Թրամփը կողմ է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններին և կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի գոյության անհրաժեշտությունը

Donald Tramp

Ամերիկացի միլիարդատեր, ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփը ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի և այլ երկրների հետ։

Նա հաստատել է դա՝ պատասխանելով Վաշինգտոնում մամլո ասուլիսի ժամանակ լրագրողի համապատասխան հարցին։

«Պուտինը բարյացակամ է իմ մասին արտահայտվում, իմ կարծիքով՝ դա շատ հաճելի է»,- ասել է նա։

Թրամփի կարծիքով՝ ամերիկյան ԶԼՄ-ները ոչ ճիշտ են արտացոլում Ռուսաստանի ու նրա ղեկավարության հանդեպ իր վերաբերմունքի էությունը։ «Եթե մենք լավ հարաբերություններ հաստատենք Ռուսաստանի հետ, դա հիանալի է»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե Ռուսաստանը ցանկանում է օրական միլիոնավոր դոլարներ ծախսել ԴԱՒՇ-ին ռմբակոծելու վրա, ապա ինքը չի առարկում։

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփը Washington Post թերթի խմբագրական կոլեգիայի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԱՄՆ ծախսերը ՆԱՏՕ-ի վրա պետք է կտրուկ կրճատվեն։

Միլիարդատիրոջ խոսքով՝ ՆԱՏՕ-ն թանկ է արժենում ԱՄՆ-ին, և երկիրն արդեն չի կարող իրեն դա թույլ տալ։

Թրամփի կարծիքով՝ ՆԱՏՕ-ն անարդյունավետ է, և ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները բավարար չեն աշխատում, ինչը ակնհայտ երևացել է ռուս-ուկրաինական հակամարտության օրինակի վրա։ ԱՄՆ-ը ստիպված է ներքաշվել մի բանում, որը կարող է դառնալ Ռուսաստանի հետ «երրորդ համաշխարհային պատերազմ»՝ ասել է միլիարդատերը։

CNN-ին տված հարցազրույցում էլ Թրամփն ասել է, որ ՆԱՏՕ-ն ստեղծվել է այն ժամանակ, երբ աշխարհը միանգամայն այլ էր։ «Պետք է վերաիմաստավորել»,- ասել է նա՝ նշելով, որ ՆԱՏՕ-ն կարելի է պահպանել դրա վրա քիչ ծախսով։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20