ԱՄՆ-ն ձգտում է իրականացնել ամերիկյան նոր երազանքը

USA

Գերազանցապես աֆրո-ամերիկյան Վաշինգտոն քաղաքում իսկական գարուն է, որը համընկել է ամերիկյան պատմության մեջ ինչ որ նոր բան գտնելու ամերիկացիների փորձերին: ԱՄՆ-ն վստահ շարժվում է դեպի արդարության մասին նոր երազանքը եւ փորձում է պատմության մեջ նոր դեր ձեռք բերել՝ ազատ պետության եւ հասարակության:

Ազատության համար այդքան շատ բան անելով, ԱՄՆ-ն պարզել է, որ սեփական տանն ազատությունն ակնհայտորեն անբավարար է, եւ ամերիկացիները ձգտում են համարձակ ու առանց բարդույթների սահմանել ազգային ազատության սահմանը կամ շրջանակները, ուշադրություն չդարձնելով այնպիսի վաղեմի ավանդույթին, ինչպիսին գլոբալ անվտանգությունն է:

Սակայն նոր երազանքի մշակումներով հանդերձ, ԱՄՆ-ում այնքան էլ չի ստացվում անտեսել գլոբալ անվտանգությունը, քանի որ առանց այդ չափանիշի ամերիկացիները կդադարեն կայսրություն լինել, իսկ առանց դրա անհնար է ԱՄՆ-ի քաղաքականության ու տնտեսության հաջողությունը: Այս երկուսի համատեղումը առայժմ չի ստացվում, եւ ժամանակ է պետք հանրային լայն մակարդակով այս խնդիրն իմաստավորելու համար:

Ամենազարմանալին տեղի է ունենում նախագահական ընտրությունների մասով, որոնք դեռ չեն սկսել, բայց որոնք լիովին սահմանել են ԱՄՆ համաշխարհային քաղաքականության արժեքն ու նշանակությունը: Հանրապետական կուսակցությունը (մեծ կուսակցությունը) ինչպես երբեւէ շփոթված է ու ապակազմակերպված, եւ եթե նույնիսկ հրաշք տեղի ունենա, եւ Դոնալդ Թրամփը դառնա նախագահ, դա չի նշանակի հանրապետականների վերածնունդը: Հանրապետական կուսակցությունն այլեւս չի բազավորվում այն ավանդական հասարակության վրա, որն ԱՄՆ-ում ձեւավորվել է տասնամյակների ընթացքում:

Թրամփի խնդիրը դարձել է Հանրապետական կուսակցության մարգինալացումը, թեեւ այն գերիշխում է Կոնգրեսում: Հանրապետական առաջատար շրջանակները շփոթված են, միեւնույն ժամանակ չէին ցանկանա անգործության մատնվել եւս 8 տարի եւ կցանկանային կարեւոր դիրքեր զբաղեցնել Դեմոկրատական վարչակազմում:

Ներկայում պահպանողական տրամադրված մի քանի տասնյակ հանրապետականներ որոշում են ընդունել ընտրություններին աջակցել Հիլարի Քլինթոնին, նոր վարչակազմում արժանի դեր ստանալու հույսով: Ընդ որում, նրանք հանդես են գալիս որպես բազմափորձ վարչարարներ, առանց որոնց Քլինթոնը պատրաստ չի լինի նոր քաղաքականությանը, որը տարբերվելու է Օբամայի քաղաքականությունից:

Իսկ այդպիսի քաղաքականություն սպասում են շատերը, այդ թվում նրանք, ովքեր քիչ ինչ անտարբեր են արտաքին քաղաքականության հարցում: Հանրապետական Ռոբերտ Կագանը՝ Վիկտորիա Նուլանդի ամուսինը, հայտարարում է, որ եթե Քլինթոնը հետագայում էլ հռչակի հակառուսական կուրս, ինքը Հանրապետական կուսակցությունից կանցնի Դեմոկրատական:

Փորձագետների 90 տոկոսը, այդ թվում հանրապետականներ, կցանկանային նախագահի պաշտոնին տեսնել Հիլարի Քլինթոնին, համարելով, որ Թրամփն անընդունակ է արտաքին քաղաքականության մեջ: Սակայն ոչ բոլորն են այդպես կտրուկ արտահայտվում Թրամփի հասցեին, ենթադրելով, որ նրա օրոք կլինեն լիովին նոր վարչարարներ, այդ թվում Պետդեպի ու Պենտագոնի ղեկավարների մասով:

Վաշինգտոնում խիստ մտահոգ են Օբամայի արտաքին քաղաքականությամբ, գտնելով, որ այդ քաղաքականությունը լիովին տապալված է: Ամերիկացիները «հանգիստ են թողել» Չինաստանին եւ պատրաստվում են Ռուսաստանին զսպելու նոր քաղաքականությանը, որպես երկիր, որը վերհիշել է կայսրությունը եւ վարում է լիովին անհամարժեք ու վտանգավոր քաղաքականություն:
Շատերն են մտահոգ Ռուսաստանով, եւ անկախ կուսակցական պատկանելությունից, այն դիտարկվում է էքսպանսիոնիստական պետություն, եւ հարկ է ոչ թե պարզապես ճնշում գործադրել նրա վրա, այլ խեղդել, ցուցադրելով բոլոր առումներով նրա հետամնացությունը:

Այն շրջանակները, որոնք զբաղվում են Ռուսաստանի վասալներով, ակտիվ են ինչպես երբեք, եւ ենթադրում են նոր ակտիվ փուլեր այդ վասալների ճակատագրում: Նրանք ոչ թե պարզապես քննադատում են Օբամային, նրանք Օբամայի արտաքին քաղաքականությունը համարում են հանցավոր, ինչն այդ նախկին խորհրդային պետություններին հասցրել է այս վիճակին: Երկար տարիների ընթացքում նրանք փորձել են նոր գործընկերներ գտնել հանրապետականների մեջ, սակայն պարզվել է, որ դեմոկրատների մեջ էլ բավարար դաշնակիցներ կան:

Տեղի է ունեցել այն, ինչն ընդունված է անվանել կոնվերգենցիա, այսինքն՝ դեմոկրատների ու հանրապետականների մերձեցումը, նրանց միավորումը սպառնալիքներին հանդիման, որոնք իրականություն են դարձել: Պետք է ասել, որ հավատավոր հանրապետականները հանդես չեն գալիս Քլինթոնի դեմ, այլ միայն ձգտում են ամեն գնով իշխանության բերել հանրապետականին: Օբաման նրանց վատություն է արել ավելի, քան Ջորջ Բուշը որեւէ մեկին:

Որպես հնարավոր պետքարտուղար նշվում են տարբեր մարդիկ, այդ թվում Սթրոբ Թելբոթը, չնայած տարիքին: Սակայն դա ազատական տարբերակն է, լիովին հնարավոր է նաեւ հանրապետական, օրինակ այն մարդկանցից, ովքեր աշխատում են Մակքեյնի աղմուկ հանած Ինստիտուտում:

Ընդհանուր առմամբ, համարվում է, որ Հիլարի Քլինթոնն այնքան անատամ չի լինելու, որքան Օբամայի քաղաքականությունը, նա շատ է հիշեցնում մադամ Թետչերին ու մի քիչ Մերկելին: Համենայնդեպս, Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների քաղաքականությունը կպահպանվի ու ավելի կոշտ կդառնա: ԱՄՆ-ն մտադիր է հատկապես ուժեղացնել պայքարը Ռուսաստանի էքսպանսիայի դեմ: Իրականում ամերիկացիները մտադիր են խեղդել Ռուսաստանը եւ նրա վասալներին առաջարկել դուրս գալ սապոգի տակից:

ԱՄՆ-ն ձգտում է իրականացնել ամերիկյան նոր երազանքը, ներքին քաղաքականության մեջ ազատությունը համատեղելով գլոբալ անվտանգության հետ, որպես արտաքին քաղաքականության հիմք:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ

Վաշինգտոն, մարտ 2016; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20