Արդյոք Սերժ Սարգսյանն արգելել է օգտագործել Լֆիկ Սամո կնիքը

- in Ով ով է ...
Nikol Pashinyan

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ այսօր դիմեց կառավարությանը.

«Շարունակվում են օդում կախված մնալ չստուգված լուրերը ԱԺ պատգամավոր, մի քանի ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կողմից չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես կոչված, բարեգործության, օրինակ, անվճար լավաշ բաժանելու անվան տակ քողարկելու մասին»:

Փաշինյանն ասաց, որ օդում կախված լուրեր կան, թե Ախուրյանում Սամվել Ալեքսանյանի հիմնած շաքարի գործարանը իրականում ոչ թե շաքարավազ է արտադրում, այլ ստեղծված է մաքսանենգության բազմամիլիարդանոց մեխանիզմ քողարկելու համար: Ըստ օդում կախված լուրերի՝ Ալեքսանյանը պատրաստի շաքարավազը ՀՀ է ներմուծում շաքարի հումքի անվան տակ, ինչը նրան թույլ է տալիս խուսափել մաքսատուրքերից: Ըստ օդում կախված լուրերի՝ այդ շաքարավազը հումքի անվան տակ մտնում է Ախուրյանի գործարան և որպես տեղում արտադրված շաքարավազ դուրս գալիս այնտեղից:

«Օդում կախված լուրերի համաձայն՝ այս հանցավոր մեխանիզմը տարիներ ի վեր գործում է Սերժ Սարգսյանի իմացությամբ ու թույլտվությամբ: Սերժ Սարգսյանը շաքարավազի այս կանտրաբանդայից ու Ալեքսանյանին պատկանող մյուս մենաշնորհային ոլորտներից ունի անձնական փայաբաժին, և հենց այսպես գոյացող միջոցների հաշվին են լուծվում ընտրությունների արդյունքները կեղծելու և իշխանությունը պահելուն ուղղված ապօրինի գործողությունների ֆինանսավորման հարցերը: Ես հորդորում եմ ՀՀ վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել հանրությանը: Ինչքա՞ն ժամանակ է անհրաժեշտ այս աշխատանքն իրականացնելու համար: Եվս մեկ տեխնիկական ճշտում՝ արդյոք Սերժ Սարգսյանն արգելել է օգտագործել Լֆիկ Սամո կնիքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ դա ոչ թե հարց էր, այլ հորդոր, և վարչապետը մեկ անգամ ևս կուսումնասիրի այդ հորդորը: «Սա որպես կառավարության անդամ պատասխանեցի, բայց անձամբ ուզում եմ ասեմ, որ սա արդեն առաջին հարցը չէ, որը դուք նույն ֆորմատով ներկայացնում եք կառավարությանը: Հասկանալի է ձեր նպատակը: Ես կարծում եմ, որ իրական նպատակն այն է, որ դուք ուզում եք այդ ձևով հերքել այն տարածված լուրերը, որ դուք իշխանության հետ ինչ-որ ձևով շաղկապված եք, արհեստականորեն ստեղծված ընդդիմություն եք: Եթե դա է նպատակը, ապա դա անելու կարիք չկա, ինձ գոնե համոզել եք, որ իշխանության հետ շաղկապված չեք, ես կարող եմ դրա մասին ասել այսօր ամբիոնից:

Այնպես որ ավելորդ ճիգեր գործադրելու կարիք չկա»,- ասաց Դավիթ Հարությունյանը:Նիկոլ Փաշինյանը հարցադրում արեց. «Արդյոք Սերժ Սարգսյանը ձեզ համոզել է, որ ինքը կոռուպցիայի ու կաշառակերության հետ կապ չունի: Ես ապացուցելու բան չունեմ, ապացուցելու բան ունեք դուք ու ձեր իշխանության անդամները: Եթե դուք այդպես եք անում, որ իմ հարցերի շարքն ընդհատվի, ձեզ հուսախաբություն է սպասվում»,- նշեց նա:

Spread the love