Քաղաքական դաշտում որևէ բան չփոխվեց ու չէր կարող փոխվել

Serzh Gagik

Մեկ տարի առաջ այս օրը տեղի ունեցավ ՀՀԿ խորհրդի նիստը, որտեղ Սերժ Սարգսյանը կոշտ ելույթ ունեցավ Գագիկ Ծառուկյանի հասցեին: Այդ նիստից հետո Ծառուկյանը հեռացվեց քաղաքականությունից, իսկ նրա գլխավորած ոչ իշխանական կոչվող բեւեռը մի քանի օրում ցրվեց:

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում դեռ չէր եղել ավելի անհեթեթ կազմավորում, քան այդ բեւեռը: Ավելին, այն իր բնույթով հակապետական, հակահասարակական կազմավորում էր: Իհարկե, դրանից իշխանության հակապետական բնույթը չի փոխվում, եւ ոչ էլ դրանից խամրում է այդ ակցիայի հակաօրինական բնույթը:

Այդ կազմավորումը, ինչպես պարզ դարձավ նրա գործունեությունից, լուծում էր ընդամենը երկու խնդիր. Հայաստանը մտցնել եւ պահել ռուսական գաղութային ծրագրերի շրջանակ եւ իրականացնել ներիշխանական հեղաշրջում: Այն հասավ կառավարության փոփոխությանը, իսկ 2014 թ. դեկտեմբերին Հայաստանի խորհրդարանը վավերացրեց հակապետական հայ-ռուսական համաձայնագրերը:

Դրանից հետո ոչ իշխանական կազմավորումն արդեն ոչ մեկին պետք չէր. Մոսկվան դրա առաջնորդներին որակեց ծաղրածուներ, եւ Սերժ Սարգսյանը ցրեց այն: «Բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը» հօդս ցնդեց մի քանի օրում:

Ինչն էր այս պատմության մեջ էականը: Գագիկ Ծառուկյանի հանդեպ այդ կոշտ ու կոպիտ վերաբերմունքից հետո ոչ ոք այդպես էլ չպաշտպանեց նրան, ոչ ոք փողոց դուրս չեկավ՝ բողոքելու իրենց առաջնորդի դեմ նման վերաբերմունքից: Պարզվեց՝ այդ բեւեռում հավաքվել էին ընդամենը Ծառուկյանի փողերի համն առած հացկատակներ, քաղաքական ու քաղաքագիտական բնույթի խեղկատակներ, փրկիչ որոնողներ: Դա խիստ նման էր կուռքի անկման նախնադարյան ծեսերին, որից հետո ամբոխը գլխիկոր ու հիասթափված հրաժարվում է նրանից:

Ինչ կատարվեց դրանից հետո: Այս պատմությունը լավ ավարտ ունեցավ Ծառուկյանի համար, քանի որ նա ազատվեց այդ ծանր ու իր համար անհասկանալի բեռից ու խեղկատակներից: Նա հիմա վայելում է կյանքը, երբեմն-երբեմն նախատում լրագրողներին ու մյուսներին, թե իրենց պատճառով ոչինչ չստացվեց: Մեկ-մեկ էլ նախատում է ժողովրդին՝ ձեր ձեռքը քա՞քն եմ ընկել:

Իսկ քաղաքական դաշտում որեւէ բան չփոխվեց ու չէր կարող փոխվել, այն ըստ էության քաղաքական այդպես էլ չդարձավ, քանի որ այդ դաշտում դեռ վխտում են ծաղրածուները: Հիմա նրանք այլ բնույթի «փրկիչների» որոնումների մեջ են:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.