Ահազանգ՝ պայթեցվելու է Մոսկվա – Երևան օդանավը. «Զվարթնոց» օդանավակայանում ստուգումների արդյունքում դեռևս ոչինչ չի հայտնաբերվել

- in Հրապարակ
Zvartnoc odanavakayan

Ըստ տեղեկությունների՝ անվտանգության մարմինները տեղեկատվություն են ստացել, որ այսօր՝ մարտի 24-ին, երեկոյան Մոսկվայից ժամանող ինքնաթիռը պայթեցվելու է: «Զվարթնոց» օդանավակայանում մասնագետները աշխատում են արտակարգ ռեժիմով:

168.am–ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Մոսկվա-Երևան ինքնաթիռը պայթեցնելու տեղեկությունների վերաբերյալ:

Մեր տեղեկություններով՝ անվտանգության մարմիններն ինքնաթիռը պայթեցնելու մասին տեղեկատվություն են ստացել էլեկտրոնային փոստով: Իրավապահ և անվտանգության համապատասխան մարմիններն այժմ ճշտում են, թե որ երկրից է ուղարկվել տեղեկատվությունն այն մասին, թե ինքնաթիռը պայթեցվելու է: Ստացված ահազանգի մասին հայկական կողմը տեղեկացրել է նաև ռուսական կողմին, քանի որ վերջիններս նման տեղեկություն չէին ստացել:

Մեր տեղեկություններով՝ խոսքը Մոսկվա-Երևան չվերթի մասին է. այն Հայաստան պետք է ժամանի այսօր, ժամը 19:40-ին: Չվերթն իրականացնում է «Vim Airlines» ընկերությունը: Այդ մասին տեղեկություն առկա է նաև «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքում, որի տվյալների համաձայն՝ ինքնաթիռը Հայաստան է ժամանելու ժամանակին:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը պարզաբանում է տարածել «Զվարթնոց» օդանավակայանում արտակարգ իրավիճակի մասին տեղեկատվության վերաբերյալ:

«Մարտի 24-ին ստացվել է տեղեկատվություն, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում իբր տեղի է ունենալու պայթյուն: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ընդունվել է որոշում` ըստ սահմանված կարգի այդ մասին տեղեկացնել համապատասխան պետական կառույցներին:

Վերջիններս ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ հակազդող գործողությունները: Տեղեկատվության ստուգելու արդյունքում դեռևս ոչինչ չի հայտնաբերվել»,-նշված է ՔԱԳՎ մամլո քարտուղարի տարածած պարզաբանման մեջ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20