Խաչի բեռը. Մնում է հուսալ, որ այս ամենը հավերժ չէ

- in Հրապարակ
khach xach

Իրաքում և Սիրիայում քրիստոնեական ավանդույթներն ավելի հին են, քան արևմտյան Եվրոպայում: Հենց Դամասկոսի ճանապարհին Պողոս առաքյալը անծանոթ ձայն լսեց և կուրացավ, հետո դարձի եկավ:

Սակայն վերջին 10 տարում Մերձավոր Արևելքում ընթացող անընդմեջ պատերազմների արդյունքում Իրաքի քրիստոնյաները ստիպված են զանգվածաբար լքել իրենց բնակավայրերը. քրիստոնեական համայնքների մնացորդները ապաստան են գտել Քուրդիստանում:

Սիրիայում քրիստոնյա փոքրամասնությունը ինչ-որ չափով Ասադի պաշտապանության ներքո էր գոյատևում, թեպետ այդ տեսակետը չեն կիսում Արևմուտքում: Այժմ այդ քիչ թվով քրիստոնյաները նույնպես ստիպված են լքել իրենց բնակավայրերը:

ԱՄՆ-ն ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող տարածքներում քրիստոնյաների և եզդիների հանդեպ ահաբեկիչների վերաբերմունքը ցեղասպանություն որակեց: ԴԱԻՇ-ը ոչնչացրեց Նինվեի հնամյա քրիստոնեական համայնքները, օրինականացրեց գերի կանանց և երեխաների հանդեպ բռնությունները: Սիրիայի և Իրաքի մյուս շրջաններում թեպետ քրիստոնյաների հանդեպ բռնությունները կազմակերպված բնույթ չեն կրում, սակայն չպետք է մոռանալ, որ սուննիները և շիաները, երբ դադարում են իրար ոչնչացնել հերետիկոսության համար, ունակ են միասին ոչնչացնելու քրստոնյաներին նրանց հավատի համար: Այնպես որ, քրիստոնյաները այդ տարածաշրջանը լքելու լուրջ հիմքեր ունեն:

Ո՞ւր պետք է փախչեն նրանք: Այն մտայնությունը, թե արևմտյան ռազմական միջամտությունը կամրապնդի Մերձավոր Արևելքի կայունությունը, հօդս ցնդեց Իրաք ներխուժումից հետո: Արևմուտքի, ինչպես նաև տեղական մի քանի խաղացողների, ներառյալ Ասադի ռեժիմի հանցագործ և անգիտակից գործողությունների արդյունքում պարզ դարձավ, որ Եվրոպան ինքը նույնպես կայուն և անվտանգ չէ և չի կարող ընդունել բոլոր փախստականներին: Ինչ-որ տհաճ բան կա արևմտյան առաջնորդների խաղացած թատրոնում. նրանք խրատական ճառեր են արտասանում այն մասին, որ քրիստոնեական համայնքները չպետք է լքեն իրենց բնակավայրերը՝ առանց հասկանալու, որ վտանգի մեջ հայտնված մարդիկ իրենք կորոշեն ուր մեկնել, և պետք է հարգանքով վերաբերվել նրանց ընտրությանը:

Այնուամենայնիվ, պետք է հույս ունենալ, որ այս մարդիկ խաղաղություն հաստատվելուց հետո կկարողանան վերադառնալ իրենց հայրենի օջախներ: Ամեն դեպքում, այդ տարածաշրջանում չկա որևէ տարածք, որտեղ հնարավոր լինի մեծ քանակությամբ քրիտոնյաների զանգվածաբար բնակեցնել: Նույնիսկ այն երկրներում, որտեղ բացակայում է քրիստոնյաների արտաքսումը, նրանք լավագույն դեպքում երկրորդ կարգի քաղաքացիներ են դիտվում:

Իրանում, որտեղ քրիստոնյաները խորհրդարանում երաշխավորված տեղեր են զբաղեցնում, բացակայում է «կրոնական ազատություն» հասկացությունը, և քրիստոնեություն ընդունած մահմեդականին օրենքով մահապատիժ է սպառնում: Եգիպտոսում իրավիճակը փոքր-ինչ բարելավվել է նախկին ռեժիմի անկումից հետո, որը մահմեդականներին ակտիվորեն դրդում էր բռնություն գործադրել այնտեղ ապրող հնագույն քրիստոնյա համայնքների դեմ, սակայն քրիստոնյաներն այնտեղ, այնուամենայնիվ, այսօր իրենց ապահով չեն զգում:

Մնում է հուսալ, որ այս ամենը հավերժ չէ, և որ քրիստոնյա փոքրամասնություններն այդ երկրներում կվերագտնեն իրենց արժանի տեղը հարևանների կողքին, ինչպես որ եղել է երկու հազար տարի շարունակ: Արևմուտքը շատ բան կարող է անել այդ ուղղությամբ: Անարդյունավետ և սխալ կլիներ փախստականներին օգնություն տրամադրելու հարցում առավելությունը տալ քրիստոնյաներին, միևնույն ժամանակ մենք չպետք է հաշտվենք այն մտքի հետ, որ քրիստոնյաները խտրականության են ենթարկվում փախստականների ճամբարներում:

Այն առատաձեռնությունը, որ մեր կառավարությունը ցուցաբերում է փախստականների ճամբարներին Թուրքիայում, Լիբանանում և Հորդանանում, ավելի շատ օգուտ է տալիս, քան ԴԱԻՇ-ին ուղղված աղմկալի ռմբակոծություննները: Այսպես թե այնպես, թե քրիստոնյաներին, թե նրանց հարևան մահմեդականներին և բոլոր մնացածներին նույն բանն է պետք՝ խաղաղություն, արդարություն և անվտանգ կյանք:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20