…Եթե չլիներ այսքան ողբերգական

- in Վերլուծական
AJ

Խորհրդարանական յուրաքանչյուր ընտրությունից առաջ հայաստանյան կուսակցությունները տենդագին փնտրում են մի քանի ուղիներ.

1.պայմանավորվել ՀՀ բարձրագույն իշխանության հետ,

2.պայմանավորվել Մոսկվայի հետ և այդ պայմանավորվածությունը պարտադրել Երևանին,

3. ձևավորել արևմտամետ միջկուսակցական դաշինք:

Եվ եթե առաջին երկու ուղիների փնտրտուքներն աստիճանաբար ավելի ու ավելի մեծ կարևորություն են ձեռք բերում Հայաստանում, ապա երրորդը՝ արևմտամետ դաշինքի ձևավորումը, արագորեն կորցնում է իր կարևորությունը և նմանվում ժամկետաց դեղորայքի, որը թեպետ դրված է դեղատան դարակներում, սակայն ոչ ոք չի առաջարկում, առավել ևս՝ ոչ ոք չի գնում այն:

Ներհայաստանյան հասարակական-քաղաքական զարգացումներում արևմտամետ կուսակցությունների դերը և նշանակությունը 1996 թ. ՀՀ նախագահի աղմկահարույց և կեղծված ընտրություններից հետո կտրուկ նվազեց: Արևմտյան քաղաքակրթական և քաղաքական արժեքներով ձևավորվող անկախ Հայաստանի Հանրապետության 25-ամյա պատմության 20 տարիների ընթացքում կամ չձևավորվեցին արևմտյան արժեհամակարգով առաջնորդվող քաղաքական ուժեր, կամ արդեն ձևավորված-կայացած կուսակցություններն անգամ աստիճանաբար ինքնամղվեցին դեպի ռուսական քաղաքական հարթություն՝ դրանով իսկ ոչ միայն վերածվելով ՀՀ կուսակցությունների քաղաքական անսկզբունքայնության ինդիկատորի, այլև վտանգելով արևմտյան քաղաքակրթական և քաղաքական արժեհամակարգի կենսունակությունը Հայաստանում:

ՀՀ անկախության 25 տարիների ընթացքում ժամանակի ազդեցիկ չորս քաղաքական ուժեր են իրենց ծրագրերի և գաղափարախոսության հիմքում դրել արևմտյան քաղաքակրթական սկզբունքները և հռչակվել որպես արևմտյան (եվրոպական) ուղղության ջատագովներ: Դրանցից առաջինը Ազգային Ինքնորոշում Միավորումն էր, որը հետագա ներկուսակցական խմորումների հետևանքով, ինչպես նաև ներհայաստանյան զարգացումներում տարակուսելի կեցվածքի պատճառով աստիճանաբար կորցրեց հանրային համարումը: Եվ թեպետ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը շարունակեց մնալ այդ արժեքների անդավաճան նվիրյալը, սակայն իր քաղաքական և անձնական վարքագծով լրջորեն սասանեց հասարակության վստահությունն իր և ԱԻՄ-ի հանդեպ: Աստիճանաբար ԱԻՄ-ը կորցրեց նաև իր երբեմնի նշանակությունը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում:

Երկրորդ քաղաքական ուժը՝ Հայոց Համազգային Շարժումը, ձևավորվեց հենց արևմտյան արժեքների վրա, Հայաստանի անկախության հիմքերում դնելով այդ արժեքները՝ 1990-91թթ. քաղաքական երկու ընտրութուններում ՀՀ հասարակությանն առաջարկելով Հայաստանի զարգացման արևմտյան ուղղությունը և ստանալով վստահության քվե նույն հասարակությունից: Կառավարող կուսակցություն դարձած ՀՀՇ-ն ներհայաստանյան հետագա զարգացումներում աստիճանաբար հրաժարվեց արևմտյան ուղղությունից՝ կեղծելով բոլոր ընտրությունները, իսկ հետագայում ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ վավերացնելով Հայ-ռուսական Մեծ պայմանագիրը, որով Հայաստանի հարավային սահմանների վերահսկողությունն անցավ Ռուսաստանին: ՀՀՇ-ի հենքի վրա ստեղծված ընդդիմադիր «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը դարձավ Հայաստանում ռուսական քաղաքական ներկայության ջերմեռանդ աջակիցը: Երբեմնի արևմտամետ քաղաքական ուժը՝ ՀՀՇ-ն, փոխակերպվեց-փոշիացավ՝ փաստացի դուրս մղվելով քաղաքական զարգացումներից:

ՀՀՇ-ին զուգահեռ 1992թ. Հայաստանում ձևավորվեց այդ կուսակցությունից անջատված հայաստանյան երրորդ՝ երբեմնի արևմտամետ քաղաքական ուժը՝ «Ազգային ժողովրդավարական Միություն» կուսակցությունը ՀՀ հիմնադիր վարչապետ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Սակայն 1996թ. ընտրական և հետընտրական զարգացումներում ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի անվճռական կեցվածքը սկսեց լրջորեն սասանել նրա դիրքերը ՀՀ հասարակական-քաղաքական կյանքում: Անկախ Հայաստանի երբեմնի ամենաազդեցիկ և հանրաճանաչ ընդդիմադիր քաղաքական ուժը՝ ԱԺՄ-ը, որը ազգային և ժողովրդավարական արժեքների, սկզբունքների, այդ գաղափարաբանության միաձուլման ինքնատիպ գործուն օրինակ էր, հետագայում ևս դուրս մղվեց քաղաքական դաշտից: Ճակատագրի դառը հեգնանքով ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը, որը ժամանակին հիմնավորում էր ռուսական գնացքից թռչելու անհրաժեշտությունը և ժամանակը, աստիճանաբար հեռանալով-հրաժարվելով արևմտյան ուղղությունից, հետագայում դարձավ ռուսական քաղաքական գործոնը և Մոսկվայի ազդեցությունը Հայաստանում քարոզող տխրահռչակ «Գրիբոյեդով» ակումբի անդամ: ԱԺՄ հիմնադիր անդամներից ևս մեկը՝ երբեմնի ընդգծված արևմտամետ Շավարշ Քոչարյանը, 2014 թ. նոյեմբերին ՀՀ՝ ԵՏՄ անդամակցությանը նվիրված խորհրդարանական լսումներում ՀՀ փոխարտգործնախարարի պաշտոնում ինքնամոռաց պաշտպանում էր Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հեռանկարը:

Չորրորդ քաղաքական ուժը, որ հայաստանյան քաղաքական դաշտ մտավ Հայաստանի եվրոպականացման՝ ՀՀ եվրոպական ինտեգրման բարձագոչ ծրագրերով և հայտարարություններով, երիտասարդ, նորահայտ, հավակնոտ քաղաքական գործիչներով ձևավորված «Օրինաց երկիր» կուսակցությունն էր: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ՀՀ-ում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանությունների նախընտրելի քաղաքական գործիչն էր: 2006թ. մայիսին ԱԺ «Եվրոպական շարժում» միջազգային հասարակական կազմակերպությունը Ազգային ժողովի՝ դեռևս գործող նախագահ Արթուր Բաղդասարյանին շնորհեց «Տարվա եվրոպացի» տիտղոսը՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Հենրի Կրոների ձեռամբ Բաղդասարյանին հանձնելով տիտղոսակիր դիպլոմը: Մինչ այդ հիշյալ տիտղոսը շնորհվել էր Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյին և Խորվաթիայի վարչապետ Իվո Սանադերին:

Այսօր Արթուր Բաղդասարյանը Հայաստանում ռուսական ներկայության ջերմեռանդ ջատագովներից է, մեկը նրանցից, ով Հայաստանի շահերն ու հետաքրքությունները ստորադասում է Ռուսաստանին, հենց նա է առաջարկում Հայաստանին պատերազմել տարածաշրջանում հանուն ՌԴ ռազմաքաղաքական շահերի: Իսկ ՕԵԿ մեկ այլ ազդեցիկ ներկայացուցիչ՝ Մհեր Շահգելդյանը, Հայաստանը Ռուսաստանի կազմ խցկել փորձող Արա Աբրահամյանի գլխավորած Ռուսաստանի հայերի միության փոխնախագահն է և ԵՏՄ գաղափախոսության ի պաշտոնե ջատագովը:

Երբեմնի արևմտամետ քաղաքական գործիչների այսօրինակ անփառունակ փոխակերպումները կարող էին զավեշտալի լինել, եթե չլինեին այսքան ողբերգական:

Այսօրինակ իրողությունների պայմաններում 2017թ. խորհրդարանի ընտրություններից առաջ արևմտամետ քաղաքական ուժերի ձևավորման ձգտումները և հայտարարությունները կամ նմանվում են գունեղ, սակայն անիրատեսական ցանկությունների, կամ վերածվում են պարզ քաղաքական երեսպաշտության, ինչի պակասը հայաստանյան կուսակցություններում չի զգացվում:

Չնայած հայաստանյան կուսակցությունների՝ այս զավեշտալի, ողբերգական, հուսահատեցնող քաղաքական փոխակերպուկների հարահոսին՝ Հայաստանում հասարակության մի մեծ հատված աստիճանաբար հակվում է դեպի արևմտյան քաղաքակրթություն: Կտրված լինելով հասարակությունից՝ ՀՀ կուսակցություններն այս փոփոխությունները բնավ չեն զգում և չեն նկատում այդ փոփոխությունների ուղղությունը: Իհարկե, հասարակական այդօրինակ փոփոխությունների պատճառը ոչ այնքան արևմտյան արժեհամակարգի ամրակայման ձգտումն է Հայաստանում, որքան հասարակության թևաթափ պրագմատիզմը. այն է՝ ռուսական նորանուն կայսրությունը մսխել է Հայաստանի և հայ ժողովրդի հասարակական-քաղաքական-տնտեսական ապագան՝ ոչ մի հույս չթողնելով այդ ապագայի համար:

Պարզապես Հայաստանի հանրության՝ դեպի Արևմուտք հակվող հատվածի հույսերն ի դերև են եղել Հայաստանի ինքնիշխանության աստիճանական կորստին զուգահեռ: Սա է ողբերգականը:

Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ

Մամուլի ազգային ակումբի նախագահն է։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20