Երևանի արվարձանում բացվել է հայ-ռուսական հումանիտար կենտրոն

- in Պաշտոնական
Hovik Abrahamyan

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Երևանի արվարձանում՝ Գետարգելում, բացված հայ-ռուսական հումանիտար կենտրոնը նախատեսված է Կովկասի տարածաշրջանի համար: 

«Հայ-ռուսական հարաբերությունները հարուստ պատմություն ունեն՝ դրանք համագործակցության և եղբայրության տարիներ, տասնամյակներ են: Այսօր մեր հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են, դրանում շատ ու շատ սերունդների ավանդն է… Այսօր սկսվում է մեր համագործակցության և հարաբերությունների նոր պատմական փուլ»,- ասել է վարչապետը ուրբաթ հումանիտար կենտրոնի բացմանը:

«Վստահ եմ, որ բոլոր այն առաջադրանքներն ու խնդրահարույց հարցերը, որոնք դրել են մեր երկրների ղեկավարներն ու կառավարությունները, կիրագործվեն ամենաբարձր մակարդակով: Վստահ եմ, որ դրան (կենտրոնին) լավ ապագա է սպասվում»,- նշել է Աբրահամյանը:

Իր հերթին, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը նշել է, որ կենտրոնը կնպաստի անվտանգության ապահովմանը, փրկարարների որակավորման բարձրացմանը և ինովացիոն տեխնոլոգիաների համատեղ ներդրմանը:

«Հենց մեր ծառայությունների սերտ փոխգործակցությունն է Ռուսաստանի և Հայաստանի կենսագործունեության անվտանգությանն ուղղված, ամենաինովացիոն գաղափարների և տեխնոլոգիաների ներդրման բոլոր առաջադրանքների կատարման երաշխիքը, որոնք ապահովում են քաղաքացիների կյանքի և առողջության պաշտպանությունը, նաև տարբեր նախագծերի իրագործումը»,- ասել է Պուչկովը:

Նրա խոսքով՝ կենտրոնը նաև կնպաստի հումանիտար խնդիրների իրականացման, արտակարգ իրավիճակնրի մոնիթորինգի, կատակլիզմների, տեխնածին վթարների և այլ խնդիրների առաջացման ռիսկի կանխարգելման, նաև աղետների գոտիներում տուժածներին օգնություն ցուցաբերելու արագ և օպերատիվ արձագանքման հարցերում Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության կազմակերպմանը:

Կենտրոնի առաջնահերթ առաջադրանքներն են՝ աջակցություն որոնողափրկարարական գործողություններին, լեռնային շրջաններին առավել բնորոշ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացում, հրդեհների մարում, հումանիտար օգնության ցուցաբերում, ազգային արտակարգ ծառայությունների անձնակազմի որակավորման բարձրացում, բնակչության և տարածքների պաշտպանությանն ուղղված՝ տարածաշրջանում պահանջված այլ ուղղությունների իրագործում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20