Նոր «Մետաքսի ճանապարհը». ՌԴ-ն շրջանցող ճանապարհով գնացքը Ուկրաինայից ժամանել է Չինաստան

- in Տնտեսական
Erkatuxi

Փետրվարի 2-ին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Ուկրաինա – Վրաստան – Ադրբեջան – Ղազախստան – Չինաստան երթուղով փորձարկվող գնացքի «վերջին կայան» ժամանման առիթով հայտարարեց, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կազմակերպած տրանզիտային և տնտեսական արգելափակումը խափանված է:

«Մեր առևտրային գործընկերները հստակ ցույց տվեցին Ուկրաինայի հետ համատեղ նոր տրանզիտային ճանապարհ կառուցելու իրենց պատրաստակամությունը»,- ասել է Յացենյուկը:

Պաշտոնական ուկրաինական մամուլում այդ երթուղին ստացավ «Մետաքսի ճանապարհ» անվանումը: Փետրվարի 2-ին Կիևում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Չինաստանում Ուկրաինայի դեսպան Օլեգ Դեմինը հեռախոսով տեղեկացրեց, որ այդ նախագիծը Չինաստանում մեծ հետաքրքրություն է առաջացրել թե պետական մակարդակով, թե գործարար շրջանակներում, թե հասարակության շրջանում:

Ուկրաինայի եվրասիական ռազմավարության մասին

«Ուկրաինայի միջօրեական» հասարակական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Դմիտրի Լևուսի կարծիքով՝ նոր երթուղու բարեհաջող փորձարկումը միայն տնտեսական շահեր չի հետապնդում:

«Այդ գնացքը զգուշացնում է, որ Ուկրաինան սկսել է իր առանձին եվրասիական խաղը. ռուսական մամուլի գնահատականը այն մասին, թե չարժե այդ երթուղին լուրջ ընդունել, և այն չի կարող ազդել Կենտրոնական Ասիայի երկրների և Չինաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների վրա, վկայում է այն մասին, որ Ռուսաստանին լուրջ անհանգստություն է պատճառում այդ երթուղին: Պաշտոնական Կիևը ի չիք դարձրեց եվրասիական դոկտրինայի վերաբերյալ Ռուսաստանի մենաշնորհը»,- ասել է Լևուսը:

Ուկրաինայի նոր առևտրային հնարավորությունները

Ուկրաինայի վերլուծական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Օքրիմենկոն այդ ծրագիրը համարում է «հավակնոտ նախագիծ»: «Սակայն դրա իրականացումը պահանջում է ստեղծել Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ուկրաինայի միջև միջպետական տնտեսական միություն: Առաջին էշելոնի մեկնարկը ստացվեց, դա փաստ է, սակայն դրա լիարժեք զարգացման համար դեռ բազմաթիվ հարցեր պետք է կարգավորվեն»,- ասել է Օքրիմենկոն՝ հավելելով, որ առայժմ ուկրաինացի արդյունաբերողները ավելի շատ հետաքրքրություն են ցուցաբերում այդ երթուղու հանդեպ, քան չինացիները:

«ԱՄՆ-ն, Եվրամիությունը և Ռուսաստանը Պեկինի գլխավոր գործընկերներն են: Պետք է հասկանալ, որ Ուկրաինան Չինաստանի հետ առևտրում առաջատար դիրք չի զբաղեցնում, սակայն պաշտոնական Կիևը այդ երթուղու շնորհիվ Չինաստանի հետ առևտրային հարաբերություններ հաստատելու եզակի հնարավորություն է ստացել»,- ասել է Օքրիմենկոն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20