Կրթական խնդիրների մասին համատեղ լուծումներ փնտրեցին ու հիշեցին ԿԳ նախարարի ծնունդը

- in Կրթություն
Levon Mkrtchyan

Հայտնի  է, որ կրթական ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք համալիր մոտեցում և լուծում են պահանջում: Կրթության և դաստիարակության կարևորությունը բոլորն են գիտակցում: Իր ստեղծման և գործունեության ընթացքում առկա խնդիրներին անդրադարձող և լուծմանը միտված քայլեր ձեռնարկող «Դպրոց-կենտրոնների միություն»-ը այսօր կազմակերպել էր համաժողով, որին մասնակցում էին կրթական ոլորտի մի շարք պատասխանատուներ՝ ԿԳ նախարար Լևոն ՄԿրտչյանի գլխավորությամբ, նաև` դպրոցների  տնօրեններ:

Մայրաքաղաքի և մարզերի դպրոցների տնօրենների  հարց-կարծիքները բազմաթիվ էին, որոնք ուղղված էին ԿԳ նախարարին: Դրանք վերաբերում էին` և´ քննական թեստերի նույնությանը, և´ ուսուցիչների սոցիալական խնդիրներին: Ըստ այդմ՝ սոց.փաթեթում ընդգրկված ուսուցիչները շատ գերծանրաբեռնված են, հատկապես՝ ավագ դպրոցում:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն անդրադառնալով հարցին՝ եզրակացրեց, որ կրթության որակի վրա ազդող ամենամեծ գործոնը սոցիալականն է. «Պիտի կարողանանք լուծում գտնել»: Իսկ ինչ վերաբերում է ավագ դպրոցին, ապա. «Պետք է ավագ դպրոցի ծրագրի ձևաչափն արմատապես փոխել: Եթե մեկը գնում է բնագիտական հոսք, պիտի դառնա ֆիզիկոս, պիտի կարողանա մնացած բոլոր առարկայախմբերը ամփոփել մի փաթեթի մեջ, ունենա ընդհանուր զարգացվածություն և մտածողություն»:

Համաժողովին ներկա Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը տպավորված էր տնօրենների ելույթներից: Նա առաջնային և կարևոր համարեց կրթության ազգային առանձնահատկությունները՝ չանտեսելով նաև միջազգային փորձը: Ըստ նրա, կարևոր է երկրի իրավիճակային առանձնահատկությունը: Որպես հաջող օրինակ՝ Ռուբեն Միրզախանյանը մատնանշեց Ֆինլանդիայի փորձը, երբ առկա է հաջողություն, քանի որ հաշվի են առնված ազգային առանձնահատկությունները: Խոսելով խնդիրներից՝ նա ընդգծեց այն խնդիրը, որ լավագույն աշակերտները Մանկավարժական համալսարան չեն դիմում: Դա հասկանալի է, քանի որ ֆինանսականի խնդիրը կա, արական սեռի համար՝ առավել ևս:

Տնօրեններն անդրադարձան ուսուցչի սոցիալապես պաշտպանված չլինելուն, իսկ հաճախ էլ, կարիքի համար, սոց.փաթեթի վաճառելու դեպքերին: Ըստ հնչած կարծիքի, ուսուցիչը  ծանրաբեռնված է ավելորդ թղթաբանությամբ, իսկ մարզերի ուսուցիչների վիճակը ծանր է: Դպրոց գալիս են  չսովորող աշակերտներ, բայց ուսուցիչը ստիպված պահում է, քանի որ գործում է աշակերտների թվով ֆինանասավորվող համակարգը: Եվ այս ամենի արդյունքում մանկավարժի  հեղինակությունն է ընկնում: Ի դեպ, նշվեց նաև, որ երբեմն դասագիրքը և ծրագիրը ունենում են հակասություններ:

Տնօրեններից մեկը խոսեց դպրոց – ծնող համագործակցության մասին: Նա կարևորեց մանկավարժի այցելությունը տվյալ աշակերտի ընտանիք, որովհետև գուցե ընտանիքում է խնդիրը, իսկ ընտանիքի հետ շփման արդյունքում երեխան ավելի վստահ դպրոց կգա: Ըստ տնօրենի մտահոգության, հաճախ համապատասխան առարկայի դասավանդման համար դժվար է գտնել մասնագետ, մասնավորապես՝ երգի դասի համար, որովհետև Կոնսերվատորիան ավարտած անձը չի կարող դասավանդել, քանի որ մանկավարժի որակավորում չի ստացել: Խոսվեց նաև ուսուցչի թափուր տեղերի մասին: Տնօրենի հնչեցրած խնդիրներից  է, որ հաճախ ուսուցչի թափուր տեղի համար հայտարարվում է մրցույթ, և ստիպված են լինում այլ առարկայի մասնագետ նշանակել, որպեսզի ժամանակավորապես աշխատի:

Կիսելով մի շարք տնօրենների տարաբնույթ կարծիքները և ներկայացնելով իր տեսակետը ևս, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը շեշտեց, որ անհրաժեշտ է վերանայել կրթության ծրագրերը: Նա առաջարկեց կազմակերպել հանդիպումներ, ստեղծել համապատասխան հանձնաժողովներ: Լևոն Մկրտչյանը խոսեց նաև  մագիստրատուրա և բակալավր կրթական աստիճանների մասին ևընդգծեց, որ պիտի ուժեղանա մագիստրանտական կրթությունը:

Մատնանշված խնդիրներից մեկն էլ դպրոցներում էլեկտրոնային մատյանների առկայությունն է, որը և´ ժամանակ է խլում ուսուցչից, և´ լինում են մեխանիկական սխալներ: Նրանց կողմից  առաջարկ եղավ բյուրոկրատական քաշքշուկից և թղթաբանությունից  ազատել ուսուցչին:

Ruzanna MuradyanԱզգային ժողովի պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միության» նախագահ Ռուզան Մուրադյանն անդրադարձավ թեստավորման և վարկանիշավորման մասին իր կողմից՝ Ազգային ժողովում հնչեցրած խնդրին: Ի պատասխան՝ Լևոն Մկրտչյանն ասաց, որ կան բացթողումներ այս գործընթացում ևս, քանի որ դպրոցների համակարգում նոր խնդիրներ կարող է ստեղծել, և այն անպայման պետք է վերանայել: Շարունակելով խոսքը՝ ԿԳ նախարարը նշեց, որ, օրինակ, ֆիզմաթ դպրոցների ցանկը վարկանիշավորման կարիք չունի, խորհրդային միությունից իր վարկանիշը ստեղծել է: Ի դեպ, տնօրեններից մեկը խոսեց «Դպրոց-կենտրոնների միության» մշակած հաջող փաթեթի մասին:

Վերջում` Լևոն Մկրտչյանի ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ – նվեր էր պատրաստել «Դպրոց-կենտրոնների միությունը», որը սիրով հանձնեցին ԿԳ նախարարին: Վերջինս էլ` ավելորդ համեստությամբ անկեղծացավ, թե հանդիպումը կազմակերպելիս մոռացել էր այդ մասին:

Մարիամ Միրզոյան

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20