Թևոսիկի եղբոր սպանության գործով ի հայտ եկան նոր ու անհերքելի հանգամանքներ

- in Իրավունք
Tevosik Kayaranci

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվում է Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության կազմակերպման, այդ սպանությունը կատարողին սպանելու և ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գործադրելու համար մեղադրվող Իսրայել Սարգսյանի գործով դատական քննությունը:

46-ամյա Իսրայել Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով կյանքից զրկել է սպանության կատարող Մովսես Ներսիսյանին:

Բացի այդ, Իսրայել Սարգսյանը, ըստ մեղադրանքի, ապօրինի ձեռք է բերել, կրել ու գործադրել  է «ՏԿ» մոդելի ատրճանակ, փամփուշտներ և այլ ռազմամթերք:

Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության ենթադրյալ կատարողի՝ Մովսես Ներսիսյանի դիակը հայտնաբերված չէ:

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի դեմ մեղադրական ցուցմունք տված Տիգրան Ա.-ն մեղադրվում է սպանության մասին իմանալ-չհայտնելու համար: Գործով նա մեղադրյալի կարգավիճակ ունի, բայց նրա մասն անջատվել է Իսրայելի մասից: Նա կալանքի տակ չէ:

Դատարանը հետազոտում է գործում առկա փաստաթղթերն ու այլ ապացույցները:

Հետազոտվեցին 26 հատորից բաղկացած քրեական գործի 11-14-րդ հատորները:

Հրապարակվեց փաստաթուղթ, համաձայն որի՝ Մովսես Ներսիսյանը վերջին անգամ Բագրատաշենի անցակետով հատել է պետական  սահմանը ու մուտք է գործել Հայաստան 2013 թվականի սեպտեմբերի 29-ին: Դրանից հետո Հայաստանի Հանրապետությունից Մովսեսի դուրս գալու վերաբերյալ տվյալներ չկան:

Հրապարակված փաստաթղթերից հայտնի դարձավ, որ Թևոս և Արթուր Սաֆարյանների անձնագրերը տրվել են Ռուսաստանի Դաշնության կողմից, այսինքն՝ նրանք ՌԴ քաղաքացիություն ունեն և ունեցել են:

Հրապարակվեց քննչական փորձարարության արձանագրությունը: Փորձարարությանը մասնակցել է Մովսեսին պատկանող մգացված ապակիներով «Մերսեդեսը» և ոստիկանական մեքենա՝ նույնպես մգացված ապակիներով, որի մեջ նստած են եղել նաև ընթերականեր:

Ինչպես հայտարարեց ամբաստանյալ Իսրայելի շահերի պաշտպան, փաստաբան Հ. Սարդարյանը, այս փորձարարության նպատակն է եղել ճշգրտել Մովսեսի նկատմամբ ոստիկանության 7-րդ վարչության իրականացրած գաղտնի դիտարկման արդյունքները:

«Մերսեդեսը» կանգնած է եղել «Մագնում» հյուրանոցի դարպասի մոտ: Ոստիկանական մեքենայից տեսանելի չի եղել՝ «Մերսեդեսի» սրահում, մասնավորապես վարորդի կողքի նստատեղին մարդ նստա՞ծ է, թե՞ ոչ:

«Մերսեդեսը» շարժվել է դեպի Քանաքեռավան, ոստիկանական մեքենան հետևել է «Մերսեդեսին», շրջանցել է՝ «Մերսեդեսի» սրահում մարդիկ չեն երևացել:

Միացվել է «Մերսեդեսի» սրահի լույսը, ոստիկանական մեքենայից դարձյալ ոչինչ չի նկատվել: Մարդկային կերպարանքներ, բայց ոչ՝ դիմագծեր, միայն դիմապակու ետևից են երևացել՝ այն ժամանակ, երբ ոստիկանական մեքենան շրջանցել է «Մերսեդեսը», իսկ հետևից ու ձախակողմյան պատուհաններից մարդկային կերպարանքներ չեն երևացել:

Փորձարարության ժամանակ «Մերսեդեսն» ու ոստիկանական մեքենան ընթացել են նաև հանդիպակաց ուղղություններով, և ոստիկանական մեքենայից դարձյալ չի երևացել՝ «Մերսեդեսի» սրահում, մասնավորապես վարորդի կողքին մարդ նստա՞ծ է, թե՞ ոչ:

Պաշտպանական կողմը նկատեց, որ դեպքը կատարվել է փետրվարին, իսկ քննչական փորձարարությունը՝ ամիսներ անց, այնպես որ կարող էին արտաքին հանգամանքերն այլ լինել:

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանն այս փորձարարությունը անվանեց «խեղկատակություն»:

Հրապարակվեցին դատագենետիկական փորձաքննությունների եզրակացությունները, համաձայն որոնց՝ «Մերսեդեսի» սրահում և «Մագնում» հյուրանոցի 4-րդ սենյակում, ինչպես նաև Քանաքեռավանի կոյուղագծի մոտակա տարածքում հայտնաբերված արյան հետքերից անջատված ԴՆԹ-ով հաստատվել է, որ դրանք Մովսեսի որդու հոր արյան հետքերն են: Իսկ Արթուր Սաֆարյանի սպանության ենթադրյալ կատարողի ռետինե ձեռնոցի միջից հայտնաբերված մազի գենետիկական փորձաքննությամբ հաստատվել է, որ այդ մազը չի պատկանել Մովսեսի որդու հորը:

Ըստ ամբաստանյալի հայտարարության՝ վերը հիշատակված ձեռնոցները կրում են կրակոցի արգասիքների հետքեր, դրանք եղել են իրական մարդասպանի հագին, և, ըստ դատագենետիկական փորձաքննության արդյունքի, ձեռնոցի մեջ հայտնաբերված մազը Մովսեսի մազը չէ: Ըստ ամբաստանյալի՝ իրավապահների ամբողջ ուշադրությունը պետք է բևեռված լիներ այդ ձեռնոցները կրած անձին հայտնաբերելուն, որովհետև հենց նա էլ եղել է Արթուր Սաֆարյանին իրապես սպանողը:

Հրապարակվեցին Քանաքեռավանի տարածքով անցնող կոյուղագծի ստուգման մի քանի արձանագրություններ:

Կոյուղագիծը մի քանի անգամ է ստուգվել, քանի որ ենթադրվել է, որ Մովսեսի սպանությունից հետո նրա դիակը Քանաքեռավանի տարածքում գցվել է կոյուղագծի խողովակի մեջ:

Կոյուղագիծը ստուգվել է հատուկ ջրատար խողովակների ստուգման համար նախատեսված տեսախցիկով:

Զննվել է կոյուղագծի դժվարանցանելի հատվածը, սակայն դիակ չի հայտնաբերվել:

Կոյուղագծի բազմաթիվ ստուգումների ընթացքում բացահայտվել է, որ կոյուղագծի փականները գտնվում են բաց վիճակում, կոյուղաջրերը առանց աերացիա մուտք գործելու և մաքրվելու՝ անարգել հոսել-լցվել են Հրազդան գետը:

Հունիս ամսին քառասուն հոգանոց խմբով, որի կազմում օպերատիվ աշխատողներից բացի եղել են նաև արտակարգ իրավիճակների վարչության, Երևան ջուր ընկերության աշխատողներ, ստուգվել է Հրազդան գետը՝ մինչև ՀՀ պետական սահման: Սակայն դիակ, մասնավորապես՝ Մովսես Ներսիսյանի դիակը չի հայտնաբերվել…

Մովսեսի ենթադրյալ սպանությունը ու դիակի նետումը կոյուղագիծ տեղի է ունեցել փետրվարին, հոսող գետի ջրերում՝ միայն ՀՀ տարածքում, հունիսին կատարված դիակի որոնումները արդյունք չեն տվել…

Մովսեսի «Մերսեդեսի» սրահում ոտնատեղերի գորգիկների վրա հայտնաբերվել են կարմիր գույնի մասնիկներ, որոնք, ըստ մասնագիտական եզրակացության՝ հրաբխային ծագում ունեցող ապարների բեկորներ են: Սակայն Քանաքեռավանի կոյուղագծի շրջակայքում հրաբխային ծագում ունեցող ապարներ չեն հայտնաբերվել: Մեքենայի «կովրիկների վրա» Քանաքեռավանի տարածքի հողածածկույթից որևէ հետքի բացակայությունը ամբաստանյալի հերթական հայտարարության առիթը հանդիսացավ: Նա հարց հնչեցրեց՝ ինչպե՞ս կարող էր Քանաքեռավանի հողածածկ տարածքով քայլել ու մեքենայի «կովրիկների» վրա այդ հողածածկույթից որևէ նշույլ չթողնել:

Արձանագրության մեջ նշված էր, որ մեքենայի ոտնատեղերի գորգիկներից  երկուսը թաց են եղել, ինչո՞վ է դա պայմանավորված՝ հայտնի չէ:

Հրապարակվեց նաև Նուբարաշենում գտնվող «Էքստրիմ» հրաձգարանի մուտքի դռան դիմացի հողատարածքի միջից երկու պարկուճների գտնվելու վայրի զննության արձանագրությունը:

Ըստ գործի տվյալների՝ Մովսեսի մեքենան կանգնած է եղել այդ հրաձգարանի մոտ, ու Մովսեսը այնտեղ փորձարկել է իր զենքերը, նաև՝ ատրճանակը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20