Ի շրջանս յուր

- in Հրապարակ
Jamanak mard

Իր ծննդյան հիշատակի օրվա առիթով ևս մեկ անգամ հայացք նետենք ի շրջանս յուր մտորումների և վերլուծությունների, որտեղ միշտ էլ նոր ու օգտակար բան կարելի է գտնել:

«Ամեն ինչ վերադառնում է ի շրջանս յուր»,- այս բառերով սկսեց օրհնանքի իր խոսքը՝ ուղղված ապրիլի 2-ին Մոսկվայում կնքված ռուս-բելոռուսական ինտեգրացիոն համաձայնագրին, Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Երկրորդը: Եթե հաշվի առնենք, որ նախկին ԽՍՀՄ տարածքում շուրջ հնգամյա ընդմիջումից հետո կրկին վերածնունդ ապրեց վերպետական կառավարման մարմիններ ունեցող, յուրօրինակ կենտրոնացված պետության գաղափարը, իսկ ստեղծված միավորի ռուսերեն հապավումը բելոռուսական կողմի մեկնաբանությամբ գրեթե կրկնում է նախկին երկրի անվանումը՝ ՍՍՌ, ապա Պատրիարքի խոսքերը հիրավի մարգարեական են հնչում:

Ռուսաստանը կատարեց իր պատմության թերևս ամենաբախտորոշ ընտրությունը՝ գիտակցական վերադարձ կատարելով ի շրջանս յուր: Քայլ, որից գիտակցաբար, թե ճակատագրի բերումով խուսափեցին նոր ժամանակների բոլոր կայսրությունները: Իր մասշտաբայնությամբ և պատմական նշանակությամբ այն համեմատելի կլիներ, ասենք, մեր օրերի ֆրանսիացիների ձգտմանը՝ կրկնելու նապոլեոնյան էպոպեան կամ բրիտանացիների փորձին՝ հին ձևով վերականգնելու մայր չմտնող արևի կայսրությունը: Սա այնքան էլ հիպերբոլիկ համեմատություն չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից, քանզի նրբություններն ու առանձնահատկությունները, որոնք իբրև թե պետք է արմատապես տարբերեն նորակերտ կայսրությունը հնից, հակառակ նրա աշխարհաքաղաքական հիմնավորվածության, գաղափարախոսական հիմքի և պատմական առաքելության ձևակերպման հեղինակների պատկերացումների, հազիվ թե շոշափելի ուղղումներ մտցնեն կուռ, իր էությամբ անխախտ և դրանով իսկ դաժան պատմական տրամաբանության մեջ: Տրամաբանություն, որին ենթակա է մարդկային հանճարի ամենաբարձր դրսևորումն անգամ:

Ըստ էության, Մոսկվայում այսօր փորձ է արվում ապացուցել, որ բացառությունն է օրենքի հաստատման վկայությունը, և որ հենց Ռուսաստանին է տրված պատմության մեջ հավերժանալու այդ բացառության դերում: Բաբելոնյան աշտարակաշինությունը հաջողությամբ պսակելու մի հանդուգն հայտ, ընդ որում, անպատիժ մնալու հավակնությամբ ու մոլեռանդ հավատով: Հիրավի մեծ աշխարհաքաղաքագետ Պյոտր Նիկոլաևիչ Սավիցկու և նրա եվրասիական գիտնական-համախոհների սրտաբուխ համոզմունքը, որ «գալիս է համաշխարհային պատմության ռուսական դարաշրջանը», անշուշտ արժանի է հարգանքի, սակայն մշակված թեորեաների կյանքի կոչելու եղանակները, որ ընտրել են գործող քաղաքական գործիչներն ու քաղաքագետները՝ դուգին-ժիրինովսկիներից մինչև ռուսական իշխանություններ, լավատեսության համար հիմքեր չեն տալիս:

Թող ներվի մեզ թեկուզև թվացյալ ծայրահեղությունը, բայց ներկայի ռուսական աշխարհաքաղաքականությունը դրդում է մտածել, որ Երրորդ Հռոմի՝ Ռուսաստանի և Երկրորդ Հռոմի՝ Բյուզանդական կայսրության հոգեհարազատությունը սերունդների հիշողության մեջ դրոշմվելու է ոչ այնքան պատմական ու քաղաքակրթական առաքելության անջնջելի էջերով, որքան պատմական ճակատագրի: Եվ այս դեպքում ռուսական եկեղեցու հասարակ աբեղա Ֆիլոֆեյի կերտած խորիմաստ ու գեղեցիկ տեսությունը, ուր հիմնավորվում է բյուզանդական ժառանգության Մոսկվայի իրավունքը՝  չարագուշակ պայծառատեսություն է թվում:

Պատմությունն արձանագրել է երեք մեծ քաղաքակրթությունների, հզոր տերությունների ծննդյան, զարգացման և անկման ընթացքը, որոնք չեն թողել ոչ մի այլ ժառանգություն՝ արվեստի, մտքի և ստեղծագործական հանճարի այլ քերթվածքներից բացի: Լեզվի, մշակութային ավանդության և քաղաքակրթության ժառանգորդություն, առանց իսկ մեկ եգիպտացու, հռոմեացու կամ բյուզանդացու և հսկայական տարածքներ՝ բնակեցված գենետիկորեն նրանց հետ հեռավոր իսկ առնչություն չունեցող ժողովուրդներով: Սեփական հավերժության նկատմամբ անդրդվելի հավատով լի երեք էթնիկական ընդհանրություն, որ զոհ դարձան անընդմեջ գերհզոր մնալու իրենց պատրանք-նպատակին:

Իսկ ի՞նչ կապ վերոհիշյալի և ներկա Ռուսաստանի միջև: Ամենաուղղակի կապը, քանզի վերջինս այսօր փորձում է անել այն, ինչ արեցին Եգիպտոսում՝ հիքսոսների լծից ազատագրվելուց հետո, կամ, ասենք, Բյուզանդիայում Հուստինիանոսի օրոք՝ վերադարձնել պատմությունը ի շրջանս յուր: Վերադարձնել, առանց հաշվի առնելու անդառնալի փոփոխությունները: Մի դեպքում դա Միջին թագավորության դինաստիաների մարմաջն էր՝ վերականգնելու Հին թագավորության վեհությունը, իսկ մյուս դեպքում՝ փառասիրական տենչանքը՝ Կոստանդնուպոլսի գայիսոնի ներքո վերամիավորել ողջ Հռոմեական կայսրությունը: Նախաձեռնություններ, որոնք ի դժբախտություն երկու երկրների և ժողովուրդների` պսակվեցին հաջողությամբ՝ ընթացքում սակայն բնաջնջման ենթարկելով առանցքային էթնոսների գենոֆոնդն այն աստիճան, որ այլևս ինքնավերարտադրության ոչ մի հնարավորություն չմնաց:

Ամենակոպիտ հաշվարկներով, միայն 20-րդ դարում Ռուսաստանը շուրջ 60 միլիոն զոհ է տվել և շարունակում է տալ: Այսօր արդեն ակնհայտ է, որ պատմությունը ի շրջանս յուր վերադարձնելու ռուս դերժավնիկների նկրտումները եղբայրական գրկախառնություններով չէ, որ ուղեկցվելու են: Նախկին ԽՍՀՄ, Արևելյան Եվրոպայի, իսկ, ըստ եվրասիական գաղափարախոսության պրակտիկ ջատագովների, նաև այլ ժողովուրդների կամքի և ազատության դեմ բռնանալու փորձերը, գումարած համաշխարհային ատլանտիզմի դեմ լիակատար և վերջնական հաղթանակ տանելու գերխնդիրը, նորանոր մեծաքանակ զոհեր են պահանջելու: Եվ որքան էլ տեսականորեն համարվի, թե տափաստանի ղփչաղներն են, որ առաջին շարքերում սրբազան պատերազմի են գնալու 21-րդ դարի համաշխարհային կագանատի կամ հորդայի կերտման համար, իրականությունն այլ է լինելու և կա:

Ինչպեսև բոլոր ժամանակներում, այժմ ևս ռենեգատները («ռենեգատ» տերմինն այստեղ օգտագործվում է Տ. Հայրապետյանի տված նոր բնորոշմամբ, տես` «Ռենեգատությունն իբրև երևույթ», Դրոշակ, թիվ 16, 17և30 նոյեմբեր 1994) մնալու են թիկունքում՝ պատսպարվելով մոսկովյան կառավարական առանձնասենյակներում կամ հարազատ ղշլաղներում, իսկ ռազմաճակատներում հայրենիքի պատիվն են պաշտպանելու այն արդեն իսկ փոքրաթիվ ռուսաստանցիները, անկախ ազգությունից, ովքեր ձևավորված ազգային ինքնագիտակցություն ունեն՝ իրենց մահով անդառնալի անցյալում թողնելով ևս մեկ անկրկնելի քաղաքակրթություն, երկիր և ժողովուրդ:

Միևնույն ջուրը երկու անգամ չես մտնի, ուսուցանում էր իմաստուն չինացին, եթե իհարկե դա այն ճահիճը չէ, որը քեզ կուլ է տալու:

Նազենի Ղարիբյան; ապրիլ 1996

Երրորդ աշխարհամարտի մատույցներում. Ա. Ռուսական խռովք, Երևան 2008, էջ 308-321

Նյութը տրամադրել է Տիգրան Հայրապետյան ստեղծագործ մտքի պաշտպանության հիմնադրամը

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20