Ռուսաստանն ու Թուրքիան Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով բաժանել են Հայաստանը

Arm Rus

Ռուսաստանի Պետդումայի Կոմունիստական կուսակցության խմբակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակ են հղել Ռուսաստանի նախագահին ու արտգործնախարարին, որում առաջարկում են չեղարկել Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը։ Այս նախաձեռնությանն աջակցել է նաեւ Սպրավեդլիվայա Ռոսիա խմբակցությունը:

Նամակում նշվում է, որ «Վրաստանը և Հայաստանը չեն ճանաչում պայմանագրի պայմանները, դրանք անարդարացի համարելով»: 2005 թ. Վրաստանը չեղարկել է Կարսի պայմանագիրը:

Ռուսաստանն ու Թուրքիան Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով բաժանել են Հայաստանը եւ Կովկասում հաստատել ռուս-թուրքական «ստատուս-քվո»: Այն ժամանակ երկու պարտված երկրները, գնալով միջազգային իրավունքին հակասող այս «սեպարատ» պայմանագրին, միմյանց օգնելով կարողացան խուսափել փլուզումից: Այդ պայմանագրերով Ռուսաստանը Թուրքիային հանձնեց Կարսի նահանգը, Սուրմալուն: Ղարաբաղն ու Նախիջեւանը հանձնվեցին Ադրբեջանին:

Դժվար է հավատալ, որ կոմունիստների այս նախաձեռնությունը գործնական արդյունք կունենա: Բանն այն է, որ դրանով կխախտվի Կովկասի ռուս-թուրքական 100-ամյա ստատուս-քվոն, եւ երկու երկրների դիրքերն այս տարածաշրջանում էապես կթուլանան:

Հնարավոր է՝ սա ավելի շատ քարոզչական քայլ է՝ մի կողմից հայերին «ոգեւորելու», մյուս կողմից՝ հայերի ողբերգության վրա հերթական մանիպուլյացիաների նպատակով: Ներկայում ռուս-թուրքական հարաբերությունները լարված են, եւ Մոսկվայում կրկին «հիշել» են հայերի խնդիրները:

Մյուս կողմից, տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները եւ ստեղծված նոր իրավիճակն այնքան էլ անհավանական չեն դարձնում այս հեռանկարը:Թուրքիան ու Ռուսաստանը ներկայում ենթարկվում են միջազգային կոշտ քաղաքականության ազդեցությանը, ինչը զգալիորեն թուլացրել է նրանց դիրքերը:

Մասնավորապես, նկատելի է, որ Ռուսաստանին միջազգային գործերում փորձում են հարկադրել անվտանգության նոր տրամաբանությունն ու պայմաններն ընդունելուն, ինչը նշանակում է, որ նա կարող է «հեռանալ» իր ավանդական ազդեցության գոտիներից, ավելի ճիշտ՝ այդ գոտիներում ենթարկվել նոր տրամաբանությանը, ինչը նշանակում է լիովին նոր «ստատուս-քվո»:
Նոր աշխարհակարգում նախկին պայմանագրերը դադարեցնելու են իրենց գործունեությունը, եւ դա վերաբերվում է նաեւ վերոհիշյալ պայմանագրին:

1921 թ. Մոսկվայի պայմանագրի չեղարկումը կարող է նշանակել մի բան՝ որ Ռուսաստանը «հեռանում» է Կովկասից, իսկ Թուրքիան «մասնատվում է»: Կգնա՞ն դրան այս պետությունները:

Չպետք է մոռանալ, որ մի քանի տարի առաջ, Մոսկվայի պայմանագրի 90-ամյակի կապակցությամբ Թուրքիան ու Ռուսաստանն իրենց հավատարմությունը հայտնեցին այդ պայմանագրին: Այդ պայմանագիրը Մոսկվայի ու Անկարայի համար հին աշխարհակարգն ու նախկին դիրքերը պահպանելու միակ փաստաթուղթն է:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.