Այսօր Հայաստանի դեմ վճիռ կկայացվի

- in Իրավունք
dat

2016 թ. մարտի 17-ին կհրապարակվի Մատաղիսի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի վերաբերյալ վճիռը:

ՄԻԵԴ ներկայացված գանգատով դիմումատուներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջել են ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ (Խոշտանգումների արգելում) և 5-րդ (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտումները:

Հիշեցնենք, որ 2004 թ. ապրիլի 19-ին ԼՂՀ Մատաղիսի զորամասի ժամկետային զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը հրավիրվել են հրամանատարի սենյակ՝ 2003 թ. դեկտեմբերին սպանված երկու զինծառայողների գործով հարցաքննության նպատակով: Սկզբում նրանք հարցաքննվել են որպես վկաներ, ապա զինվորական ղեկավարությունը փորձել է բռնությամբ ստիպել, որ վերջիններս ընդունեն մեղքը:

Ի տարբերություն Ա. Զալյանի և Մուսա Սերոբյանի՝ Ռազմիկ Սարգսյանը ճնշումների ներքո ընդունել է իր և երկու ծառայակիցների մեղքը:

2005 թ. մայիսին Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը դատապարտվել են նախ՝ 15 տարվա, ապա՝ ցմահ ազատազրկման և ազատազրկման վայրում անցկացրել 3 տարի:
2012 թ. դեկտեմբերի 18-ին նրանք արդարացվել են:

Հետաքրքրական է, որ քննիչ Արմեն Հակոբյանը, որի ակնհայտ ապօրինի գործողությունների արդյունքում տեղի էր ունեցել դատական սխալ, և անմեղ մարդիկ էին դատապարտվել, այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց, ավելին՝ նրա պաշտոնը բարձրացվեց, և այսօր Արմեն Հակոբյանը ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետն է:

Պատասխանատվության չենթարկվեց նաև այդ ժամանակվա զինդատախազ, այժմ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Գագիկ Ջհանգիրյանը, ում անմիջական ղեկավարությամբ տեղի էին ունեցել վերոնշյալ ապօրինությունները:

Մարտի 17-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կկայացնի Հայաստանի Հանրապետության դեմ:

Պաշտոնատար անձինք, որոնց պատճառով Հայաստանի Հանրապետությունը հերթական կորուստներն է կրելու, շարունակում են պաշտոնավարել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20