H1N1-ին հաղթել են կարծես թե …

- in Առողջություն
Armen Muradyan

Այսօր Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարար Արմեն  Մուրադյանն  անդրադարձավ նաև H1N1–ին և նշեց, որ վիրուսի հետ կապված  ամեն տարի կա նման խնդիր՝ սեզոնային գրիպի ակտիվացում:

Սեպտեմբերի 24-ից արդեն նախապատրաստման աշխատանքներ էին սկսվել, կար նախարարի համապատասխան հրամանը կանխարգելիչ գործողությունների իրականացնելու վերաբերյալ, բաժանվել է անհրաժեշտ  դեղորայքը: Վիրուսն  ամբողջ աշխարհում շրջանառության մեջ էր 2009 թ.–ից, և 2 տարին մեկ անգամ տարբեր երկրներում ակտիվացում կար, բացառություն չէր նաև այս տարի:

Ըստ նախարարի,  հարևան երկրներում պատկերը, ցավոք, շատ ավելի վատն է, քան` Հայաստանում, բայց սեպտեմբերից իրենք  7 հեռուստահաղորդումների մասնակցելով և 7 հաղորդագրություններով կանխարգելիչ իրազեկման աշխատանքներ են իրականացրել, բոլոր վերակենդանացման բաժանմունքի բժիշկները համպատասխանաբար վերապատրաստվել են H1 N1 վիրուսի բուժման համար: Պատվաստվել է շուրջ 15 հազար մարդ և կանխարգելիչ աշխատանքները շարունակվել են նաև դեկտեմբերի վերջին օրերին: Արագ արձագանքման խումբ է ձևավորվել ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, որն աշխատել է առանց արձակուրդի և շաբաթ-կիրակի օրերի: Այս ընթացքում 3300-ից ավելի քաղաքացիներ հոսպիտալային բուժում են ստացել:

Արմեն Մուրադյանն ասաց, որ H1N1 վիրուսը մահացու չէ, վտանգավոր են նրա բարդությունները, մասնավորապես. ուղեկցող հիվանդությունների դեպքում՝ շաքարային դիաբետ, սրտային անբավարարություն, երեխաներ, հղիներ, այն խոցելի խմբերը: Պետպատվերի շրջանակներում պատվաստվել են ծերանոցների, հոգեբուժարանների, մանկատների խնամկալներին, ինչպես նաև` առաջնային օղակում աշխատող բուժաշխատողներին:

Հանրապետությունում, ըստ Արմեն Մուրադյանի, փաստացի 99 տոկոսից ավելի դեպքերում հաջողվեց դուրս գալ իրավիճակից առանց որևէ առողջության համար հետևանքի: Ընդհանուր առմամբ, աշխատանքները ընթացել են բնականոն և այս պահին կա նվազում: Սուր շնչառականով և 300 մոտավորապես թոքաբորբով շուրջ 570 հիվանդ կա այսօր հիվանդանոցում. «Այս պահին մոտենում ենք այն սահմանին, որը սովորաբար, այս շրջանում նկատվում է սեզոնային ակտիվացման հետ կապված»:

Իսկ այսպես կոչված` «խոզի գրիպի» արդյունքում, ընդհանուր առմամբ,  գրանցվել է 19 մահվան դեպք, երբ բոլոր դեպքերը եղել են ուղեկցող հիվանդություններով և ուշ դիմելու պատճառով: Նրանցից յուրաքանչյուրի համար բավականին մեծ աշխատանք է տարվել վերակենդանացման բաժանմունքներում, բայց, ցավոք, չի հաջողվել կյանքները փրկել:

Մարիամ Միրզոյան

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20