Ծիրանենին, որն իրականում ծիրանենի չէ

Այն, որ այս տարի ծիրան չենք ունենալու, իհարկե վատ է: Վատ է ոչ միայն ծիրան սիրողների համար, ոչ միայն Հայաստանից դուրս ապրողների համար, ովքեր ամեն տարի սպասում են, թե երբ է պետք է իրենց բարեկամներն իրենց ծիրան ուղարկեն, այլ նաեւ ծիրան աճեցնողների համար, ընդ որում, վերջիններիս պարագայում կապ չունի՝ ծիրան սիրո՞ղ են, թե՞ ոչ:
Ծիրանն իրենց փողն է, իսկ փող բոլորն են սիրում, նշանակություն չունի այդ փողը գալիս է ծիրանի՞ց, թե՞ օրինակ զբոսաշրջությունից: Ի դեպ, շատ հետաքրքրական կլինի պարզել, Հայաստան ժամանող զբոսաշրջիկները, մանավանդ նրանք, ովքեր առաջին անգամ չէ, որ մեր երկիր են գալիս, ինչո՞ւ են գալիս, այսինքն ամենաշատը նրանց ի՞նչն է գրավում, ավելի կոնկրետ՝ ծիրա՞նը, թե՞ մեր հինավուրց եկեղեցիները: Գուցե՝ ծիրանենինե՞րը: Պարզ է, որ այս երեքից մեկն է, քանի որ ոչ հին քաղաք ունենք, ոչ բարեհամբույր ժողովուրդ ենք, ոչ կանաչ տարածություններ ունենք. բնություն եւ եկեղեցի է մնացել, բնությունը մնացել է, որովհետեւ այդքան փող չկա, որ բոլոր տեղերում բան կառուցենք, իսկ եկեղեցին մնացել է, որ Աստուց փող խնդրենք, որպեսզի բոլոր տեղերում բան կառուցենք, հա կառուցենք, միշտ կառուցենք, մանավանդ հիմա, երբ շուտով վաստակավոր շինարարի կոչում են տալու:
Բայց մենք ինչ-որ բան չե՞նք շփոթում: Նկատի ունեմ՝ կառուցել բառի ընկալման մեջ: Երկրում, անշուշտ, շենքեր կառուցում են, բայց երկիրը շենքեր կառուցելո՞վ են կառուցում: Միա՞յն: Բա ծիրանենի՞ն, ծիրանենի տնկելը, աճացնելը երկիր կառուցել չէ՞: Հասկանալի է, որ ծիրանի աճեցնողները քաղաքաշինության հետ կապ չունեն, բայց նկարիչներն ու այսօր իրենց օրը նշող պոետները եւս այդ նախարարության եւ գործի հետ կապ չունեն, ուրեմն ի՞նչ, նկարիչն ու բանաստեղծը երկիր չե՞ն կառուցում, եթե լավն են, եւ երկիր չե՞ն կործանում, եթե վատն են ու եթե շատ են: Իմ կարծիքով երկիր կառուցում են բոլորը, ովքեր աշխատում են այդ երկրում: Օրինակ Մոնղոլիայում մոնղոլական երկիրը կառուցում է եւ այդ երկրի նախագահ Ցախիագիյն Էլմեգդորժը, եւ դաշտերում ոչխար արածեցնող մոնղոլ իգիթ Չինգիզը, ում այդպես են անվանել ի պատիվ՝ իրենց ժողովրդի մեծագույն խանի, հույսով, որ տղան ամբողջ կյանքում ոչխար չի պահի: Բայց եթե անգամ պահի, եթե անգամ ամբողջ կլյանքում նա էլ, իր որդին էլ իր թոռն էլ ոչխար պահեն, դրանով իսկ երկիր կկառուցեն, Էլմեգդորժին հավասար:
Այնպես, որ ծիրանենի տնկելով երկիր ենք կառուցում, ուրեմն դրանից պետք է շատ տնկել: Առաջարկում եմ նաեւ Երեւանում տնկել, հենց փողոցներում, մայթերին. Ծիրանի երկիր ենք չէ՞, մեր խորհրդանիշներից մեկն է չէ՞…Պատկերացնում ե՞ք, գարնան այս օրերին, ամբողջ քաղաքի մայթերը՝ աջից ձախից ծաղկած ծիրանենիներ են: Երեւան ժամանած զբոսաշրջիներն էլ դրանց ֆոնին նկարվում են, ինչո՞ւ հենց դրանց ֆոնին, ոչ թե շենքերի՞, որովհետեւ այդ շենքերից իրենց քաղաքներում էլ կա, բայց իրենց քաղաքներում ծիրանենի չկա: Ու կստացվի այնպես, որ զբոսաշրջիկները Երեւան են գալիս՝ հանուն ծիրանենիների. գարնանը, որ տեսնեն, թե ինչ հրաշք է ծաղկած ծիրանեինին, ամռանը, որ Ոսկե Ծիրան փառատոնի ֆիլմերը նայելու ընթացքում փորձեն, թե ի՞նչ համեղ է դրա պտուղը: Եթե, իհարկե, պտուղը մնա, թողնեն, որ մնա: Հասկանալի է, որ քաղաքի մայթերին ծիրանենիներ տնկելը ամբողջովին կհարվածի ցոգոլ վաճառողների գործին, եւ գուցե նրանք բողոքի ակցիա սկսեն՝ քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով հանել ծիրանենիները: Բայց անգամ այդ ցույցը գեղեցիկ կլինի, քանի որ ծիրանենիների քաղաքում այդ ծառերի ֆոնին ցանկացած ցույց էլ գեղեցիկ կլինի:
Մենք գեղեցիկ քաղաքում կապրենք, իսկ երբ մարդիկ նման քաղաքներում են ապրում, իրենք էլ մի քիչ գեղեցկանում են: Ոչինչ, որ եղանակը կցրտի եւ ոչ միայն Արմավիր-Արարատ մարզերի, այլեւ Երեւանի մայթերի ծաղկած ծիրանենիները պտուղ չեն տա, բայց երեւանյան ծիրանենիները պտուղ տալու համար էլ չեն, նրանք գեղեցկության համար են, որ մեր քաղաքը գեղեցիկ կոչվի, գեղեցիկ հիշվի եւ, քանի որ արդեն վաղուց վարդագույն չէ, ծիրանագույն դառնա:
…Գուցե բնությունն էլ տեսնի որ մենք հոգ ենք տանում նրա մասին եւ այլեւս երբեք այսպես չպատժի՞, չէ՞ որ հիմա պատժում է, որովհետեւ մենք երկիր կառուցելը ճիշտ չենք ընկալում, իսկ երկիրը շենքերը չեն, որտեղ պատսպարվում ենք, որ չմսրենք, եկեղեցին էլ չէ, որտեղ աղոթում ենք, որ ցուրտը աղետաբեր չլինի. երկիրը ծիրանենին է, որը տնկում են՝ անգամ, երբ ցուրտ է, մանավանդ, երբ ցուրտ է, քանի որ հակառակը հանձնվել է:
Ծիրանենին էլ իրականում ծիրանենի չէ, այլ մեր յուրաքանչյուրիս գործն է:
Հովիկ ԱՖՅԱՆ; Ֆեյսբուք
Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20