Էրդողանն ԱՄՆ-ից ստացել է նրա դժգոհությունն ընդգծող 3 ուղերձ և սպառնում է վերսկսել Սիրիայի քրդերի դիրքերի հրետակոծությունները

- in Միջազգային
Erdoghan Putin

Վերջին շրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շարունակ ուղերձներ է ստանում ԱՄՆ կողմից, որոնք ընդգծում են Էրդողանի պահվածքից նրա դժգոհությունը։

Նախ հաղորդվեց, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկկողմ հանդիպում չի ունենալու Էրդողանի հետ զբաղված լինելու պատճառով։ Դա Էրդողանին հասցեագրված մեծ ուղերձ էր։

Ապա հաղորդվեց նոր ուղերձի մասին, որ Պենտագոնը Թուրքիայի հարավ-արևելքից դուրս է բերում զինվորականների ընտանիքներին՝ կապված այդ շրջանների անվտանգ չլինելու հետ։

Եվս մեկ ուղերձ հայտնվեց ԱՄՆ Էրդողանի ժամանումից անմիջապես հետո։ Երբ Էրդողանի մասնավոր ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգտոնում՝ Էնդրյուս ավիաբազայում, նրան այստեղ դիմավորել են Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն և Վաշինգտոնում ԱՄՆ դեսպան Սերդար Քըլըչը։ Դիմավորողների թվում չի եղել ամերիկացի բարձրաստիճան որևէ պաշտոնյա։

Թուրքիան ուշադիր հետևում է Սիրիայի հյուսիսում տեղի քրդերի ինքնապաշտպանական ուժերի տեղաշարժերին ու պատրաստ է վերսկսել նրանց դիրքերի հրետակոծումները, եթե նրանք փորձեն անցնել Ջերաբլուս ու Ազեզ քաղաքների միջև ճակատային գիծը։ Այս մասին թերթին հայտնել է նրա ռազմական աղբյուրը։

Աղբյուրի խոսքերով՝ Սիրիայի քրդերը պատրաստվում են ԴԱԻՇ-ից ազատագրել Մյունբիչ քաղաքը, որը գտնվում է Թուրքիային սահմանակից Ջերաբլուս քաղաքից 40 կիլոմետր հեռավորության վրա։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ը ծրագրում է ԴԱԻՇ-ին դուրս մղել թուրքական սահմանի ու Մյունբիչի միջև ընկած տարածքից և այնտեղ տեղակայել Սիրիայի քրդերի ուժերը։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչները Մյունբիչի շրջանում հարվածում են ԴԱԻՇ-ի դիրքերին։

Աղբյուրը վստահեցրել է, որ թուրքական բանակը մուտք չի գործի Սիրիա, եթե քրդական ուժերը դուրս գան Ջերաբլուս-Ազեզ գիծ, սակայն թուրքական հրետանին, որը տեղակայված է սահմանային գոտում, կսկսի ինտենսիվ կրակի տակ պահել Սիրիայի քրդերի դիրքերը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20