Արդյո՞ք ճիշտ է ասել «Իշխանությունը ջհանդամիս աշխատի»

- in Հրապարակ
shtap ohnutyun 1

Առողջապահության ոլորտի աշխատանքը տեսանելի է բոլորին՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, տարիքից և սեռից: Նրանում որոշակի առաջնահերթություն ունի շտապ օգնության աշխատանքի կազմակերպումը:

«Շտապ օգնության» բժիշկը հերթապահությունը ընդունելիս իր 24-ժամյա աշխատանքի ընթացքում բազմաթիվ իրավիճակներում փրկում է մարդկային կյանքեր: Լինելով տարբեր սթրեսային իրավիճակներում՝ բժիշկները ևս ունենում են ծանր պահեր, որի արդյունքում հնարավոր է լինի նաև պոռթկում:

Օրերս Երևանի «Շտապ օգնության» բժիշկ Վահրամ Անդրեասյանը աշխատանքից հեռացվեց՝ մարտի 4-ին իր հերթապահության ժամանակ լեզվի սայթաքման պատճառով՝ կանչի ժամանակ հիվանդին ասելով «ջհանդամիս գաս» արտահայտության համար:
Ինչ խոսք, հիվանդի նկատմամբ հոգածությունը և պատշաճ վերաբերմունքը առաջին հերթին անհրաժեշտ է հիվանդին, հատկապես տարեց մարդու պարագայում:

Քաղաքացիները հաճախ են լսում, թե ինչպիսի բառապաշարով են հանդես գալիս մեր օրվա իշխանավորները: Այն հաճախ ոչ միայն բառակույտ է, այլ պարզապես փողոցի պատանիների լեքսիկոն: Սակայն նրանց ոչ ոք նույնիսկ չի նախատում, այդ ամենը վերածում են հումորի: Ասում են՝ մեծ մարդ էր, մի բան ասելա, փոխանակ ասեն՝ գլխից դուրս է տվել, կամ՝ կնոջ ասածը ուղղակի մի՛ ընկալեք: Եվ այս ամենը տեղավորվում է ԱԺ-ի էթիկայի հանձնաժողովի կանոնակարգում:

Իշխանության անելիքը ոչ թե բառախաղով զբաղվելը պետք է լինի, այլ պետք է պետական բյուջեից լուրջ հատկացումներ կատարի առողջապահության ոլորտում, հատկապես «Շտապ օգնության» ավտոպարկի թարմացման և արդիականացման ուղղությամբ: Փոխարենը օրենսդիրները հարկային արտոնություններ են տալիս տարբեր շահութաբեր ընկերություններին, փորձում են կենսաոլորտի սակագների բարձրացման հաշվին փակել օտարերկրյա սեփականատերերի պարտքերը:

Անդրադառնալով բժշկին աշխատանքից ազատմանը՝ կարծում եմ 20 տարվա աշխատանքային կենսագրություն ունեցող «Շտապ օգնության» բժշկին չէր կարելի հեռացնել աշխատանքից: Ճիշտ կլիներ նրան կարգապահական որևէ տույժ նշանակել, բայց ոչ երբևէ հացից կտրել…

Այս տրամաբանությամբ եթե շարժվենք, իշխանությունում մի քանի հոգի կմնա, որ ձեռքով, ոտքով կամ հայհոյանքով չի խոսում:

Մնում է ասել, իշխանությունը կարողանում է ճիշտ աշխատել՝ թող աշխատի, չի կարողանում աշխատել՝ ջհանդամիս աշխատի:

Գառնիկ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20