Ինչու Սերժ Սարգսյանը «կանգնեցրեց» զինված հեղաշրջումը

- in Հրապարակ
Georgi Kutoyan

Նորք Մարաշի զինված խմբի գործով ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում:

ԱԱԾ-ի քննչական ծառայության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը երեկ մանրամասներ է հայտնել քրեական գործից, որի ժամանակ ասել է, որ զինված խմբի թիրախում են եղել երեք նախագահները, հարյուրից ավելի պաշտոնյաներ, պետական շենքեր:

Բացի այդ, պարզվել է նաեւ խմբին ֆինանսավորողը, ով ապրում ու գործում է Հայաստանում, ինչպես նաեւ զենքի ձեռքբերման աղբյուրը:

Հետաքրքիր է, որ Միքայել Համբարձումյանի ասուլիսի նախօրեին մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ԱԱԾ-ին հանձնարարվել է այլեւս ձերբակալություններ չանել այդ գործով, քանի որ խմբի անդամները տվել են բազմաթիվ մարդկանց անուններ տարբեր պետական գերատեսչություններից, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի մտերիմների: Բացի այդ, նշվում էր, որ այս հարցում իշխանությունը տարակուսանքի մեջ է՝ արժե արդյոք անուններ տալ, ինչը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ, ինչպես նաեւ ներիշխանական խառնաշփոթ ստեղծել: Չի բացառվել նաեւ, որ խմբի անդամները հատուկ են տվել այդ անունները՝ խառնաշփոթ առաջացնելու համար:

Այս ֆոնին, ԱԱԾ-ի քննչականի պետի տեղակալի ասուլիսը կարող է նշանակել, որ գործն այսքանով առայժմ «սահմանափակվում» է:

Նորք Մարաշի խմբի բացահայտումից հետո Հայաստանում սկսվեց ներքաղաքական զարգացումների նոր ու ակտիվ փուլը: Սերժ Սարգսյանը, փոխելով Սահմանադրությունը, ձեռնամուխ է եղել ներիշխանական նոր վերադասավորումների եւ ըստ էության իր իշխանության ձեւավորմանը: Իր պաշտոնավարման տարիներին այդ բանը նրան փաստացի չհաջողվեց, եւ ներկայում նա փորձում է իրականացնել այդ գործը առաջիկա ընտրական փուլերի համար:

Նկատելի է, որ զինված հեղաշրջման գործն այս գործընթացի համար յուրատեսակ «խթան» դարձավ, քանի որ այն ձեռք էր բերել այնպիսի «ունիվերսալ» բնույթ, որ ցանկացած խմբավորում կարող էր հայտնվել դրա շրջանակներում, այդպիսով չեզոքացնելով նրանց դիմադրությունը:

Գործն այսքանով «սահմանափակելն» արդյոք նշանակում է, որ Սերժ Սարգսյանը լուծել է հիմնական խնդիրները, թե՞ հակառակը՝ առաջացել են նոր խնդիրներ: Ըստ էության, Սերժ Սարգսյանի ծրագրերի խոչընդոտ էին համարվում մյուս նախագահները, եւ այս առումով հետաքրքիր է նրանց «թիրախավորելը»: Արդյոք Սերժ Սարգսյանը նրանց ինչ որ ուղերձ է հղում, կամ զգուշացնում իր ծրագրերին խոչընդոտելու մասով:

Իշխանության անցման փուլերը Հայաստանում ուղեկցվել են արյունալի իրադարձություններով: Հայաստանը գտնվում է անցման երրորդ փուլում, եւ արդյոք Սերժ Սարգսյանը փորձում է ակնարկել, որ ինքը կանխել է արյունալի զարգացումները, ինչը ժամանակին չէր հաջողվել Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին: Սա լիովին տեղավորվում է Սերժ Սարգսյանի քաղաքական ոճի ու սխեմաների մեջ՝ կանխիչ քայլերով ստեղծել համապատասխան իրավիճակ: Օրինակ, 2013-ի ընտրությունն ավարտվեց ոչ թե արյունով, այլ աղոթքով:

Արդյոք «փակվել» է Նորք Մարաշի գործը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20