Ինչ է արտադրում գործարանը. Հայաստանում կան ճակնդեղագործության նվիրյալներ` Սամվել Ալեքսանյանն ու Սերժ Սարգսյանը

Samvel Akeqsanyan

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ծրագրի քննարկման ժամանակ անդրադարձավ շաքարավազի շուկայում առկա մենաշնորհին: Նա նշեց, որ կասկածներ կան, թե ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանը ամենևին էլ շաքարավազ չի արտադրում. «Վերջին մի քանի ամիսներին մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Ախուրյանի շաքարի գործարանը: Հարցը հետևյալն է՝ այն իրոք շաքարավազ արտադրող հզորություն է, թե՞ ընդամենը բուտաֆորիա՝ պատրաստի շաքարավազը մի դռնով՝ որպես հումք մտցնելու, մյուս դռնով՝ որպես պատրաստի շաքարավազ հանելու և այսպիսով տասնյակ միլիոնավոր դոլարների մաքսատուրքերից խուսափելու համար»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ երբ 2010 թվականին գործարանը նոր էր բացվում, Սերժ Սարգսյանը գնացել էր բացմանը, նախագահի պաշտոնական կայքում տեղեկություն եղավ, որ «գործարանի կառուցումը նպատակ ունի մարզերում խթանել նաև ճակնդեղագործությունը և որ այդ նպատակով դեռևս 2008 թվականին հաստատվել է ՀՀ-ում ճակնեդեղագործության զարգացման հայեցակարգը»: Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը լրագրողներին գործարանի բացման օրն ասել էր, որ գործարանը լոկոմոտիվի դեր է խաղալու այդ տարածքի համայնքների համար. «Սերժ Սարգսյանը գործարանի բակից հայտարարում է, թե Ախուրյանի գործարանը սպասում է ճակնդեղի բերքին, իսկ ճակնդեղի բերքը դաշտերում սպասում է Ախուրյանի գործարանին: Եվ ահա, 2015 թվականի գարնանը՝ մեկ տարի առաջ, ես հարցում եմ ուղարկել գյուղատնտեսության նախարարություն՝ պարզելու համար, թե 2010-2014 թվականներին Հայաստանում քանի տոննա ճակնդեղ է աճեցվել և քանի տոննա է մթերվել: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ստորագրությամբ պատասխան եմ ստացել, որտեղ նախարարը սենսացիոն թվեր է տալիս: Ըստ այդմ՝ 2009-2014 Հայաստանում ոչ մի կիլոգրամ շաքարի ճակնդեղ չի մթերվել»:

Նա հարցադրում արեց՝ սա ի՞նչ է, եթե ոչ փուչիկ և նշեց, որ վերջին տարիներին պետական մարմիններին հարցումներ է կատարել՝ պարզելու համար, թե Ախուրյանի շաքարի գործարանում քանի աշխատող կա, գործարանը որքան հարկ է վճարում: 2015 թվականին ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը պատասխան է ուղարկել Փաշինյանին, որում նշվում է, թե հնարավոր չէ պարզել գործարանում որքան աշխատող կա, որովհետև Ախուրյանի շաքարավազի գործարան իրավաբանական անձ գոյություն չունի, կա Ալեքս Գրիգ ընկերություն, որի կազմի մեջ է մտնում գործարանը, որն ունի 3000 աշխատող. «Ասում են՝ հնարավոր չէ այդ 3000-ից առանձնացնել, թե ով է Ախուրյանում աշխատում, ով Սևանում և ով Երևան Սիթի խանութներում: Հնարավոր չէ ասել, թե Ախուրյանի շաքարի գործարանը որքան հարկ է վճարել, որովհետև գործարանը հարկատու չէ, հարկատուն Ալեքս Գրիգն է, և հնարավոր չէ ասել, թե նրա վճարած հարկերից որքանն է շաքարավազի արտադրության համար, որքանը ձեթի վաճառքի: Այսպիսի մի աջաբ-սանդալ են սարքել, որտեղ նույնիսկ միկրոսկոսպով չկարողանաս տարբերել լոբին որտեղ է, բադրիջանը որտեղ»:

Նիկոլ Փաշինյանն այս մասին հարցադրումներ էր ուղղել կառավարության անդամներին՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Ասաց, որ պատասխանը գրավոր է ստացել, որում ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը հավաստիացրել է, թե Սամվել Ալեքսանյանը ոչ թե պատրաստի շաքարավազ է ներկրում, այլ շաքարեղեգի հումք է ներկրում, տեղում հումքով պատրաստում շաքարավազ. «Բայց այդ նույն գրությունից իմանում ենք, որ Ախուրյանի շաքարի գործարանում շաքարեղեգի հումքից մեկ կիլոգրամ շարքավազ ստանալու համար ծախսվում է ընդամենը 17 դրամի բնական գազ: Բայց խնդիրն այն է, որ շաքարավազի արտադրությունն ամենաէներգատար արտադրություններից մեկն է համարվում, և համարվում է, որ նրա ինքնարժեքի մեջ գազի ծախսը պետք է լինի 37 տոկոս: Հայաստանում շաքարավազը վաճառվում է 380 դրամով: Ասենք, գնի մեջ մեզ կրկնակի խաբում են, բայց նույնիսկ այս պարագայում 17 դրամը չի կարող մեկ կիլոգրամ շաքարավազի համար անհրաժետ բնական գազի ծախս լինել: 17 դրամի գազ ծախսելով հնարավոր չէ մեկ կիլոգրամ շաքարավազ ստանալ, եթե դրսից պատրաստի շաքարավազ ես ներկրում, տեղում փաթեթավորում, գուցե դա հնարավոր է»:

Այս պատմության մեջ, նրա խոսքով, ամենատխուր մասն այն է, որ Հայաստանում ճակենդեղագործության զարգացման հայեցակարգը առայժմ որևէ կոնկրետ արդյունք չի տվել. «Բայց պետք չէ հուսահատվել, քանի դեռ Հայաստանում կան ճակնդեղագործության այնպիսի նվիրյալներ, ինչպիսին Սամվել Ալեքսանյանն ու Սերժ Սարգսյանն են: Կարծում եմ, ժամանակն է իսկապես մտածել պարոնայք Սամվել Ալեքսանյանին ու Սերժ Սարգսյանին ՀՀ պատվավոր ճակնդեղագործի կոչում չնորհելու մասին»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20