Մոռացե՛ք, ժամանակից շուտ ընտրարշավ սկսելու գայթակղությունը

- in Պաշտոնական
Serzh Sargsyan

Սերժ Սարգսյանը ապագա խորհրդարանում որևէ կուսակցության տեղը երաշխավորված չի համարում և հորդորում է բոլորին զերծ մնալ ժամանակից շուտ ընտրարշավը սկսելու գայթակղությունից:

Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ հանդիպմանը

Սերժ Սարգսյանը նշել է` թող ոչ մեկ հույս չունենա, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում լինելու են հեշտ հաղթանակներ:

«Մենք որպես իշխող քաղաքական ուժ՝ կրում ենք նաև լրացուցիչ պատասխանատվություն ընտրությունների կազմակերպման բարձր մակարդակի համար: Ընտրությունները պետք է լինեն օրինակելի: Սա առաջին հերթին պետք է մեր ժողովրդին և պետությանը, բայց չպետք է մոռանալ, որ դրանով պայմանավորվելու է նաև մեր երկրի միջազգային վարկն ու հեղինակությունը: Հայաստանի ստանձնած միջազգային հանձնառությունները պետք է կատարվեն լիարժեքորեն: Իհարկե, յուրաքանչյուր կուսակցություն, առավել ևս նրա ղեկավարը, շահագրգիռ է ավելի շատ քվե ունենալ, բայց ինձ համար շատ ավելի կարևոր են ընտրությունների բնականոն ընթացքն ու օրինականությունը, քան դրանց արդյունքները: Ընտրությունների բնականոն ընթացքն ու օրինականությունը պակաս հաղթանակ չեն և պակաս արժեք չեն մեր հասարակության համար»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը բոլորին հորդորել է մոռանալ ժամանակից շուտ ընտրարշավ սկսելու գայթակղությունը: «Յուրաքանչյուրը զբաղվում է իր աշխատանքով, իր տեղում, բայց՝ կրկնապատկված եռանդով և պատասխանատվությամբ: Երբ մենք առաջարկում էինք սահմանադրական փոփոխություններ, ելնում էինք այն համոզմունքից, որ նոր տարբերակն ավելի ժողովրդավարական է և ընդլայնում է Հայաստանի քաղաքացիների ազատությունների, հետևաբար և հնարավորությունների շրջանակը: Մենք այսօր նույն համոզմանն ենք: Ուրեմն, եկեք դա ապացուցենք գործով, իրական քայլերով: Ուրեմն եկեք կյանքի կոչենք մ եր Սահմանադրությունը»,- եզրափակել է Սերժ Սարգսյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20