Սիրիայում 10 տարի անց ամեն ինչ կարգին կլինի

Asad

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ պատրաստ է հրադադարի՝ պայմանով, որ ահաբեկիչները այն չօգտագործեն իրենց նպատակների համար: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net-ը՝ հղում անելով իսպանական EI Pais պարբերականին տված նրա հարցազրույցին:

«Մենք պատրաստ ենք այդ հրադադարին, բայց կարևորը դրա պատրաստակամության մասին հայտարարելը չէ, այլ այն, որ այդ հրադադարի շրջանակներում թույլ չտրվի ահաբեկիչների դիրքերի ամրապնդում: Կարևոր է, որ որոշ երկրների, հատկապես Թուրքիային արգելվի ուղարկել սպառազինություն և նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել ահաբեկիչներին»,- ասել է նա:

Ասադը նաև նշել է, որ Ռուսաստանի և Իրանի աջակցությունը անխոս մեծ դեր է խաղացել սիրիական բանակի առաջխաղացման գործում: Նրա խոսքերով՝ Սիրիային ակնհայտորեն անհրաժեշտ է այդ օգնությունը մեկ պարզ պատճառով, այն է՝ գոյություն ունեն մոտ 80 երկրներ, որոնք տարբեր միջոցներով աջակցում են ահաբեկիչներին: «Ոմանք ուղղակիորեն են դա անում, մյուսները՝ դրամական միջոցներով, նյութատեխնիկական աջակցությամբ, զենքով կամ զինյալներով: Ոմանք էլ միջազգային տարբեր հանդիպումների ընթացքում քաղաքական աջակցություն են առաջարկում նրանց»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ սիրիական ընդդիմությունը համաձայնել էր մի քանի շաբաթով դադարեցնել կրակը, եթե Ռուսաստանը դադարեցնի ավիահարվածները Սիրիայում:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծում է, որ ինքը կկարողանա փրկել երկիրը, և 10 տարի անց Սիրիայում ամեն ինչ կարգին կլինի: Այս մասին նա ասել է իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում:

Պատասխանելով հարցին, թե ինքը արդյոք 10 անց կմնա՞ իշխանության ղեկին, Ասադն ասել է, որ իր նպատակը դա չէ: «Ամենակարևորը՝ ինչպես եմ ես տեսնում իմ երկիրը, քանի որ ես իմ երկրի մասն եմ: Այդ պատճառով էլ ես ցանկանում եմ, որ 10 տարի անց ես լինեմ նա, ով կկարողանա փրկել Սիրիան, բայց դա չի նշանակում, թե ես ցանկանում եմ լինել նախագահ: Սիրիայում ամեն ինչ կարգին կլինի, և ես կլինեմ այն մարդը, ով փրկեց իր երկիրը: Այժմ դա իմ աշխատանքն է ու իմ պարտքը»,- հայտարարել է Սիրիայի նախագահը:

Ասադը վստահեցրել է, որ իրեն «չի հետաքրքրում իշխանության մեջ ներկայությունը»:

«Եթե սիրիացի ժողովուրդը ցանկանա, որ ես մնամ իշխանության, ապա ես այնտեղ կլինեմ, եթե չցանկանա՝ չեմ լինի: Եթե ես չկարողանամ օգնել իմ երկրին, այդ ժամանակ անհապաղ կհեռանամ»,- նշել է նա:

Սիրիայի նախագահը ենթադրում է, որ ահաբեկիչները Սիրիա են ներթափանցում Սաուդյան Արաբիայից և Թուրքիայից: Այդ մասին նա հայտարարել է իսպանական EI Pais թերթին տված հարցազրույցում:

«Սաուդյան Արաբիան այդ ահաբեկիչների գլխավոր ֆինանսիստն է: Նրանց ինքնաթիռ են նստեցնում և ուղարկում են Թուրքիա, այնտեղից էլ՝ Սիրիա»,- ասել է Ասադը: Նա ավելացրել է, որ Թուրքիան ահաբեկիչներ էր ուղարկում և… ի սկզբանե ներգրավված է եղել Սիրիայի դեպքերին»:

Ուստի նա անհնարին է համարել Սիրիայի տարածքում սաուդյան կամ թուրքական ցամաքային զորքերի գործողությունները: «Դա պատրվակ է: Եթե դա տեղի ունենա, մենք նրանց կվերաբերվենք որպես ահաբեկիչների: Մենք պաշտպանում ենք մեր երկիրը: Ոչ ոք իրավունք չունի ներխուժելու Սիրիա՝ լինի դա քաղաքական, թե ռազմական տեսանկյունից»,- ասել է Ասադը:

Սիրիայի նախագահը նաև խոստացել է համաներում շնորհել զենքը վայր դրած ընդդիմադիրներին: «Մենք նրանց համաներում կհայտարարենք. դա մենք անում ենք վերջին երկու տարիներին, իսկ վերջերս՝ ավելի հաճախ»,- ասել նա՝ նշելով, որ «օրենքով և Սահմանադրության համաձայն՝ բոլոր նրանք, ովքեր զենք են ուղղում մարդկանց և իշխանությունների դեմ, ահաբեկիչներ են՝ թե՛ իրենց երկրում, թե՛ մեր երկրում, թե՛ աշխարհի ցանկացած երկրում»:

ԱՄՆ իշխանություններն են պատասխանատվություն կրում Սիրիայի հյուսիսում խաղաղ բնակիչների սպանության համար: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը իսպանական EI Pais ամսագրին տված հարցազրույցում:

Ասադի խոսքով՝ ապացույցներ չկան, որ ռուսական օդուժը ռմբակոծել է քաղաքացիական օբյեկտները: Նա նշել է, որ Ռուսաստանը ճշգրիտ հարվածներ է իրականացնում, և խաղաղ բնակչության հետ կապված ոչ մի միջադեպ չի եղել նրա մասնակցությամբ:

«Այդ ամերիկացիներն են սպանել Սիրիայի հյուսիսային հատվածում մեծաքանակ խաղաղ բնակիչների»,- հայտարարել է Ասադը:

Արևմտյան երկրների իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ ռուսական օդուժի ռմբակոծությունների հետևանքով Սիրիայում խաղաղ բնակիչներ են զոհվում: Մասնավորապես այդ մասին հայտարարել են Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Իրավապաշտպանների տվյալներով՝ ռուսական օդուժի իրականացրած ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1000-ը: Մոսկվան կտրականապես հերքում է խաղաղ բնակչության շրջանում իր գործողությունների հետևանքով զոհերի մասին տեղեկատվությունը:

Ընդդիմադիրների առաջադրած հրադադարի պայմանները «անիմաստ են և արժանի չեն նրան, որ Սիրիայի կառավարությունը դրանց պատասխանի»: Այդ մասին շաբաթ օրը «Ալ-Մայադին» հեռուստաալիքին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆեյսալ Մեքդադը: Նա մեկնաբանել է Գերագույն կոմիտեի Էր-Ռիադում հայտարարած «2-3 շաբաթ ժամկետով հրադադար»-ի համաձայնությունը:

Ընդդիմադիրները նշել են, որ պատրաստ են նման քայլի գնալ «զինված խմբավորումների դիրքերին ավիահարվածների ամբողջությամբ դադարեցման դեպքում և միջազգային երաշխիքներով»: Նրանց խոսքերով` հրադադարը պետք է պահպանեն կառավարական զորքերը «բոլոր խմբավորումների նկատմամբ, բացի ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումից»: Սակայն չի հիշատակվել մեկ այլ ծայրահեղական` «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումը:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ զրույցում հայտարարել է, որ երկու կողմերը հաստատել են Սիրիայի պատերազմի ճիրաններում գտնվող տարածքները հումանիտար օգնություն մատակարարել շարունակելու մասին պայմանավորվածությունը: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիին:

Նրանք նաև քննարկել են Ժնևում բանակցությունների առաջընթացն ու պայմանավորվել են շարունակել ռազմական գործողությունների դադարեցման պայմանների քննարկումը:

«Պայմանների հարցում դեռևս լրիվ համաձայնություն չկա, բայց երկու նախարարները գնահատել են օպերատիվ խմբի ջանքերը, որը մշակում է դրանք»,- հայտարարել է Քիրբին:

Նա նշել է, որ պետքարտուղարն ակնկալում է, որ կրակի լրիվ դադարեցում ձեռք կբերվի մոտ ժամանակներս:

Նշվում է, որ Լավրովն ու Քերին ասել են, որ անհրաժեշտ է ընդլայնել Սիրիայում հումանիտար օգնության փոխադրումները:

«Նրանք (Քերին ու Լավրովը) նաև նորից կողմնակցություն են հայտնել, որպեսզի ապահովվի անհապաղ լրացուցիչ հումանիտար հասանելիություն, և որպեսզի ապագա մատակարարումներն իրականացվեն մշտապես և առանց խոչընդոտի»,- նշել են պետդեպում:

Սիրիայում ռուս զինծառայողները ոչնչացնում են գրոհայինների, որոնք ակնհայտորեն Ռուսաստանին թշնամի են անվանում և ԱՊՀ տարածքում զավթողական ծրագրերը չեն թաքցնում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Կրեմլի կայքը:

«Մեր զինված ուժերը միշտ պետք է պատրաս լինեն արագ և ադեկվատ պատասխանել պոտենցիալ սպառնալիքին, հաղթահարել ցանկացած սադրանք և ագրեսիվ գործողություններ»,- ասել է Պուտինը:

Ինչպես նշել է գերագույն հրամանատարը` «ռազմատիեզերական ուժերի օդաչուների, նավաստիների և ապահովման ստորաբաժանման զինծառայողների մարտական աշխատանքն ամենաբարձր գնահատականին է արժանի»:

«Ոչ սովորական պայմաններում նրանք օգնում են Սիրիայի կառավարական բանակին գրոհայիններին կործանելու համար, հակաահաբեկչական պայքարի մյուս մասնակիցներին, ինչպես նաև օգնում են խաղաղ բնակչությանը բռնությունից, բարբարոսությունից և անօգնականությունից»,- ասել է նա:

Էվելինա ՂԱՍԱԲՈՂԼՅԱՆ

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.