ՀԱԿ-ի եւ ՀԺԿ-ի հայտարարությունը Ընտրական օրենսգրքի նախագծի կապակցությամբ

- in Հասարակություն
hak

Հայաստանի հասարակության, քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, հայաստանյան և միջազգային (մասնավորապես` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունների համընդհանուր կարծիքով հայաստանյան ընտրությունների գլխավոր արատներն են.

ՀՀ-ից բացակայող քաղաքացիների և այլ անձանց փոխարեն բազմակի քվեարկությունը, ընտրակաշառքը, լցոնումները, ընտրողների ահաբեկումը, նրանց կամարտահայտման վրա անօրինական ազդեցությունը, վարչական ռեսուրսի, պաշտոնեական դիրքի և պետական լծակների օգտագործումը, անպատժելիությունը (ընտրական հանձնաժողովների, ոստիկանության, դատախազության և դատարանների կողմից իրենց գործառույթները չկատարելը), բողոքարկման համակարգի անկատարությունն ու փաստացի չգործելը:

Ընտրությունից ընտրություն կատարելագործվող ընտրակեղծարարության մեքենան սպառնում է վերջնականապես վերացնել ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանություն ձեւավորելու ժողովրդի իրավունքը: Այն վերացնում է ընտրական գործընթացների նկատմամբ չնչին վստահությունն անգամ, հասարակությանը գցում է հուսալքության, անելանելիության, այլընտրանքի բացակայության, ծայրահեղ միջոցների դիմելու անխուսափելիության զգացման մեջ: Կործանարար այս ընթացքը հնարավոր է կանխել կա¢մ իշխանության կամքի առկայության դեպքում, կա¢մ ընդդիմության և քաղաքացիական հասարակության համախմբմամբ՝ ընտրական մեխանիզմներում կեղծարարության համար հնարավոր բոլոր սողանցքերը փակելու և ընտրական գործընթացը վերահսկելու խնդրի շուրջ:

2015թ.-ի դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի քարոզչության փուլում Հայաստանի իշխանությունները հավաստիացնում էին, որ քննարկման են ներկայացնելու Ընտրական օրենսգրքի մի նախագիծ, որն արմատապես փոխելու է վիճակը և դուռ է բացելու դեպի լիակատար ժողովրդավարություն:

Սակայն, խախտելով իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի պահանջները, այժմ իշխանությունը հրապարակեց հույժ գաղտնի պայմաններում մշակված Ընտրական օրենսգրքի նախագիծը, կամ, ըստ էության, իշխանության ապօրինի վերարտադրության մտադրությունների մասին հռչակագիրը:

Հրապարակված նախագծի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

1. Քննարկման ներկայացված փաստաթղթով լուծումներ չեն տրվել Հայաստանի ընտրական համակարգի` վերը թվարկված արատներից և ոչ մեկին, հաշվի չեն առնվել այդ ուղղությամբ ընդդիմության, քաղաքացիական հասարակության և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ արված առաջարկությունները:

2. Նախագծում տեղ են գտել դրույթներ, որոնք ակնհայտ նահանջ են ժողովրդավարությունից, նույնիսկ գործող օրենսգրքի համեմատությամբ: Մասնավորապես.

ա) էապես սահմանափակված են հասարակական վերահսկողության մեխանիզմները. կրճատված են դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և վստահված անձանց լիազորությունները (հոդվածներ 30,31,32,34), ինչը զգալիորեն դյուրացնում է լցոնումների և ընտրությունների արդյունքները կեղծելու հնարավորությունը,

բ) ներմուծվում է տեղամասի կտրվածքով <ընտրողների էլեկտրոնային հաշվառում>, ինչը, բացառելով կենտրոնացված բազայի հաշվառման տվյալների հիման վրա մատնահետքով ընտրողների նույնականացման հնարավորությունը, ընդամենը ընտրակեղծարարության քողարկման միջոց է, քանի որ ոչ միայն չի կանխարգելում կրկնակի քվեարկությունը, այլ ընդհակառակը՝ կանաչ լույս է վառում կրկնաքվեարկություն իրականացնող, այսպես կոչված <շրջիկ բրիգադների> համար (հոդվածներ 66,67),

գ) հիմնովին ձևախեղվում է համամասնական ընտրակարգի էությունը, իսկ համամասնականի քողի տակ հասարակությանը հրամցվում է մի համակարգ, որտեղ Ազգային ժողովի պատգամավորների կեսն իրականում ընտրվում է մեծամասնական ընտրակարգով (հոդվածներ 84,95), ինչը էական հետընթաց է գործող օրենսգրքի համեմատությամբ և բազմապատկում է ընտրական գործընթացների վրա վարչական և ֆինանսական ռեսուրսի ազդեցությունը,

դ) զգալիորեն ավելացվում է ֆինանսական ցենզի՝ ընտրական գրավի և նախընտրական հիմնադրամների ծախսերի շեմը, ինչը ընդլայնում է իշխանության ձևավորման հարցում օլիգարխիկ համակարգի ազդեցության հնարավորությունը (հոդվածներ 83,92),

ե) խոշորացված ընտրատարածքների պարագայում հիմքեր են ստեղծվում մի քանի անգամ նվազեցնելու, կամ սահմանափակելու ընտրությունների արդյունքները բողոքարկելու հնարավորությունները (հոդված 36):

3. Ռեժիմի մտադրությունների մասին սույն հռչակագիրը վկայում է, որ հասարակությունը գործ ունի ոչ թե Ընտրական օրենսգրքի, այլ՝ ընտրակեղծարարության մեքենան կատարելագործելու և օրենսդրորեն ամրապնդելու, խորհրդարանական համակարգի շղարշով պարուրված՝ երկրում միակուսակցական համակարգ կամ միահեծան իշխանություն հաստատելու՝ Սերժ Սարգսյանի հանցավոր ծրագրի հետ: Այս ծրագրի սկիզբը դրվեց կեղծ <սահմանադրական փոփոխություններով> և ավարտին պետք է հասցվի 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններով: Այն սպառնում է խարխլել երկրի անվտանգությունը, ներքին կայունությունը և փակում է զարգացման հեռանկարը:

4. Հայ Ազգային Կոնգրեսը մերժում է հանցավոր նպատակներ հետապնդող այս նախագիծը, անընդունելի է համարում հակաժողովրդավարական նոր դրույթների ներմուծումը և պնդում է, որ Հայաստանում իրական ընտրական համակարգ հաստատելու նպատակով անհրաժեշտ է նախևառաջ՝

– Մաքրել ընտրացուցակները: Այդ նպատակով ընտրողների ռեգիստրում (հետևաբար՝ նաև ընտրացուցակներում) սահմանել առանձնացված հաշվառում Հայաստանում մշտապես բնակվող և հանրապետությունից երկարաժամկետ (վեց ամսից ավելին) բացակայող քաղաքացիների համար: Հայաստանից վեց ամսից ավելի ժամկետով բացակայող քաղաքացիների քվեարկության իրավունքի իրացման համար նախատեսել առանձին ընթացակարգ,

– Հրապարակել ընտրություններին մասնակցած անձանց կողմից ստորագրված ցուցակները, դրանք հասանելի դարձնել ստուգումների համար` որպես ապացուցողական նշանակություն ունեցող նյութեր,

– Քվեարկության օրը տեղամասային կենտրոնները և տեղամասային կենտրոնին հարող` մինչև 50 մ. շառավղով տարածքը տեսանկարահանել ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով, ինչը բոլոր ցանկացողներին հնարավորություն կտա հատուկ ստեղծված կայքի միջոցով ուղիղ հեռարձակմամբ հետեւել տեղամասերում ընթացող քվեարկությանն ու հաշվարկին: Տեսանկարահանված նյութերը պետք է դառնան ընտրական փաստաթուղթ,

– Բազմակի քվեարկության բացառման նպատակով կիրառել մատների թանաքոտման հուսալի մեխանիզմ:

5. Մենք կոչ ենք անում ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին և քաղաքացիական հասարակությանը՝ մերժել Սերժ Սարգսյանի սույն հանցավոր ծրագիրը և միավորվել Հայաստանում իրական ժողովրդավարություն հաստատելու նպատակի շուրջ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20