Ինչո՞ւ են ԲՀԿ-ականները հեռացել, ի՞նչ տարաձայնություններ են

- in Վերլուծական
Naira Zohrabyan

Անցած տարվա փետրվարի 12-ին ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից, արդեն մարտի 5-ին` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռացնելուց հետո, ԲՀԿ նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ասում են` կուսակցականներից մեծամասնությունը հեռացել է դահլիճից ու քվորում չլինելու պայմաններում է անցկացվել նրա թեկնածությունը: Այդուհետ սկսվել է արտահոսքն իր մեծությամբ խորհրդարանական երկրորդ քաղաքական ուժը համարվող ԲՀԿ կուսակցությունից:

Նրանք, ովքեր հեռացել են կուսակցությունից, այսօր կա´մ արտահայտվում են ԱԺ կանոնակարգ օրենքի ստիպողական պահանջով ԲՀԿ խմբակցության անդամ մնալու մասին, կա´մ` միայն Նաիրա Զոհրաբյանի կողմից կուսակցությունն ու համապատասխանաբար խմբակցությունը չղեկավարելու դեպքում կվերադառնան կուսակցություն ու կշարունակեն իրենց աշխատանքները: Ստացվում է, որ միայն Նաիրա Զոհրաբյանի անձո՞վ է պայմանավորված նրանց հեռացումը այս պահին առայժմ կուսակցությունից:

Serzh GagikԸստ մեզ հասած հավաստի տեղեկությունների, այո, որովհետև, պարզվում է, Նաիրա Զոհրաբյանն առաջինն ուրացել և լարել է հարաբերությունները հենց ԲՀԿ հիմնադիր և էքս նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Ավելին` յուրաքանչյուր անգամ, երբ խոսք է գնում Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին, ըստ ԲՀԿ-ից ստացվող լուրերի, Նաիրա Զոհրաբյաննը խանդով է վերաբերվում այդ մասին խոսակցություններին և ընդդիմանում է: Իհարկե` դա միակ պատճառը չէ, որ Գագիկ Ծառուկյանը չի վերադառնում քաղաքականություն, սակայն կուսակցության ներսում նախագահի այդպիսի պահվածքը, պարզվում է, դուր չի գալիս շատ կուսակցականներին ու տեղական կառույցների ղեկավարներին, ովքեր էլ կա´մ փակում են տարածքային գրասենյակները, կա´մ` ոչ հրապարակավ, լրագրողներիս հետ առանձին զրույցներում ընդվզում ԲՀԿ կուսակցության ներքին հարաբերությունների դեմ:

Naira-Zohrabyan Abraham ManukyanՄեր աղբյուրների հաղորդմամբ, Նաիրա Զոհրաբյանի հարաբերությունները լարվել են նաև ԲՀԿ-ի փոխնախագահների հետ, մասնավորապես` ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի, ով շարունակում է մնալ կուսակցությունում, համակարգել աշխատանքները միայն զուտ քաղաքական այս ուժում և հանրության շրջանում իր հեղինակության և հասարակական – քաղաքական շփումների շնորհիվ: Ասում են` նրանց տարաձայնությունները սկսվել են այն բանից հետո, երբ Աբրահամ Մանուկյանը շարունակել է ոչ միայն ղեկավար դիրք զբաղեցնել կուսակցությունում, այլև գործուն միջոցներ ձեռք առնել այն պահելու և հզորացնելու հարցում: Նրա ներկուսակցական – հասարակական իմիջն էլ է թերևս օգնել, որ չի հեռացել կուսակցությունից:

Alyans Tigran UrixanyanԸստ կուսակցության նախկին անդամների, ովքեր ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամներ են, միայն Նաիրա Զոհրաբյանի վարած քաղաքականության արդյունքում է, որ ԲՀԿ-ից հեռացել է նաև ԱԺ պատգամավոր, նորաստեղծ «Ալյանս» կուսակցության հիմնադիր նախագահ Տիգրան Ուրիխանյանն, ով ժամանակին նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն էր, ում հետ, ասում են` հեշտ չէ աշխատելը: Ավելին` նա իր ՀԱԿ անվամբ կուսակցությունն է ժամանակին լուծարել ու թերևս ամբողջ կազմով անդամակցել «Բարգավաճ Հայաստան»-ին: Նա այսօր էլ խորհրդարանական բարձր ամբիոնից իր ելույթներով ու հայտարարություններով շարունակում է ձևավորվել իբրև ինքնուրույն քաղաքական գործիչ, ով ըստ լուրերի, մի առիթով արտահայտվել է, թե չէր կարող աշխատել և մնալ ԲՀԿ կուսակցությունում և առաջ շարժվել այդպիսի կին ղեկավարի քմահաճույքներով: Թեև` ասում են, Տիգրան Ուրիխանյանն էլ պատրաստ է վերադառնալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, անգամ` լուծարել նորաստեղծ «Ալյանս»-ը, եթե այն ղեկավարի քաղաքականության մեջ թրծված և բանիմաց գործիչներից որևէ մեկը, բայց ոչ Նաիրա Զոհրաբյանը:

Stepan Margaryan Elinar VardanyanԲՀԿ կուսակցությունից հեռացածների թվում թերևս ամենաազդեցիկներից են համարվում Ստեփան Մարգարյան, Վահե Հովհաննիսյան, Էլինար Վարդանյան պատգամավորական եռյակը, որոնց հետ, պարզվում է, լուրջ հակասություններ և ինտրիգային իրավիճակներ է ունեցել ԲՀԿ կուսակցության ներկայիս նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Թերևս` շատերն են հիշում, որ երբ նրանք հեռանում էին կուսակցությունից, խոսք էր գնում նաև Ստեփան Մարգարյանը` Տարածքային կառավարման հարցերի, Էլինար Վարդանյանը` Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահություններից հրաժարվելու մասին և միայն այն բանից հետո, երբ պարզվեց, որ նրանց հրաժարականի դեպքում այդ տեղերը միևնույն է չեն անցնելու «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությանը, որովհետև ԲՀԿ-ն այլևս ընդդիմադիր է համարվում, դադարեցին այդպիսի պահանջները ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի կողմից: Մինչդեռ այդ օրերին և այժմ էլ կուլիսներում, ասում են` Նաիրա Զոհրաբյանի այն ժամանակ հրապարակավ, ներկայումս` ծածուկ սուր ելույթ – խոսքերն ուղղված են բացառությամբ և առավելապես շատ այս եռյակի դեմ:

Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ ժամանակին Վահե Հովհաննիսյանը համարվում էր Գագիկ Ծառուկյանի գաղափարախոսական մտքի կռողն ու առաջ տանողն, ապա հակադրությունները ԲՀԿ հիմնադրի ու գաղափարակրի հանդեպ թերևս ամբողջական ու պատճառաբանված են դառնում:

Arayik AxababyanՀաջորդն, ինչպես հայտնում են ԲՀԿ ներսում տիրապետող իրավիճակի մասին մեր աղբյուրները, ԱԺ պատգամավոր, Արամավիրի էքս փոխմարզպետ Արայիկ Աղաբաբյանը ևս ԲՀԿ-ից հեռացել է զուտ Նաիրա Զոհրաբյանի հետ ունեցած անձնական անհամաձայնությունների պատճառով, որից մի քանի ամիս հետո, պարզվում է, վերականգնել է հարաբերությունները, որոնք սակայն կրում են զուտ ձևական բնույթ:

Vahan BabayanԵվ ինչպես լրագրողներիս, այնպես էլ` ԲՀԿ-ով հետաքրքրված հանրության համար ամենաանհասկանալին է մնում ինտրիգն ու դրան հետևող հրաժարականը, որ ծագել է բոլորովին վերջերս ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի և Միքայել ՄելքումյանՎահան Բաբայան ԱԺ պատգամավորներ – երկյակի միջև: Եթե Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի ժամանակ հատկապես Միքայել Մելքումյանն էր գործուղվել ռեալիթի շոուներում` հանրապետության բոլոր մարզերում հանդիպումների, իսկ Վահան Բաբայանն ապահովում էր լրատվության հետ կապն ու հեռուստաեթերով հարցազրույցները` նոր Սահմանադրության օգտին ԲՀԿ-ի քարոզչությունն իրականացնելու հարցում, ապա դրանից հետո, օրերս խիստ լարվել են նրանց երկուսի և Նաիրա Զոհրաբյանի միջև հարաբերությունները, որի «համբերության բաժակն» է, պարզվում է եղել, ԲՀԿ քաղխորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի կողմից ԲՀԿ-ն քննադատելու, ապա Վահան Բաբայանի կողմից հակադարձվելու թեմայով «ռազբորկան», որ ծավալվում էր ԲՀԿ խմբակցությունում: Դրանից հետո, խորհրդարանում, մեր աչքի առաջ, Վահան Բաբայանը դուրս գալով նիստերի դահլիճից բջջային կապով բարձրաձայն վիճում էր Նաիրա Զոհրաբյանի հետ, որից ժամեր անց էլ հայտարարեց ԲՀԿ մամուլի խոսնակի պաշտոնից իր հրաժարականի մասին, թեև` ֆորմալ առումով, շարունակում է մնալ ԲՀԿ քարտուղար:

Այս օրերին էլ շատ ԲՀԿ-ականներ բողոքում են, թե Տիգրան Ուրիխանյանից ու Վահան Բաբայանից հետո ԲՀԿ մյուս պատգամավորների կամ կուսակցականների թվում որևէ մեկը չգտնվե՞ց, որ ԲՀԿ-ից դուրս եկած, ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանի օգնականը դարձավ մի ողջ կուսակցության մամուլի խոսնակ:

Vardan vardanyanԸստ ԲՀԿ-ում և նրան մոտ կանգնած մեր աղբյուրների, արդեն քանի~ ամիս է կուսակցության հետ իր հարաբերություններն է խզել նաև ԲՀԿ քաղխորհրդի նախագահ, ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանն, ով անգամ մուտք չի գործում կուսակցության նոր աշխատավայր, մինչդեռ հիշում ենք, որ 2015 թ. մարտի 5-ին կայացած ԲՀԿ համագումարից հետո երկուստեք խոստացվեց, որ օրեր կամ շաբաթներ անց տեղի կունենա ԲՀԿ ևս մեկ արտահերթ համագումար, որտեղ էլ կհստակեցվեր ամեն բան: Այն առ այսօր չի կայացել: Արդյունքում` ըստ մեր աղբյուրներից ստացվող լուրերի, Նաիրա Զոհրաբյանի հետ ունեցած վիճաբանություններից հետո Վարդան Վարդանյանը չի մասնակցում ԲՀԿ որևէ խորհրդակցությանը կամ հավաքին:

Vardan OskanyanԱնմիջապես Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո կուսակցությունից դուրս եկավ և բոլոր հարաբերությունները սառեցրեց նաև ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախկին փոխնախագահ, ՀՀ նախկին արգործնախարար Վարդան Օսկանյանն, ով մի առիթով ասել է, թե չէր կարող աշխատել «Բարգավաճ Հայաստան»-ում` Նաիրա Զոհրաբյանի նախագահության ներքո: Հավաստվող լուրերի համաձայն, Վարդան Օսկանյանը նոր կուսակցություն կամ ազգային ճակատ է ստեղծում, որի մասին, սակայն, կհայտարարի միայն այս տարվա երկրորդ կեսին` օգոստոս – սեպտեմբերին:

Ընդհանրապես` ԲՀԿ-ից ստացվող լուրերի համաձայն, այս կուսակցության կամ խմբակցության նիստերին` չնայած բազմահազար անդամներին ու երեք տասնյակի հասնող պատգամավորներին` մասնակցում են 6 – 8 գործիչներ միայն: Պատճառն, ըստ շատերի, այն է, որ Նաիրա Զոհրաբյանը հաշվի չի առնում որևէ մեկի կարծիքը, կուսակցությունը փորձում է ղեկավարել միանձնյա, որի հետևանքն էլ լինում է այն, որ հանրապետությունում երկրորդն իր հզորությամբ համարվող այս քաղաքական ուժը ջլատվում է: Փոխարենը` խորհրդարանական խմբակցության անդամներն ու շարքային կուսակցականները, տեղական կառույցների ղեկավարներից շատերը սպասում են մամուլից ստացվող տեղեկություններին ու դրանց վերլուծությանն` իրենց ունեցածը մասնավոր զրույցներում փոխանակելով, որպեսզի գոնե մոտավորապես հասկանան, թե ի՞նչ է կատարվում ԲՀԿ-ի ներսում կամ` ԲՀԿ-ի հետ:

Bostanjyan VardanԱսում են` ժամանակին Նաիրա Զոհրաբյանի կողմից Գագիկ Ծառուկյանի ականջին փսփսոցների արդյունքում է, որ նախորդ գումարման խորհրդարանի պատգամավորներ Վարդան Բոստանջյանն ու Ռոբերտ Թովմասյանը չընդգրվեցին «Բարգավաճ Հայաստան»-ի համամասնական ընտրացուցակի անցողիկ տեղերում ու չդարձան հինգերորդ գումարման` այս խորհրդարանի պատգամավորներ, ինչի արդյունքում էլ` Վարդան Բոստանջյանը շարունակելով լինել ԲՀԿ քաղխորհրդի անդամ, տարբեր մամուլի ակումբներում ասուլիսների ժամանակ քննադատում է «Բարգավաճ Հայաստան»-ը:

Այն ժամանակ կուսակցությունը ֆինանսավորում էր, հասկանալի է, Գագիկ Ծառուկյանն, ով հայտնի էր նաև իր բարեգործական հիմնադրամով ու ծրագրերով, իսկ հիմա որտեղի՞ց է ֆինանսավորվում ԲՀԿ-ն: Ըստ շրջանառվող լուրերի, ԲՀԿ-ին այսօր «տեր է կանգնում» ՀՀ վարչապետ, Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը, իսկ այս օրերին թեժանում են խոսակցություններն այն մասին, որ ԲՀԿ կազմում կան թևեր, ովքեր անդուլ քարոզում և ցանկանում են, որ «Բարգավաճ Հայաստան»-նն էլ անդամակցի ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ձևավորված կոլիցիային, այսինքն` իշխանության մասը կազմի: Նրանց թվում են նաև կուսակցությունից հեռացած, սակայն խորհրդարանական նույնանուն խմբակցության անդամությունը պահպանած նախկին ԲՀԿ-ական ԱԺ պատգամավորներից շատերն, ովքեր ինչպես սկզբում եմ շարադրել, մասնավոր զրույցներում հավաստում են, որ կվերադառնան կուսակցություն միայն ու միայն Նաիրա Զոհրաբյանի կողմից այն չնախագահելու դեպքում:

Այս պայմաններում, որում հայտնվել է ԲՀԿ-ն, հետաքրքիր է, թե ո՞ւմ վրա է հույս դրել ինքը` Նաիրա Զոհրաբյանը:

Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ. Առաջիկա օրերին մենք կփորձենք զրուցել ԲՀԿ կուսակցությունից հեռացածների, նաև` տարածքային կառույցների ղեկավարների հետ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20