Զգուշացում. Լուրջ վերաբերվեք ԵԱՀԿ – ԺՀՄԻԳ-ի զեկույցին

- in Կարծիք
Hayastan EM

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին այսօր ՀՀ իշխանություններին նախազգուշացրեց լուրջ վերաբերվել սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցին:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն օրերս հրապարակած իր զեկույցում կոշտ քննադատել է դեկտեմբերի 6-ին անցկացված Հայաստանի Սահմանադրական հանրաքվեն, դրան նախորդած ու հաջորդած իրադարձությունները՝ ներկայացնելով խնդիրների լուծման առաջարկներ. «Եվրոպական միությունը փող է տալիս Հայաստանին, որպեսզի օգնի ՀՀ իշխանություններին ներդնելու այդ չափորոշիչները: Դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ են թերությունները: Այո, ընտրական գործընթացները ՀՀ-ում բարելավման կարիք ունեն, և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը դրա հերթական ապացույցն է: Լրջորեն վերաբերվեք դրան, տնային աշխատանքն արեք: Հայաստանի ժողովուրդն ու պետությունը մեծապես կշահեն, եթե այդ թերությունները շտկվեն»:

Ըստ Պյոտոր Սվիտալսկու, անհրաժեշտ է քննել ընտրական գործընթացի խախտման վերաբերյալ բոլոր հայտարարությունները: Իսկ արատավոր պրակտիկայի պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Իրենք հավատացած են՝ 2017 թվականի ընտրությունները առանցքային ու վճռորոշ են լինելու ՀՀ ապագայի համար: Դա կլինի առաջին համապետական ընտրությունը, որը կանցկացվի նոր Սահմանադրության կարգի հիման վրա: Դեսպանի խոսքով՝ մի կողմից կարևոր է ՀՀ շարքային քաղաքացու վստահությունը ընտրական գործընթացի ու դեմոկրատական ինստիտուների նկատմամբ, մյուս կողմից կարևոր է ՀՀ միջազգային հեղինակությունը. «Եթե ընտրություններն անցկացվում են այնպես, որ կասկածներ են ծագում, վստահության պակաս կա, ապա ոչ ժողովուրդը կարող է սեփական պետական կառույցներին վստահել, ոչ էլ Հայաստանի միջազգային իմիջը կնպաստի, որպեսզի ավելի շատ ներդրումներ բերվեն երկիր, արտաքին առևտուրը կայանա: Հետևաբար, մենք ասում ենք՝ հետևյալը ուշադիր դիտարկեք ԺՀՄԻԳ-ի զեկույցը, որովհետև բոլոր թույլ կետերը, թերություններն այնտեղ մատնանշված են: Առաջին անգամը չէ, որ ԺՀՄԻԳ-ը մատնացույց է անում այդ թերությունները»:

Պյոտոր Սվիտալսկին մասնավորեց, որ զեկույցում հաստատվում է, որ ընտրողների ռեգիստրը ՀՀ ընտրական գործընթացի թույլ կետն է: Երկրորդ թույլ կետը քվեարկության օրը քվեների հաշվարկն ու ամփոփումն է. «Այսինքն՝ մի բան սխալ է, եթե նույնիսկ դիտորդների առկայությունը չի կանխել վատ պրակտիկան»: Նա կոչ արեց նոր Ընտրական օրենսգքրում անդրադառնալ բոլոր խնդրահարույց կետերին, որոնք ԵԱՀԿ-ը ներկայացրել է:

Հանրաքվեի լեգիտիմության վերաբերյալ հարցին Պյոտոր Սվիտալսկին պատասխանեց, որ իրենց հասկանալով՝ նոր Սահմանադրությունը հիմա ընդունված է, իրենք նայում են ապագային, ուզում են, որպեսզի Հայաստանը լավ օրենքներ ընդունի, մասնավորապես, Ընտրական լավ օրենսգիրք մշակի. «Միջազգային հանրության համար Ընտրական նոր օրենսգիրքը լինելու է լակմուսային նոր թեստ, որի միջոցով պետք է պարզենք, թե ինչ ուղղությամբ են ՀՀ-ն տանելու Սահմանադրական բարեփոխումները»:

Էվելինա ՂԱՍԱԲՈՂԼՅԱՆ

Spread the love