ԵՄ-ն գրեթե երբեք այսքան շատ չի ունեցել Թուրքիայի կարիքը

- in Միջազգային

ԵՄ-ն գրեթե երբեք Թուրքիայի կարիքը չի ունեցել այնքան ուժգին, որքան ներկայումս է, և Անկարան գրեթե երբեք ԵՄ-ի համար չի եղել այսչափ տհաճ գործընկեր։

Բրյուսելը ձգտում է Թուրքիայի օգնությամբ լուծել փախստականների ճգնաժամը, սակայն կան մի շարք գործոններ, որոնք բարդացնում են կողմերի փոխգործակցությունը։

Այսօր Բրյուսելում տեղի է ունենալու ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը, որում քննարկվելու է ներգաղթյալների խնդրի լուծման հարցը։ Սակայն Անկարան իր գործողություններով ցույց է տալիս, որ գնալով դառնում է ավելի ավտորիտար ու անկանխատեսելի պետություն, ինչի մասին վկայում են երկրի խոշորագույն Zaman օրաթերթի ճնշումները, որոնք դատապարտվել են ԵՄ կողմից։

Բացի դրանից՝ ԵՄ-ին մտահոգում է Սիրիայում տիրող իրավիճակի ֆոնին Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը։ ԵՄ-ն ներկայումս մտավախություն ունի, որ Մոսկվայի և Անկարայի միջև բախումները կարող են կրկնվել։ ԵՄ-ն հաշվի է առնում, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և էսկալյացիայի ռիսկերը չափազանց մեծ են՝ կապված ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության մասին հոդվածի հետ։

Չնայած բոլոր դժվարություններին ու մտավախություններին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին նախկինի նման հուսով է Թուրքիայի օգնությամբ լուծել փախստականների հարցը, հակառակ դեպքում դրա այլընտրանքը կարող է լինել ԵՄ-ի երկրների միջև ներքին սահմանների վերականգնումը։

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ որևէ մեկը չպետք է տպավորություն ստեղծի, թե Թուրքիային կարող է յուրաքանչյուր պահի ներքաշել պատերազմի մեջ։

Դավութօղլուն ընդգծել է, որ չնայած «հրե օղակին», որում վերջին 5 տարում գտնվում է Թուրքիան, և այն փաստը, որ երկիրը գտնվում է պատերազմի շեմին, նրան ամեն դեպքում հաջողվել է պահպանել կայունություն ու ժողովրդավարություն:

«Անցկացվել է 5 ընտրական կամպանիա։ Մենք որևէ վնաս չենք հասցրել Թուրքիայի կայունությանը, և թող ոչ ոք տպավորություն չստեղծի, որ Թուրքիան կարող է յուրաքանչյուր պատերազմի մեջ մտնել ամեն պահի։ Մենք թույլ չենք տա Թուրքիան ներքաշել արկածախնդրության մեջ»,- ասել է նա։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20