ՀՀԿ – ՀՅԴ` կապ չունի ուժերի հարաբերակցության հետ

- in Պնակալեզներ
Khosrov Harutyunyan

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն այսօր կարծիք հայտնեց, թե ՀՀԿ – ՀՅԴ կոալիցիոն համագործակցությունը հասկանալու համար պետք է հիշել, որ այսօր իշխող ՀՀԿ-ն խորհրդարանում որոշումներ անցկացնելու խնդիր չունի. «Երկու կուսակցությունների համագործակցությունն ամենևին կապ չունի ուժերի հարաբերակցության հետ: Իրականում, սահմանադրական փոփոխությունները պատմական են և հիմա երկու ուժերը՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, հանրային կյանքի բարձրացման առումով քաղաքական պատասխանատվություն են ստանձնում: ՀՅԴ-ի համար սահմանադրական փոփոխություններն այնքան կարևոր էին, որ նրանք նույնիսկ դուրս եկան Քառյակից, քանի որ չհրաժարվեցին իրենց քաղաքական հայացքներից»:

Ինչ վերաբերում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պորտֆելը դաշնակցականին հանձնելուն, Խոսրով Հարությունյանն ասաց. «Նրա դերը չփոխվեց, նա շարունակում է մնալ հեղինակություն ՀՀԿ-ում: Նա կրթության ոլորտում արմատական ինստիտուցիոնալ բարեփոխումներ է արել և հույս ունեմ, որ հաջորդ ԿԳ նախարարը կշարունակի բարեփոխումները»:

Խոսրով Հարությունյանն անդրադարձավ նաև հայ-իրանական հարաբերությունների հնարավոր հեռանկարներին. «Իրանն այսօր խոշոր տնտեսական խաղացող է: Իրանն աշխարի 28-րդ տնտեսությունն է՝ 380 միլիարդ ՀՆԱ-ով: Նա այն պետությունն է, որ տիրապետում է ոչ միայն ածխաջրերին, այլև ունի մեքենաշինություն, քիմիա և այլ արդյունաբերական ճյուղեր: Նա այն պետությունն է, որ տասնյակ տարիներ սանկցիաների տակ էր, բայց, միևնույն է, մնաց տնտեսական խոշոր խաղացող: Այս պահին Իրանն առաջին հերթին կլուծի իր տեխնոլոգիական խնդիրները, քանի որ նրան վերջին տարիների սանկցիաները զրկել էին ժամանակակից տեխնոլոգիաներից: Իրան – Հայաստան երկաթգծի կառուցման հարցում ՀՀ-ն ունի մրցակից` Ադրբեջանն է: Սակայն ՌԴ շուկա իրանական ապրանքը մտնում է Կասպից ծովով, իսկ ձմռանը ջուրը սառչում է, բեռների տեղափոխումը` դժվարանում, իսկ երկաթգիծը հրաշալի այլընտրանքային ճանապարհ է: Ինչ վերաբերում է գազին, ապա Իրանը Հայաստանին գազ կտա էներգիայի դիմաց, քանի որ այժմ իր տնտեսությունը զարգացնում է և պահանջարկն ավելացել է»:

Անի ՀԱՅԿՅԱՆ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...