Սերժ Սարգսյանի ճակատագրական սխալը

- in Կարծիք, Մամուլ
Serzh Sargsyan

Մի առիթով թերթում էի 2008-ի գարնան մամուլը։ «Մարտի 1-ից» հետո թերթերի գրաքննությունը նոր է վերացել։ Սերժ Սարգսյանը հայտարարել է ինչ-որ տեղ, որ մաքսային մարմինները ազնիվ են աշխատելու։ Դա երևի արդեն իրեն պատկանող TV-ներն են ցույց տվել։

Մի քանի օր կամ նույնիսկ շաբաթ վարչախմբի խոշոր ահաբեկչական կառույցներից մեկը՝ մաքսայինը դադարեցրել է զանգվածային ահաբեկությունը։ Հետո կամաց-կամաց ամեն ինչ «տեղն է ընկնում», ու մամուլը սկսում է ահազանգել։ Նույնիսկ փորձառու լրագրողները. բա թե ասում էիք՝ ուրիշ ձևո՜վ է լինելու։ Հավատացել էին, որ «մարտի 1»-ից հետո կարող է ուրիշ բան լինել։

Հիմա Մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրությունն է։ Մեկ էլ բոլորը անակնկալի եկան, որ վարչախումբը ման եկավ, ման եկավ – գտավ մի թեկնածուի, որի անունը ոչ ոք չէր լսել։ Երբ որ օրենքով այս պաշտոնյայի հայտնիության չափանիշը ամրագրված է օրենքով։

Իսկ ի՞նչ էիք սպասում։ Շատ ժամանա՞կ է անցել տոնածառ զարդարող Գևորգ Սաֆարյանին ձերբակալելուց, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կեղծիքներից, գազի ատրճանակից օդ կրակած Հայկ Կյուրեղյանի 9 տարի ստանալուց։ Շատ ավելի զարմանալի է, որ հանրությունը, իրենց ընդդիմադիր կարծող կուսակցությունները առաջ չեն ընկնում արժանի թեկնածուների անուններ տալով, առաջադրելով։ Նրանցից, ում վախը, վերջին տարիներին տեսել ենք, բռնված է։

Լևոն Բարսեղյան, Հրանուշ Խառատյան, Արթուր Սաքունց, Զառա Հովհաննիսյան, Տիգրան Եգորյան, Transparancy international-ի հայկական գրասենյակի իրավաբաններ… այ, հիմա դուք էլ շարունակեք։

Երբ որ էսպիսի առիթ է լինում, պետք չի չկամություն անել, պետք է անուններ տալ։ Որ չստացվի, թե՝ դե, երկրում մարդ չկա, սրանք էլ յոլա են տանում։ Որ ամեն անգամ իմանանք ոչ միայն՝ թե ում են նշանակում, այլ նաև՝ թե ՈՒՄ ՓՈԽԱՐԵՆ ԵՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ։

Թե չէ իրենք ԵԽԽՎ-ում Հերմինե Նաղդալյանին կփոխարինեն Մարգարիտ Եսայանով՝ իբր գործ ենք անում, հերթական անգամ կձախողվեն… իսկ մյուս օրը TV-ները կզլեն ադրբեջանական նավթադոլարների մասին հեքիաթը։

Բայց Ալիևին պետք չի խավիար ու նավթադոլարներ ուղարկել եվրոպական կառույցներ՝ Նաղդալյանը, Գեղամյանը, ԲՀԿ-ի ժողովուրդը լրիվ հերիք են։

Արտասահմանյան ներդրողներին պետք չի Հայաստանի տնտեսական ազատության ցուցանիշները կարդալ, հերիք են հայտարարագրերը, որ ներկայացնում են տարեկան մի քանի միլիոն դրամ աշխատավարձ ստացող, բայց մի քանի միլիոն դոլար կուտակող պատգամավորները, նախարարներն ու դատախազները։

Ճիշտ է, Մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրության հարցում վարչախումբը սխալ է թույլ տվել, որ իր ճակատագրական սխալի հետևանքն է. մարդկանց էնքան են ճնշել Հայաստանում, նոր պաշտպանն անարդարության էնքան աղաղակող դեպքերի է հանդիպելու, որ չի դիմանա ու հրաժարական կտա իր նախորդի պես:

Բայց դա երևի կլինի մի քանի տարուց։Էդ ընթացքում վարչախումբը մի քանի տարի էլ երկարացրած կլինի իր կյանքը։ Երկրի կյանքի հաշվին։

Վահրամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Գրող, հրապարակախոս; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20