Քաղաքապետարանը թույլ չի տալիս ժամը 22:00-ից հետո ակցիա անցկացնել Ազատության հրապարակում

- in Կեղտոտ լվացք

Ազատության հրապարակում 2016 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 25-ն իրականացվելիք հավաքների վերաբերյալ Երևանի քաղաքապետը կիրառել է ժամային սահմանափակում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մասնավորապես, ժամը 22:00-ից հետո Ազատության հրապարակում հավաք անցկացնելու իրազեկումներն ի գիտություն չեն ընդունվել:

Երևանի քաղաքապետի որոշումներում արտահայտված դիրքորոշումների օրինականությունը ստուգված է ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/0791/05/16 վարչական գործով ընդունված և ուժի մեջ մտած դատական ակտով:

Ոստիկանությունն արդեն իսկ հայտարարել է, որ գիշերվա ժամերին հավաքի անցկացման վայրերում արձանագրվել են իրավախախտումների դեպքեր, այդ թվում` անչափահասների մասնակցությամբ: Բացի այդ, գիշերվա ժամերին իրազեկումների մեջ նշված շուրջ 2000 անձանց մասնակցությամբ հավաքների անցկացման ընթացքում անհրաժեշտություն է առաջանալու ապահովել «Հավաքների ազատության» մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումը:

«Մեր քաղաքացիներին խնդրում ենք հարգանքով վերաբերվել վարչական ու դատական ակտերի պահանջներին, անտարբեր մնալ անհնազանդություն ցուցաբերելու` կոնկրետ անձանցից հնչող կոչերին: Հիշեցնում ենք, որ նման կոչերն օրինականությունը խախտելու քարոզչության դրսևորումներ են, և ունենալու են իրավական հետևանքներ:

Ոստիկանությունն իր լիազորությունների սահմաններում ապահովելու է Երևանի քաղաքապետի` ի գիտություն ընդունված որոշման պայմաններով մեր քաղաքացիների` կարծիք արտահայտելու իրավունքի իրացումը: Միաժամանակ, իրավախախտումների յուրաքանչյուր դեպքում ոստիկանությունն արձագանքելու է դրանց հանրորեն վտանգավորության բնույթին համաչափ, այդ թվում` հարկադրանքի կազմակերպված գործադրմամբ»,-նշված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20