Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից

Vladimir Gasparyan

Մարտի 16-ին Երեւանում ավազակային հարձակում է եղել փոխանակման կետի վրա: Բարեբախտաբար, տուժածներ չկան, գողոն նույնպես չկա:

Մի քանի օր առաջ Երեւանում արյունալի վիճաբանություն է եղել, որին զոհ է գնացել մի անչափահաս, վիրավորվել մի քանիսը:

Վերջին շրջանում հայաստանյան լրահոսը հագեցած է նման տեղեկություններով՝ ավազակային հարձակումներ, կողոպուտ, վթարներ, որոնք հաճախ մահվան ելք են ունենում: Ընդ որում, հաճախ այդ հարձակումների թիրախ են դառնում սոցիալապես ոչ ապահով մարդիկ, փոքր օբյեկտներ, գողոնը լինում է երբեմն մի քանի հազար դրամ:

Քրեածին իրավիճակը Հայաստանում ակնհայտորեն սրվել է, եւ այդ իրավիճակն ունի կոնկրետ պատճառներ՝ սոցիալ-տնտեսական վատթարացող պայմանները, բարոյահոգեբանական ծանր մթնոլորտը: Իր հերթին, ակնհայտ է նաեւ, որ իրավապահ համակարգը չի տիրապետում իրավիճակին, ավելի ճիշտ՝ հանրության մեջ չկա վստահություն ու հարգանք այդ համակարգի հանդեպ: Այն պաշտպանում է խիստ կոնկրետ խավերի շահերը, ինչը նույնպես քրեածին իրավիճակի սրման պատճառ է:

Վովա Գասպարյանը պատերազմ է հայտարարել կրիմինալին, այդպես էլ չհստակեցնելով, թե ինչ նկատի ունի կրիմինալ ասելով՝ ռեժիմի թշնամիների՞ն, համակարգից «արտահոսք տվողների՞ն», թե ընդհանրապես հանցավորությանը: Իսկ դա շատ էական հանգամանք է, առավել եւս այն պայմաններում, թե ինչ հանրային վերաբերմունք կա ընդհանրապես իրավապահ համակարգի հանդեպ:

Ծանր հանցագործություններ կատարող եւ «թիկունք» ունեցող հանցագործները սովորաբար չեն պատժվում, եւ տեղեկատվական այս դարում անհնար է թաքցնել այդ հանգամանքը: Հանրության աչքի առաջ խոշոր կոռուպցիոներները բարձր պաշտոններ են զբաղեցնում, մնում օրենքից դուրս ու անպատժելի: Նրանց հարազատները երբեմն մարդ են սպանում, եւ հանրությունը տեսնում է, թե ինչպես են իրավապահները լծվում նրանց արդարացնելու գործին: Սա ինքնին քրեածին իրավիճակ է արդեն պետական մակարդակով, եւ այդտեղից էլ տարածվում է դեպի «ներքեւ»:

Նման իրավիճակը չի կարող երկար ժամանակ մնալ վերահսկելի: Կրիմինալի «աչքը կերել» է օրենքն ու արդարադատությունը, ընդ որում՝ բոլոր մակարդակներում: Եվ եթե «վերեւում» դա վաղուց դարձել է նորմ, որին էլ լծվել են իրավապահները, ապա «ներքեւում» ինչ որ պահից կարող են սկսվել անսպասելի ու անվերահսկելի զարգացումներ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20