Կարևոր փոփոխություններ` պատճառված ոչ նյութական վնասի հատուցման կարգում և պայմաններում

Dram

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով փոփոխություններ են կատարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում: Իրավաբան.net–ը շարունակում է քաղաքացիներին իրազեկել ՀՀ օրենսդրության փոփոխությունների մասին:

Ստորև ներկայացնում ենք հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման կարգի և պայմանների մասով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխություններն ու լրացումները:

Մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն.

Հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման եղանակը, հիմքը և չափը որոշվում են սույն հոդվածին և քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածին  (Ոչ նյութական վնասի հասկացությունը և դրա հատուցումը) համապատասխան: Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ հատուցման ենթակա գույքային վնասից:

Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից:

Ոչ նյութական վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Եթե քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածով սահմանված հիմնարար իրավունքը խախտվել է տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից, ապա ոչ նյութական վնասը հատուցվում է համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին:

Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան:

Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի է առնում ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20