Ադրբեջանը Ռուսաստանից պահանջել է մատակարարել պայմանավորվածություններին համապատասխանող զենք

- in Միջազգային
Zenq

Ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ռազմատեխնիկական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության խնդրին։

Նա հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել ռազմական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը, և որ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկատվությունը, որ Մոսկվայի և Բաքվի միջև գոյություն ունեն ֆինանսական չլուծված հարցեր՝ կապված ռուսական սպառազինություն գնելու պայմանագրերի հետ։

Ոչ վաղ անցյալում Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի կողմից Բաքու կատարած այցի վերաբերյալ Մամեդյարովը հայտարարել է. «Վճարումների հետ կապված որևէ խնդիր չկա, սխալ է այն տեղեկատվությունը, թե Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև այդ հարցում կան ֆինանսական չլուծված հարցեր։ Մենք ամեն բան վճարում ենք պայմանագրերին համապատասխան։

Կա դրանք օգտագործելու խնդիր, այն պլանում, որ Ադրբեջանի գնած սպառազինությունը պետք է համապատասխանի պայմանագրերում ֆիքսված տեխնիկական պարամետրերին։

Դմիտրի Ռոգոզինը ժամանել էր Բաքու, որպեսզի հասկանար, թե որն է այդ պարամետրերին առնչվող խնդիրը։ Նա ստացավ ամբողջական պարզաբանումներ, հարցեր չմնացին։

Մենք խնդիրներ չունենք զենքի պայմանագրերի ֆինանսական աջակցության հետ։ Գլխավորն այն է, որ ապրանքը լինի պայմանավորվածությանը համապատասխան։ Գործարքների իրագործման ժամկետի հարցում ամեն ինչ ընթանում է պլանի համաձայն։

Խնդիրն այն է, որ անհրաժեշտ է ուղղումներ մտցնել սպառազինության մի շարք կոնկրետ տեսակների տեխնիկական պարամետրերում։ Դմիտրի Ռոգոզինի խոսքով՝ դա կարվի ամենամոտ ժամանակներս։ Ընդհանուր առմամբ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները հաջողությամբ զարգանում են կոմերցիոն սկզբունքներին համապատասխան և փոխշահավետ համագործակցության վրա»։

Ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը Մամեդյարովի հարցազրույցի այս հատվածի մասով գրել է, որ Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարում է պայմանավորվածություններին չհամապատասխանող զենք։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20