Էրոս Ռամազոտտին համերգ չի տա Երևանում

Էրոս Ռամազոտտիի 2015-2016 թվականների համաշխարհային համերգային շրջագայության կազմակերպիչ Trident Music Srl պրոդյուսերական ընկերությունը հայտարարել է արտիստի` Էստոնիայում, Ռուսաստանում և Հայաստանում կայանալիք համերգային շոուների չեղարման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին նշել է Trident Music Srl-ի ներկայացուցիչ Մաուրիցիո Սալվադորին:

Ընկերությունը նշում է, որ համերգները դադարեցվում են նշված երկրներում շրջագայության ռուսաստանյան կազմակերպիչ Global Communications ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման պատճառով: Global Communications ընկերության ղեկավարն է Անդրեյ Ագապովը:

«Global Communications-ը բազմիցս խախտել է պայմանագրով ամրագրված ֆինանսական պարտավորությունները՝ ներառյալ Էրոս Ռամազոտտիի համերգային շոուն միջազգային բարձր մակարդակով կազմակերպելուն ուղղված դրամական միջոցների վճարումը Trident Music Srl պրոդյուսերական ընկերությանը: Trident Music Srl-ը իրավունք ունի դիմել դատարան՝ Global Communications-ի դեմ հայցով և պահանջել կրած խոշոր չափի վնասի փոխհատուցում»,- նշել է ընկերության ներկայացուցիչը:

Ֆորպոստարտ Պրոդաքշընի գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը տեղեկացրեց, որ ընկերությունը բանակցություններ էր վարում Trident Music Srl-ի հետ՝ ի դեմս Մաուրիցիո Սալվադորիի, ով պատրաստ էր գնալ զիջումների և սպասել ևս 2 օր՝ ստեղծված իրավիճակում երևանյան շոուի կազմակերպման հնարավորության հարցը հստակեցնելու համար:

«Մենք դիմեցինք մի քանի հայ գործարարների՝ համերգը փրկելու ակնկալիքով, սակայն դրական պատասխան չստացանք: Եվ արդյունքում, Էրոս Ռամազոտտի երևանյան համերգը վերջնականապես չեղյալ է հայտարարվում՝ համաձայն Trident Music Srl-ի որոշման»,- տեղեկացրել է Մխեյանը:

Դադարեցվել է Հայաստանում համերգի տոմսերի վաճառքը:
«Բնակչության դրամական միջոցների փոխհատուցումը իրականացվում է Պատվիրատուի կողմից, ինչի կապակցությամբ էլ, Ֆորպոստարտը, որ նույնպես հանդիսանում է տուժող կողմ, ամենասեղմ ժամկետներում կպատրաստի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և Global Communications ընկերության դեմ դատական ատյաններին հայցադիմում կներկայացնի:Հայցադիմումով մենք պահանջելու են ֆինանսական վնասի, բաց թողնված օգուտի, տուժանքների, ինչպես նաև բարոյական վնասի և մեր ընկերության բարի համբավին հասցված վնասի փոխահատուցում»,-տեղեկացրեց Զառա Մխեյանը:

Ֆորպոստարտ Պրոդաքշընի գլխավոր տնօրենը շեշտեց, որ Բաքվում ապրիլի 28-ին նախատեսված Էր Ռամազոտտի համերգը՝ կապված վերը նշված կոնֆլիկտի հետ (Global Communications-ի և Trident Music Srl-ի միջև), նույնպես չեղյալ էր հայտարարվել: Սակայն, Հեյդար Ալիևի ֆոնդի ֆինանսական օժանդակությամբ այն Բաքվում կկայանա, այս պահի դրությամբ՝ ապրիլի 27-ին:

«Վրաստանում ևս, իրենց մշակույթի նախարարության աջակցությամբ, ինքնուրույն լուծել են իրենց ֆինանսական խնդիրները Trident Music Srl-ի հետ և այս պահի դրությամբ Է. Ռամազոտտի համերգը Թբիլիսիում կկայան ապրիլի 24-ին»,- եզրափակեց նա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20