Էյր Արմենիան վերադառնու՞մ է

inqnatir

Արմինֆո գործակալությունը հայտնում է, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ Ընդհանուր իրավասության դատարանը հաստատել է Էյր Արմենիա ավիաընկերության ֆինանսական առողջացման ծրագիրը:

Ընկերության գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանը գործակալությանը ասել է, որ ընկերությունը հույս ունի առաջիկայում վերսկսել թռիչքները, իսկ պարտքերը մարել 24 ամիսների ընթացքում:

Դեռեւս նախորդ շաբաթ ընկերության ֆինանսական առողջացման ծրագիրը հավանության էին արժանացրել պարտատերերը: Ծրագիրը ներառում է ենթակառուցվածքների վերականգնում, օդանավերի լիզինգային վարձակալում:

Արսեն Ավետիսյանը ասել է, որ ներկայիս փուլում ծրագրվում է վերջնական համաձայնեցում տեղի եւ արտերկրի գործընկերների հետ:

Նա ասել է, որ ընկերությունն ունի շահագործողի արտոնագիր եւ մնում է միայն երկարացնել դրա ժամկետը: Ավետիսյանը հայտարարել է նաեւ, որ առողջացման ծրագիրը կազմվել է հաշվի առնելով Բաց երկքնի քաղաքականության պայմաններում հնարավոր բոլոր ռիսկերը:

Միաժամանակ նա ասել է, որ շարունակում են պնդել շուկայի բոլոր խաղացողների համար հավասար պայմանների անհրաժեշտությունը: Ավետիսյանն ասել է, որ եթե ռուսական ընկերություններն ունեն արտոնություններ, ապա համապատասխան պայմաններ պետք է ապահովվեն նաեւ տեղական ավիափոխադրողների համար:

Միաժամանակ Ավետիսյանն ասել է, որ չեն վախենում նորաստեղծ Արմենիա ավիաընկերության հետ մրցակցությունից: Այդ ավիաընկերությունը իր գործունեության մասին հայտարարեց օրերս, խոստանալով մատչելի ավիատոմսեր տարբեր, այդ թվում եվրոպական ուղղություններով:

Էյր Արմենիան հայկական ավիաշուկա էր մտել Արմավիայի սնանկացումից եւ Բաց երկնքի քաղաքականություն հայտարարելուց հետո: Ավիաընկերությունը հայկական միակ ավիափոխադրողն էր, որը սակայն չկարողացավ մրցել ռուսական ընկերությունների հետ: Էյր Արմենիայի ղեկավարությունը ֆինանսական խնդիրների եւ ի վերջո գործունեությունը դադարեցնելու համար մեղադրեց ռուսական ընկերություններին՝ անբարեխիղճ մրցակցություն վարելու համար: Որոշ ժամանակ անց Էյր Արմենիան հայտարարեց նոր բաժնետեր ունենալու եւ ֆինանսական առողջացման հեռանկարների մասին:

2015 թվականին Էյր Արմենիան East Prospect Faund ներդրումային հիմնադրամից ստացավ 68,6 միլիոն դոլար, ինչի դիմաց հիմնադրամը դարձավ ընկերության 49 տոկոսի բաժնետեր: Հիմնադրամի կառավարիչ Վլադիմիր Բաբիլովը հայտարարեց, որ մտադիր են Էյր Արմենիայում ներդնել 30 միլիոն դոլար, սակայն դա դեռ ամբողջական նպատակը չէ եւ ծրագրում են գործունեության ընդլայնում, հայտնում է Արմինֆոն: Գործակալությունը հայտնում է, որ East Prospect Fund հիմնադրամը արտոնագրված ֆինանսական կառույց է, որը գրանցված է բրիտանական Վիրջինյան կղզիներում:

Հիշեցնենք, որ օրերս էլ Երեւանում հայտարարվեց Արմենիա ավիաընկերության մուտքի մասին, որը առաջին չվերթն իրականացնելու է ապրիլին: Փաստացի ստացվում է, որ մոտ ապագայում հայկական ավիաշուկայում կարող են գործել հայկական երկու փոխադրողներ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20