Ինչպե՞ս է նա խոշտանգողի պաշտպանից դառնալու խոշտանգվող պաշտպան

- in Իրավունք, Կարծիք
Arman Tatoyan

ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, ՄԻՊ թեկնածու Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ ինքը կարող է զբաղեցնել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը:

Նրա ՄԻՊ պաշտոնում առաջադրվելու պատճառներից մեկն էլ այն էր, որ իր նախընտրած թեկնածուները չեն ցանկացել ընդգրկվել ՄԻՊ պաշտոնի համար տարվող պայքարում. «Ես երկու հիմնավորում ունեմ, թե ինչու առաջադրվեցի ՄԻՊ թեկնածուի պաշտոնում: Առաջին այն է, որ իմ մասնագիտական կարողությունները թույլ են տալիս ինձ զբաղվել նման գործունեությամբ, երկրորդը, որ բոլոր անձինք, ովքեր կարող էին, ըստ իս, լինել այս պաշտոնի համար թեկնածու, բոլորն ում ճանաչում եմ և հեղինակություն ունեն, ցավոք, նրանք չցանկացան մասնակցել այս պայքարին»:

Զարուհի Փոստանջյանը սին է համարում այն խոսակցություններն` իբր իր ընդդիմադիր հայացքները կխանգարեն օբյեկտիվ լինելուն. «Ընդդիմադիր հայացքների մասին չէ խոսքը, քանի որ պետք է պաշտպանես քաղաքացու ոտնահարված իրավունքը, որը խախտել է պետական պաշատոնյան: Բացի դա, ոչ միայն պետք է պաշտպանես, այլև ձեռնարկես այնպիսի միջոցներ, որ հետագայում նման դեպքերից խուսափես, քանի որ կապ չունի, թե ով է ոտնահարել»:

Նա անդրադարձավ նաև հարցին, թե արդյո՞ք ՄԻՊ անձից է կախված երկրում Մարդու իրավունքների պաշտպանությունը. «Ինչպես ցանկացած ժողովրդավարական ինստիտուտ` Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, ցավոք, դեռ չի կայացել, բայց ընթացքի մեջ է: Մենք հասկանում ենք, որ ապրում ենք ավտորիտար ռեժիմի ներքո և ասել, որ այս ինստիտուտը կայացած չէ, օբյեկտիվ կլինի»:

Զարուհի Փոստանջյանն էլ չի բացառում, որ իր ընտրման դեպքում նրան նկատմամբ էլ կլինեն ճնշումներ, ինչպես բոլոր նախկին ՄԻՊ-երի դեպքում, սակայն դա նրան չի կաշկանդում:

Գնահատելով մրցակիցներին, Զարուհի Փոստանջյանն ասաց. «Կարծում եմ՝ բոլորիս կենսագրությունները ձեզ ծանոթ են և դուք ինքներդ պետք է ծանոթանաք ու գնահատեք, թե ով ինչ կարողություններ ունի: Արման Թաթոյանը կարող է ՄԻՊ կառույցում աշխատել, սակայն կարող ես ՄԻՊ-ում փորձագետ աշխատել, բայց որոշում չկայացնես, քանի որ կարևոր է, որ դու մասնագիտական առումով լինես որոշում կայացնող և ոչ միայն կատարող: Ես 9 տարի փաստաբան եմ եղել և որոշումներ եմ կայացրել, այստեղ նշանակություն ունի, թե դու մի կառույցում կատարողի՞, թե՞ որոշողի դերում ես եղել: Արման Թաթոյանին որոշում կայացնելու դերում դեռ չեմ տեսել: Ես նրա մասին գիտեմ, որ 3 տարի լինելով Արդարադատության նախարարի տեղակալ նաև եղել է մեր պատասխանող կողմի ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում: Մարդու հիմնարար իրավունքներից են համարվում չխոշտանգվելը, սակայն նա ՄԻԵԴ-ում պաշտպանել է խոշտանգողին, հիմա ինչպե՞ս է նա խոշտանգողի պաշտպանից դառնալու խոշտանգվող պաշտպան: Շատ դժվար է պաշտպան լինելուց հետո անցնել մեղադրական կողմ»:

Հեղինե ՄՈՎՍԻՍՅԱՆ

Spread the love