Ի՞նչ կծնվի, եթե օձն ու ոզնին ամուսնանան` 4 մետր փշալար

- in Կեղտոտ լվացք
HYD Serzh

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն այսօր կարծիք է հայտնել, թե ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը դաշնակներին կտա միայն պաշտոններ:

Քաղաքական առումով այդ համագործակցությունը ՀՀ-ին որևէ բան չի տալու. «Իմ կարծիքով, երբ Արմեն Ռուստամյանը հայտարարում էր, թե իշխանությունները հեղինակազրկված են, և նրանք գալիս են ՀՀԿ-ի հետ համագործակցելու, որ երկիրը չկործանվի, ու ՀՀԿ-ն դրանից հետո դաշնակների հետ համագործակցում է, նշանակում է` համակարծիք է: Երկրին որևէ բան չի տալու, ՀՀԿ-ի քաղաքական կուրսը չի փոխվելու: Ես չեմ պատկերացնում` ինչպես է սոցալիստական Դաշնակցությունը համագործակցելու լիբերալ քաղաքականություն տանող ուժի հետ»:

Ի՞նչ կծնվի երկու հեղինակազրկված ուժերի՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ամուսնությունից, Արամ Սարգսյանը պատասխանեց` անեկտոդ հիշելով. «Հարց կար մի ժամանակ, ասում էին` ի՞նչ կծնվի, եթե օձն ու ոզնին ամուսնանան և պատասխանում էին` 4 մետր փշալար»:

Արամ Սարգսյանի հետ համակարծիք չէ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ով կարծում է, թե ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը քաղաքական առողջ գործընթաց է. «Հանրապետության նախագահը և ՀՀԿ-ն հայտարարեցին, որ բաց են քաղաքական համագործակցության համար և այս հայտարարությանն արձագանքեց ՀՅԴ-ն: Հիմա առաջարկը քննարկվում է, և կա քաղաքական համագործակցություն, ինչը ենթադրում է կոալիցիաներ և այլն: Պտղաբերությունն և անպտղաբերությունը ցույց կտա ժամանակը, սակայն կարծում եմ` այս դաշինքը սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու համար են: Այնպես որ պետք չէ մինչ ջուրը հասնելը բոբիկանալ»:

ՀԴԿ նախագահն ի պատասխան հիշեցրեց, որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա եղել է, սակայն պտուղները որևէ մեկը չի տեսել. «10 տարի էր` ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ համգործակցում էր, սակայն քաղաքականության մեջ ի՞նչ փոխվեց, որևէ փոփոխություն եղա՞վ: Այնպես որ մի ասեք, թե ջուրը չտեսած` բոբիկանում ենք, քանի որ ջուրն էլ ենք տեսել, բոբիկացողներին էլ»:

Էվելինա ՂԱՍԱԲՈՂԼՅԱՆ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20