նրա հետ ժամը  18-ի սահմաններում:

Նույն օրը կեսօրին Ալիկը Կարինեին առևանգելու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել իր գործընկերներ Լեռնիկի ու Ղևոնդի հետ: Առևանգումը որոշել են իրականացնել իրենց մեկ այլ գործընկերոջ մեքենայով՝ առանց նրան այդ մասին տեղյակ պահելու:

Պայմանավորված ժամին Ալիկն ու Կարինեն հանդիպել են: Գնացել են «Սեգաֆրեդո» սրճարան: Մոտ կես ժամ մնացել են այնտեղ:

Ապա որոշել են գնալ Կարինեի տուն՝ նշանի մատանին ու նվերները վերցնելու, «կիրթ ձևով» միմյանց հրաժեշտ տալու:

Ղևոնդն ու Լեռնիկը գործընկերոջ «Մերսեդեսով» սպասել են հրապարակում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի հարևանությամբ:

Երբ Ալիկն ու Կարինեն հասել են հրապարակ, տեսել են Ալիկի գործընկերներին, ու նրանք առաջարկել են Կարինեին մեքենայով տուն տանել:

Աղջիկը սկզբում մերժել է, բայց Ալիկը համոզել է նրան, բացի այդ նրան հանգստացրել է մյուս տղաների ներկայությունը:

Աղջիկը մեքենա է նստել, բայց Լեռնիկը մեքենան վարել է բոլորովին այլ ուղղությամբ: Դա աղջկա մոտ խուճապ է առաջացրել: Ալիկն ասել է, թե առևանգում են նրան:

Ալիկն աղջկանից վերցրել է հեռախոսը, անջատել ու տվել է Ղևոնդին, բռնել է Կարինեի ձեռքերը, ուժ գործադրելով՝ ճնշել է նրա դիմադրությունը, իսկ Լեռնիկը ներքին փականով փակել է Կարինեի կողմի դուռը ու մեքենան վարել է դեպի Գավառ:

Կարինեին հասցրել են Գավառ: Աղջիկը հրաժարվել է մեքենայից իջնել՝ ինչքան էլ համոզել են:

Դեռ ճանապարհին եղած ժամանակ աղջկա հայրը հեռախոսով խոսել է Ալիկի հետ, ասել է, թե առևանգման մասին արդեն հայտնել է ոստիկանությանը:

Տղաները որոշել են Գավառից վերադառնալ Երևան:

Ճանապարհին Ալիկին զանգել է ոստիկանության աշխատակիցը, հրավիրել է ոստիկանություն: Ալիկի հետ խոսել են նաև նրա ընտանիքի անդամները՝ հարցրել են՝ ի՞նչ է կատարվում:

Կեսգիշերին մոտ Կարինեին հասցրել են Ալիկի տան բակ: Ալիկն աղջկան առաջարկել է իր տանը կարճ զրույց ունենալ: Լեռնիկն ու Ղևոնդը հեռացել են:

Ալիկը գրկել է Կարինեին, տարել է իր բնակարան, որտեղ եղել է նաև Ալիկի մայրը: Հետո նա մյուս որդու հետ հեռացել է բնակարանից:

Ալիկը Կարինեի հետ մենակ է մնացել: Որոշ ժամանակ զրուցել են:

Հասկանալով, որ չի կարողանում աղջկան համոզել՝ դառնալու իր կինը, Ալիկը բանալիով փակել է բնակարանի դուռը, աղջկան տարել է ննջարան, ասել է, թե նա կամ իրենն  է լինելու կամ՝ ոչ մեկինը, և բռնաբարել է՝ խախտելով աղջկա կուսաթաղանթի ամբողջականությունը և պատճառելով մարմնական վնասվածքներ:

Առավոտյան Ալիկի հարազատները տուն են վերադարձել, շնորհավորել են երիտասարդներին՝ «ամուսնության» առթիվ: Կարինեն առաջարկել է միասին գնալ իրենց տուն:

Ճանապարհին զանգել է ոստիկանության աշխատակիցը, Կարինեին հրավիրել է ոստիկանություն: Կարինեն առաջարկել է բոլորով գնալ ոստիկանություն՝ խոստանալով այնտեղ ասել՝ իբր ամեն ինչ իր կամքով է եղել:

Ալիկն ու հարազատները հավատացել են: Գնացել են ոստիկանություն, որտեղ Կարինեն հաղորդում է տվել իրեն առևանգելու և բռնաբարելու մասին:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել ամբաստանյալներին մեղսագրված արարքները:

Ալիկ Դ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ու 138 հոդվածի 1-ին մասով  և վերջին հաշվով դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի սեպտեմբերի 29-ից:

Լեռնիկ Ա.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Առևանգման ժամանակ մեքենան վարած Լեռնիկը կալանքի տակ է առնվել դատարանի դահլիճում՝ դատավճռի հրապարակման պահին: Նրա պատժի սկիզբը պետք է հաշվվեր 2015 թվականի սեպտեմբերի 23-ից:

Ղևոնդ Ա.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Երկու անչափահաս երեխաների հայր Ղևոնդի նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել է 4 տարի փորձաշրջան:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել  ամբաստանյալ Լեռնիկ Ա.-ն ու ամբաստանյալ Ալիկ Դ.-ի շահերի պաշտպանը:

Վերջինս խնդրել էր բեկանել դատավճիռը, ճանաչել ու հռչակել Ալիկ Դ.-ի անմեղությունը բռնաբարության մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Ըստ պաշտպանի՝ այս մասով առաջին ատյանի դատարանի դատավճիռը անհիմն ու չպատճառաբանված է, բռնաբարության հոդվածով Ալիկ Դ.-ն մեղադրվել է զուտ ենթադրությունների ու կասկածների հիման վրա, Ալիկը բռնաբարություն չի կատարել:

Պաշտպանն իր բողոքում անդրադառնալով Ալիկի ու տուժող աղջկա՝ Կարինեի փոխհարաբերությունների վատացմանը, նշանի մատանին վերադարձնելուն, նշել է, թե դրա պատճառը միայն այն իրողությունն է, որ Ալիկը խոստացել էր, թե ամուսնանալուց հետո իր ծնողները պետք է վաճառեն իրենց բնակարանը, իրենց համար առանձին բնակարան պիտի գնեն, ու իրենք պիտի ապրեն այդ առանձին բնակարանում՝ ո՛չ ծնողների հետ:

Սեպտեմբերի 27-ին հյուրընկալված լինելով Ալիկի տանը, Կարինեն իր մոր դրդմամբ մեկ անգամ ևս ճշտել է՝ արդյո՞ք իրենք առանձին բնակարանում են ապրելու: Ալիկը այդ հարցին պատասխանել է. «Այսօր դրա ժամանակը չէ»:
Այդ արտահայտությունը, ըստ Ալիկի պաշտպանի, դուր չի եկել Կարինեի մայրիկին: Դրա համար էլ Ալիկի տանից հեռանալուց հետո Կարինեն հեռախոսով խոսել է Ալիկի հետ ու հայտնել է, թե նշանի մատանին վերադարձնում է:

Պաշտպանը բողոքում նշել է, թե «այս ամբողջ խառնաշփոթի, Ալիկ Դ.-ի նկատմամբ հատկապես բռնաբարության հոդվածով առաջադրված մեղադրանքի պատճառը հենց տուժող աղջկա… երազանք-բնակարանն է եղել»:

Պաշտպանն ընդգծել է, որ այդ մասին տուժողը հայտնել է ոստիկանության բաժնում հաղորդում տալուց անմիջապես հետո, երբ նրանից բացատրություն է վերցվել, նա իր ձեռքով գրել է. «Նշանադրությունից հետո ես Ալիկին ասացի՝ եթե ուզում ես քո հետ ամուսնանամ, պետք է առանձին ապրենք»:

Պաշտպանը նշել է, թե անգամ տուժողի հայտնած տեղեկություններով հաստատված է, որ… բռնաբարություն տեղի չի ունեցել…

Այն, որ Կարինեն Ալիկի բնակարան է գնացել իր ցանկությամբ, որ նրանք այդ բնակարանում սեռական հարաբերություն են ունեցել փոխադարձ համաձայնությամբ, ու ոչ մի բռնաբարություն չի եղել՝ հաստատվել է, ըստ պաշտպանի, դատարանում տուժողի տված ցուցմունքներով, կոնկրետ հարցերին նրա տված կոնկրետ ու հստակ պատասխաններով:

Պաշտպանն անհերքելի փաստական հանգամանք է համարել այն, որ Ալիկի ու Կարինեի միջև տեղի է ունեցել սեռական հարաբերություն: Բայց ընդհանուր իրավասության դատարանի խնդիրն էր՝ հստակեցնել՝ այդ հարաբերությունը եղել է բռնի ուժո՞վ, թե՞ փոխադարձ համաձայնությամբ: Սակայն  դատարանը, պաշտպանի պնդմամբ, այդ ուղղությամբ վերլուծություն չի կատարել:

Պաշտպանն ընդգծել է, որ տուժող Կարինեն «բազմիցս հնարավորություն է ունեցել օգնություն կանչելու, ակտիվ դիմադրություն ցույց տալու, թույլ չտալու, որ սեռական ակտը տեղի ունենա», սակայն չի արել:

Տուժողը հայտնել է, որ երբ տղաներն իրեն ու Ալիկին մեքենայով տարել ու իջեցրել են Ալիկենց շենքի բակում և հեռացել են, Ալիկը իրեն գրկած երկու հարկ բարձրացրել է: Եվ այդ պահին Կարինեն դիմադրություն ցույց չի տվել, օգնություն չի կանչել, չի փորձել այնպես անել, որ Ալիկն իրեն վերև չբարձրացնի:

Ըստ պաշտպանի՝ ելնելով Կարինեի ու Ալիկի ֆիզիկական կառուցվածքներից՝ եթե Կարինեն ցանկանար «չնչին անգամ դիմադրություն ցույց տալ, ապա Ալիկը ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէր կարողանա նրան գրկել ու բարձրացնել երկրորդ հարկ»:

Հետևաբար, պաշտպանի կարծիքով, նախապես Գավառից վերադառնալուց հետո նրանք խոսել ու պայմանավորվել էին, արդեն գիտեին՝ ուր են գնում, ինչ նպատակով, հակառակ դեպքում եթե աղջիկը օգնություն կանչեր շքամուտքում, բնակարաններից որևէ մեկի դուռը հաստատ կբացվեր:

Պաշտպանը պնդել է, թե Կարինեն ու Ալիկը մինչև Ալիկի շենքին հասնելը արդեն իսկ որոշել ու պայմանավորվել էին, որ պետք է ապրեն որպես ամուսիններ՝ ունենալով սեռական հարաբերություն: Իսկ որ դրանից հետո Կարինեն հաղորդում է տվել, թե Ալիկն իրեն բռնաբարել է, ապա, պաշտպանի պնդմամբ, դա Կարինեի ծնողների պարտադրանքն է եղել:

Պաշտպանը նշել է նաև, թե տուժողի հագուստները վնասված չեն եղել, տուժողը հայտնել է, թե չի խոչընդոտել Ալիկի կողմից իր հագուստները հանելուն: Բռնության հետքեր ու վնասվածքներ չեն հայտնաբերվել նաև տուժողի սեռական օրգանների շրջանում… իսկ նրա մարմնին  առկա արյունազեղումները կարող էին առաջանալ… նրանց «սիրային խաղերի ժամանակ»:

Պաշտպանը խնդրել է բռնաբարության մեղադրանքում արդարացնել իր պաշտպանյալին՝ նշելով, որ նա այդ հոդվածով դատապարտվել է անհիմն ձևով:

Ամբաստանյալ Լեռնիկ Ա.-ն իր վերաքննիչ բողոքում խնդրել էր իր նկատմամբ սահմանված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:

Լեռնիկը նշել էր, թե հանցավոր արարքը կատարելիս ինքը որևէ շահ չի հետապնդել, ուղղակի կարծել է, թե Կարինեի ծնողներն են դեմ, որ նա ամուսնանա Ալիկի հետ, ինքն ընդամենը ցանկացել է նպաստել, որ Ալիկն ու Կարինեն ամուսնանան ու երջանիկ լինեն: Լեռնիկը պնդել էր, որ ինքը արդեն իսկ ուղղվել ու վերադաստիարակվել է, այդ մասին է վկայում նաև իր վարքագիծը՝ հանցավոր արարքի կատարումից հետո:

Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ «եթե անձը որևէ ակտիվ դիմադրություն ցույց չի տվել, ապա դա դեռևս չի նշանակում, որ սեռական հարաբերությունը եղել է նրա կամքով ու առանց բռնության, քանի որ կարող են լինել այնպիսի դեպքեր, ինչպես տվյալ դեպքում, երբ անձի հոգեկան լարված վիճակն էականորեն կնվազեցնի նրա դիմադրություն ցույց տալու հնարավորությունը… Տուժողը չի համաձայնել ու չի ցանկացել մնալ Գավառ քաղաքում, ամեն ջանք գործադրել է, որ իրեն վերադարձնեն: Ոստիկանություն ներկայանալու առաջին իսկ պահից նա հայտարարել է, որ իրեն բռնաբարել են… Եթե տուժողը ցանկություն ունենար Ալիկ Դ.-ի հետ սեռական հարաբերություն ունենալ, ապա նա կարող էր մնալ Գավառում… Առկա չէ որևէ տրամաբանություն, որ իր կամքով սեռական հարաբերություն ունենալուց հետո, ոստիկանություն ներկայանալուն պես նա կհայտարարի հակառակի մասին…»:

Վերաքննիչ դատարանը անհիմն է գնահատել Ալիկ Դ.-ի շահերի պաշտպանի բողոքը և հիմնավորված է համարել Ալիկ Դ.-ի մեղքը բռնաբարություն կատարելու համար:

Ինչ վերաբերում է ամբաստանյալ  Լեռնիկ Ա.-ի բողոքին՝ իր նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառելու վերաբերյալ, վերաքննիչ դատարանը այն հիմնավոր է գնահատել ու եզրակացրել, որ դատապարտյալի ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու:

Այսպիսով, վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Ալիկ Դ.-ի մասով դատավճիռը՝ 6 տարի ազատազրկումով հանդերձ:

Իսկ Լեռնիկ Ա.-ի մասով դատավճիռը փոփոխվել է. Լեռնիկ Ա.-ն դատապարտվել է 4 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, և սահմանվել է 4 տարի փորձաշրջան:

Լեռնիկ Ա.-ի խափանման միջոց կալանավորումը վերացվել է: Եթե առաջին ատյանի դատարանում Լեռնիկը կալանքի տակ էր առնվել դատարանի դահլիճում, ապա վերաքննիչ դատարանի դահլիճում նա ազատ է արձակվել՝ ի ուրախություն իր և իր մերձավորների:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.