Երևան-Սևան ճանապարհին թաղման մեկնող ամուսինները վթարի են ենթարկվել. կինը մահացել է

- in Հասարակություն
vtar

Այսօր՝ մարտի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Mitsubishi Pajero IO մակնիշի 07 ՏՏ 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան – Սևան ավտոճանապարհի 44.800 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 56-ամյա Աիդա Բարսեղյանը տեղում մահացել է, իսկ 1 հոգի՝ 63-ամյա Ենոք Դիլբարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Հրանտ Վարդանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, և միայն վթարից հետո եղանակի տաքացման հետ սառույցը սկսել է հալչել:

Մի քանի հավաքվածներ էլ ասում էին, որ մահացածն ու վիրավորն ամուսիններ էին, վարորդը նրանց որդին է, և նրանք մեկնում էին Վարդենիս՝ թաղման արարողության մասնակցելու:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20