Կարեն Բոթոյան. «Երբ կորոշվեն խաղի կանոնները, ես էլ կորոշեմ»

- in Ով ով է ...
Karen Botoyan

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Կարեն Բոթոյանի հետ զրուցում ենք այս` 5-րդ գումարման խորհրդարանում հասարակության շահերի և էլիտայի ներկայացուցչության, առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ու անհատական վերադասավորումների ու իր կողմնորոշումների մասին:

– Պարոն Բոթոյան, Դուք 5-րդ գումարման խորհրդարանում  անկախ պատգամավոր եք, որ ժամանակին հեռացել եք ՕԵԿ խմբակցությունից: Արդեն խորհրդարանական կառավարման համակարգում, երբ ընտրությւոնները լինելու են միայն համամասնական ընտրակարգով` կուսակցական ընտրացուցակներով, ո՞ր քաղաքական թիմում եք Ձեզ պատկերացնում:

– Դեռ նոր Ընտրական օրենսգիրքը չի լրամշակվել, երբ վերջնական կլրամշակվի և կորոշվեն խաղի կանոնները, այդ ժամանակ էլ կորոշեմ՝ որևէ կուսակցության անդամակցեմ, թե՞ ընդհանրապես չանդամակցեմ ու չառաջադրվեմ: Այսինքն՝ կգա ժամանակը, կորոշեմ:

Խորհրդարանական կենսագրությունում աշխատելով ընդամենն այս խորհրդարանում, ինչպիսի՞ն կբնորոշեք այն:

– Արդյունավետ: Նորմալ աշխատանքային մթնոլորտ է, օրենքների նախագծերը բազմակողմանի քննարկվում են:

– Քաղաքական էլիտան, որ ներկայանում է այս խորդարանում, ըստ Ձեզ, որքանո՞վ է ներկայացնում Հայաստանի հասարակությանը:

– Ես վստահ եմ, որ էստեղ բոլորն էլ ժողովրդի հետ շփվում են, ժողովրդի  խնդիրներից էլ են տեղյակ և իհարկե, ժողովրդի շահերից են խոսում, բնականաբար: Ես այստեղ  այլ կարծիք  չեմ  տեսնում:

– Պարոն Բոթոյան, ըստ Ձեզ, ի՞նչ տվեց Հայաստանին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը:

– Մեծ հաշվով, Եվրասիական տնտեսական միությունը մեծ շուկա տվեց՝ չնայած այսօր տեսնում ենք, որ Ռուսաստանի ընդհանուր կամ աշխարհքաղաքական վիճակը լավ չէ, իսկ մենք չենք կարողանում մեր ուզած ձևով դրսևորվել Եվրասիական միությունում: Ժամանակը կգա, սրա պտուղները կքաղենք:

– Ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններով եք հանդես եկել անցած ժամանակահատվածում:

– Օրենսդրական նախաձեռնության համահեղինակ եմ, բայց դեռ քննարկման չի  դրվել խորհրդարանի լիագումար նիստում:

– Հայաստանում, ըստ էության, արդեն սկսվել է 2017 թ.-ին կայնալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, տեղի են ունենում վերադասավորումներ, ձևովորվում է նոր կոալիցիա, դրանք արդյոք բխո՞ւմ են հասարակության շահերից, մարդիկ հավանության արժանացնում են տեղերում:

– Դե, գիտեք, դժգոհողներ էլ կան, հակառակն էլ` կա: Իսկ մնացածը ընտրությունների ժամանակ ժողովուրդն իր որոշելիքն ասում է քվեարկությամբ:

– Պարոն Բոթոյան, ընտրողների հետ հանդիպումներ ունենո՞ւմ եք և նրանք հիմնականում ինչպիսի՞ հարցերով են դիմում Ձեզ` անձնական սոցիալական օգնության խնդրանքներով, թե՞ երկրի ու տարածաշրջանի զարգացմամբ են մտահոգ:

– Կոնկրետ շրջաններում հիմնականում սոցիալական խնդիրն է: Դրանք տարբեր են՝ սկսած ջրի, ոռոգման խնդիրներից, վերջացրած դպրոցից, մշակույթի տներից … Խնդիրները հիմնականում այսպիսին են:

Զրուցեց` Մարիամ Միրզոյանը

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20