Լրագրողների և դիտորդների թվի սահմանափակումն արվում է ընտրակեղծարարների պաշտպանության համար. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Arpine Hovhannisyan

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է՝ ՀՀ իշխանությունները ԸՕ նախագծով նախատեսում են տեղամասերում սահմանափակել լրագրողների և դիտորդների թիվը` միաժամանակ թույլատրելով տեղամասում գտնվել մինչև 8 լրագրող և դիտորդ:

Այս նորամուծությունը պատճառաբանվում է նրանով, որ թեկնածուները կարող են կայք բացել և վկայականներով մարդկանց ուղարկել տեղամասեր, և այդպիսով կուտակումներ կարող են առաջանալ ու խոչընդոտել ընտրությունների ընթացքը: Բայց իրականում այս սահմանափակումով փորձ է արվում ընտրակեղծարարներին պաշտպանել: Ինչպե՞ս բացատրենք:

Եթե տեղամասում անկախ լրագրողներ ու դիտորդներ չլինեն (իսկ սահմանափակումների դեպքում հաստատ միայն իշխանական լրագրողները կլցվեն), հանձնաժողովականները կանեն այն, ինչ ցանկանան: Զսպող ոչինչ չի լինի:

ԸՕ հեղինակներին հիշեցնենք, որ 2007-ի ԱԺ ընտրություններին մասնակցել է 23 կուսակցություն, 41 ընտրատարածքում միջինը գրանցված է եղել երկու թեկնածու, ընտրություններին հետևել են տեղական 53 դիտորդական կազմակերպության դիտորդներ:

Եվ այսքան մարդաշատության դեպքում Հայաստանի որևէ տեղամասում մեկ դեպք անգամ չի արձանագրվել, որ դիտորդների և լրագրողների ներկայության պատճառով որևէ տեղամասում ընտրությունների ընթացքը խաթարվել է: Փորձը ցույց է տվել, որ լրագրողների և դիտորդների ներկայությունը նպաստում է ընտրությունների օրինական ընթացքին: Ուստի ԸՕ նախագծով առաջարկվող սահմանափակումը, որևէ հիմք չունի, արհեստական հնարված է, ու այն պետք է վերացվի: Կամ էլ ԸՕ հեղինակներն առանց չքմեղանալու կարող են պաշտոնապես հայտարարել, որ իրենք այդպիսով ցանկանում են պաշտպանել իրենց ընտրակեղծարարներին:

Հ.Գ. ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լրագրողներին առաջարկել է առարկությունները ներկայացնել իրեն:

Ուստի ցանկանում ենք նախարարին տեղեկացնել, որ «Ժողովուրդ»-ի պաշտոնական առաջարկն է 8 հոգու սահմանափակումը վերացնել, քանի որ այն անհիմն է: Պատրաստ ենք քննարկման ժամանակ ապացուցել մեր տեսակետի հիմնավորված լինելը, ինչպես նաև կառաջարկենք ոսկե միջին մի տարբերակ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20