Թուրքիան ԼՂ հարցում աջակցել ու աջակցելու է Ադրբեջանին

- in Կեղտոտ լվացք
LGHH

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում տեղի ունեցած Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 5-րդ նիստի արդյունքներով լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ապրիլի 25-26-ին ժամանելու է Ադրբեջան, որտեղ մասնակցելու է միջմշակութային երկխոսության միջոցառմանը (ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի գլոբալ 7-րդ ֆորումին)։

Էրդողանը կարևորել է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի շփումների շարունակումը. «Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստերը հերթականությամբ կանցկացվեն Թուրքիայում ու Ադրբեջանում։

Հետագայում մեր շփումները կշարունակվեն։ Ստամբուլում անցկացվելու է Իսլամական համագործակցության նիստը, որտեղ մենք նորից կհանդիպենք։ Ապրիլի 25-26-ին միջմշակութային երկխոսության միջոցառման կապակցությամբ ես կլինեմ Բաքվում։ Մենք նաև կհանդիպենք Վաշինգտոնում՝ միջուկային գագաթնաժողովի շրջանակներում»։

Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ Էրդողանը հայտարարել է, որ իրենք այդ հարցում աջակցել և աջակցելու են Ադրբեջանին։

Անկարայում տեղի ունեցած Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության 5-րդ խորհրդի արդյունքներով երկու երկրների միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ։

Դրանք առնչվել են նաև արդարադատության ոլորտին, վարորդական վկայականների երկկողմ ճանաչմանը։ Բացի այդ, ստորագրվել է նիստի հռչակագիր։

Էրդողանն ընդգծել է, որ իրենք նիստի ժամանակ քննարկել են էներգետիկ, տրանսպորտային, հաղորդակցային, պաշտպանական արդյունաբերությանն ու ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր։

Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այն անցկացվել է տետ-ա-տետ ձևաչափով։

Հանդիպման ավարտից հետո մեկնարկել է Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 5-րդ նիստը։ Այն պետք է տեղի ունենար Բաքվում, սակայն Անկարայի ահաբեկչությունից հետո Ալիևը նախաձեռնել է հանդիպումն անցկացնել Թուրքիայի մայրաքաղաքում։

Էրդողանը ողջունել է այդ նախաձեռնությունը. «Ես շնորհակալություն եմ հայտնում մեր ադրբեջանցի եղբայրներին։ Մենք պետք է Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստն անցկացնեինք Բաքվում, սակայն ահաբեկչությունից հետո նախագահ Իլհամ Ալիևն առաջարկեց նիստն անցկացնել Անկարայում։

Այդ քայլը կարևոր է Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ պայքարի տեսանկյունից։ Համարում եմ, որ դա ևս մեկ անգամ ապացուցում է հանգուցյալ Հեյդար Ալիևի «Մեկ ազգ, երկու պետություն» խոսքերի ճշմարտացիությունը։ Ադրբեջանն այն ընկերներից է, որոնց ճանաչում ես դժբախտության ժամանակ։ Ես բոլորին խորհուրդ եմ տալիս հաշվի առնել եղբայրական այս ուղերձները և դրանից եզրակացություններ կատարել»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20